Ուկրաինայի ողջամիտ քաղաքացիները ցանկանում են հաղթանակ Ռուսաստանի նկատմամբ, այլ ոչ թե շտապ ընտրություններ

Ուկրաինայի ողջամիտ քաղաքացիները ցանկանում են հաղթանակ Ռուսաստանի նկատմամբ, այլ ոչ թե շտապ ընտրություններ

Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում․ մեր զրուցակիցն է ուկրաինացի քաղաքագետ, Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի գործադիր տնօրեն Եվգենի Մագդան։

- Զելենսկին փարատեց շրջանառվող լուրերը՝ ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի պաշտոնանկության մասին, ասաց, որ նման մտադրություն ունի, սակայն խոսքը կառավարության ռոտացիայի մասին է։ Սա ցնցումներ չի՞ առաջացնի պատերազմող երկրում, եւ որքա՞ն կտեւի գործընթացը։

- Չէի ասի, թե Զելենսկին փարատել է շրջանառվող լուրերը, ավելի շուտ՝ նա հաստատել է Զալուժնիին աշխատանքից հեռացնելու իր հին մտադրությունը։ Կարծում եմ, որ այս ցանկությունը նախագահի աշխատակազմի եւ ԶՈՒ գլխավոր հրամանատարի միջեւ քաղաքական խանդի արդյունք էր, իսկ Զալուժնին այսօր ամենահայտնի մարդն է Ուկրաինայում։ Կարծես խնդիրը նաեւ այն է, որ նա անհատականություն է՝ ինքնուրույն, էքստրաօրդինար մարդ, ռուսական ագրեսիայի դեմ պայքարում ուկրաինացի պաշտպանների հաջողությունների խորհրդանիշը։ Հարկ է նշել, որ նախագահն օրինական իրավունք ունի պաշտոնանկ անել գլխավոր հրամանատարին (պաշտպանության նախարարի առաջարկությամբ), բայց ես այս քայլում քաղաքական նպատակահարմարություն չեմ տեսնում։ Ուկրաինայի համար այսօր համախմբումը շատ ավելի կարեւոր է, քան ամբիցիաների շքերթը։

- Նա նաեւ նշել է, որ Ուկրաինային «ռեսթարթ» է պետք, եթե երկիրն ուզում է հաղթել` չհանձնվել։  ԶԼՄ-ներում խոսվում է նաեւ ՊՆ գլխավոր շտաբի պետի հնարավոր պաշտոնանկության մասին։ Ուրիշ ի՞նչ անուններ են հոլովվում։

- Շատ փոփոխություններ կարող են լինել։ ԳՇ պետ Սերգեյ Շապտալան Զալուժնիի զինակիցն է, Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարն ունի նաեւ տեղակալներ։ Չեմ կարծում, որ ուժային կառույցների մյուս ղեկավարներն էլ իրենց վստահ են զգում այս իրավիճակում։ Հարցն այն է, թե ինչ արդյունքի կհանգեցնեն նման վերադասավորումները, եթե դրանք հիշեցնեն մանկական пятнашки խաղը: Զալուժնին, ինչպես ասացի, դարձել է ուկրաինական դիմադրության փաստացի խորհրդանիշ, ո՞րն է նրա փոխարինման թաքնված իմաստը։

- Զալուժնիի հավանական փոխարինողը ՊՆ հետախուզության պետ Կիրիլ Բուդանովն է, ով, ըստ լուրերի, վերջին պահին հրաժարվել է այդ պաշտոնից։ Նրա նշանակումը հավանական համարո՞ւմ եք։

- Ուկրաինայում կա գեներալների մի ամբողջ խումբ, որոնք մարտական փորձ են ձեռք բերել ռուսների դեմ մարտերում 2014-ից։ Բուդանովը, թերեւս, դրանցից ամենահրապարակայինն է, բայց միանշանակ առավելություն ունի մյուսների նկատմամբ։ Այսօր նա այնտեղ է, որտեղ ավանտյուրիզմ է պահանջվում, բայց Ուկրաինայի՝ գրեթե միլիոնանոց պաշտպանության ուժերը կառավարելն այլ որակներ են պահանջում։

