Մատվիենկոյին «զայրացրել» է Ալեն Սիմոնյանի ելույթը․ ԱԺ գրավոր հարցում կուղարկեն

Մատվիենկոյին «զայրացրել» է Ալեն Սիմոնյանի ելույթը․ ԱԺ գրավոր հարցում կուղարկեն

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն սենատորներին հանձնարարել է պատրաստել և Հայաստանի խորհրդարան ուղարկել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների հետ կապված» հարցումը։

Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։ Ըստ այդմ, Իսպանիայում ԵՄ խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը, իբր, հայտարարել է՝ «հաշվի առնելով, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումն ու մերձավորարևելյան հակամարտությունն է, ցանկանում եմ հաստատել, որ Հայաստանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

«Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց ուղղել՝ ո՞ւմ անունից է նա նման պատմություններ հնչեցրել։ Իհարկե ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը դարավոր բարեկամություն ունի։ Մենք չենք կարող անտեսել այս կարգի ռուսաֆոբ ելույթը։ Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարան՝ հարցնելու, թե ու՞մ անունից է նա խոսել և արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը կիսում է այս հանդիպման ժամանակ հնչած գնահատականները»,- ասել է Մատվիենկոն։

Նա հույս է հայտնել, որ երկրի խորհրդարանը նույնպես խոսնակին կհարցնի, թե «ո՞վ է իրեն իրավունք տվել նման բառամթերքով խոսել Հայաստանի անունից, նաև գնահատական ​​կտրվի»։

«Մեր գործընկերոջ համար ուղղակի ամոթ է, որ նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ընդգծել է Վալենտինա Մատվիենկոն։

Ռուսական ԶԼՄ-ները հավելել են, որ Ալեն Սիմոնյանի ելույթի թեման այսօր Դաշնային Խորհրդի լիագումար նիստում բարձրացրել է կառույցի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։ Նրա կարծիքով, ՀՀ ԱԺ խոսնակի հայտարարությունը ոչ բարեկամական տոնով է արվել։