- Վիտալի Կլիչկոն կրկին պաշտպանել է Զալուժնիին՝ դեմ արտահայտվելով նրա հրաժարականին եւ իշխանություններին կոչ անելով դադարեցնել քաղաքական ինտրիգները, քանի որ հասարակության ներսում վստահության լուրջ ճաքեր կան։ Իսկ ինչպիսի՞ն է ուկրաինական հանրության արձագանքն այս ամենին։ 

- Վիտալի Կլիչկոն սիրված քաղաքական գործիչ է, բայց Ուկրաինայում մեկ քաղաքական գործչի խոսքը միշտ չէ, որ նշանակություն ունի։ Կլիչկոն, խոսելով ի պաշտպանություն Զալուժնիի, լուծում է իր խնդիրները, քանի որ պատերազմի պայմաններում պետական իշխանությունը ձգտում է նվազեցնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, որոնց ոչ ֆորմալ առաջնորդ Կլիչկոն համարում է իրենը։

- Նախկինում էլ Կիեւի քաղաքապետը պաշտպանել էր Զալուժնիին, երբ վերջինիս խոսքերը` ռազմաճակատում փակուղային իրավիճակի մասին, քննադատության թիրախ էին դարձել։ Նույն Rai1-ում Զելենսկին խոստովանեց տառացիորեն նույնը՝ ռազմաճակատում պատային դրություն է։ Աբսուրդ չէ՞, որ նա ուզում է ազատվել մի կադրից, որին ժամանակին քննադատում էին նույն կարծիքի համար։

- Ուկրաինական հասարակության մեջ չկա հստակ պատկերացում, թե ինչու պետք է Զալուժնիին պաշտոնանկ անել: Վլադիմիր Զելենսկին, ինձ թվում է, մտահոգված է, որ մայիսի 20-ին կլրանան իր լիազորությունները` որպես պետության օրինական ղեկավարի։ Բայց այսօր Ուկրաինայում ցանկացած ողջամիտ քաղաքացի ցանկանում է հաղթանակ Ռուսաստանի նկատմամբ, այլ ոչ թե ամեն գնով շտապ ընտրություններ։

- Բելգորոդի մարզում կործանվեց Իլ-76 ինքնաթիռ, որում ուկրաինացի 65 ռազմագերիներ էին ու նրանց ուղեկցող ՌԴ ներկայացուցիչները։ Կիեւն ու Մոսկվան փոխանակվեցին մեղադրանքներով․ Ռուսաստանը պնդեց, թե ուկրաինական կողմը տեղեկացված էր, որ ինքնաթիռում փոխանակման նպատակով տեղափոխվող ուկրաինացի ռազմագերիներ էին։ Կիեւը հերքեց դա` միջազգային հետաքննություն պահանջելով։ 

- Ես ոչ մի օբյեկտիվ հաստատում չունեմ, որ Իլ-76-ում մի քանի տասնյակ մարդ է եղել։ Ռուսաստանը թույլ չտվեց միջազգային փորձագետներին, սակայն ինքնաթիռի կործանումից հետո առաջին ժամերին ուղղակի ռմբահարեց տեղեկատվական տարածքը ուկրաինացի գերիների մահվան մասին հաղորդագրություններով։ Նման բան արդեն տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 2014 թ. ամռանը ռուսական Բուկ-ը Դոնբասի երկնքում խոցեց Boeing 747-ը: Ռուսաստանը շահարկում է ռազմագերիների ճակատագիրը, ինչն ինքնին ռազմական հանցագործություն է։

- Ի դեպ, Պենտագոնի նախկին աշխատակիցներից մեկը եւս պնդում է, որ Իլ-76-ի կործանումն ուկրաինական կողմի արածն է, դա կարող էր նախաձեռնել Բուդանովը՝ նույն Զալուժնիի վրա մեղքը գցելու եւ նրա պաշտոնին հասնելու տրամաբանությամբ։ Ի՞նչ կասեք։

- Եթե այդ անձի անունը գնդապետ Մաքգրեգոր է, ապա սա Կրեմլի ազդեցության գործակալ է։ Անհեթեթություն չեմ մեկնաբանում, կներեք։

- Ոչ միայն նա․ նման վարկած շրջանառել է նաեւ ԱՄՆ պաշտպանության նախկին փոխնախարար Սթիվեն Բրայանը։ Նման բան գրեցին մի շարք եվրոպական ԶԼՄ-ներ, այդ թվում՝ սերբական Politika թերթը։

- Միեւնույն է, դրանք ոչ մի նշանակություն չունեն։