«Հրապարակ». Լավ, առաջին տարին էին անփորձ, երկրորդ, երրորդ, չորրորդ, բա հետո՞

«Հրապարակ». Լավ, առաջին տարին էին անփորձ, երկրորդ, երրորդ, չորրորդ, բա հետո՞

Երկրում շատ ինստիտուտներ են այս տարիներին քայքայվել, ոչնչացվել: Ամենաաղետալի վիճակում գտնվողներից մեկը գյուղատնտեսության ոլորտն է,  գյուղացին մեն մենակ է մնացել իր հոգսերի հետ: Նրան ոչ ոք չի աջակցում հողը մշակելու, անասուն պահելու, ոռոգման, պարարտանյութ, սերմացու, վառելիք տրամադրելու, արտադրածն իրացնելու հարցերում: Փոխարենը` իշխանությունն ամեն օր մի օրենք է ընդունում` բարդացնելով նրա կյանքը՝ սպանդանոցների մասին, հարկերի հետ կապված: Նախօրեին Գեղարքունիքի ֆերմերներն էին դուրս եկել փողոց` տոննաներով նեխող կարտոֆիլը, կաղամբը չիրացնելու հետ կապված: Եվ կառավարությունը որեւէ կերպ չի օգնում գյուղացուն, հակառակը` մոտ 5 տարի առաջ վերացրեց գյուղատնտեսության նախարարությունը, եւ գյուղին առնչվող գործառույթները հիմա իրականացնում է էկոնոմիկայի նախարարության մեկ-երկու վարչություն։ Եվ քանի որ մենք արդյունաբերական երկիր չենք, այլ շատ ավելի գյուղատնտեսական` այս ոլորտին պետք է մեծ ուշադրություն դարձվեր, ինչը չի արվում: Այս թեմաներով զրուցել ենք ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ:

- Ինչո՞ւ է գյուղատնտեսության ոլորտը մեզանում այս վիճակում: Մարդիկ շարունակ խոսում են, որ եթե գյուղատնտեսության նախարարությունն այս իշխանությունները չփակեին, ոլորտն այս աստիճան չէր գահավիժի, առնվազն կազմակերպչական որոշ հարցեր կլուծվեին:

- Հիմա եթե անգամ լիներ նախարարությունը, խնդիրներ կլինեին: Կլինեին, որովհետեւ, եթե ձախողումը կապված է ընդհանուր քաղաքականության եւ տնտեսության հետ, այդ խնդիրները լինելու էին, անկախ նրանից՝ կա՞ գյուղատնտեսության նախարարություն, թե՞ չկա, քանի վարչություն ունի եւ այլն: Խնդիրը համակարգային է: Եթե նույնկերպ պետք է կառավարվեր, եթե խնդիրներին նույն ձեւով պետք է մոտենային, ապա ամեն ինչ կլիներ նույնը, ոչ մի փոփոխություն:

- Զոլաքար գյուղի ֆերմերները մեզ հետ զրույցում նշում էին, որ տոննաներով կարտոֆիլը, կաղամբը նկուղներում նեխում են, իսկ կառավարությունը ոչ մի քայլ չի անում:

- Եկեք Զոլաքարը դիտարկենք որպես ընդհանուր պատկեր: Բոլոր համայնքների անունները եկեք դնենք Զոլաքար: Եթե զոլաքարցիները նման խնդիր են բարձրացնում, ուրեմն իմացած եղեք, որ նույն պատկերը նաեւ իրենց հարեւան` Վերին Գետաշենում է, Վարդենիսի մնացած գյուղերում, Շիրակի, Կոտայքի մարզերում, ամենուր: Այնպես չէ, որ խնդիրը միայն այդ մի գյուղում է: Վաղը կլսենք գարնանացանի խնդիրների մասին, մյուս օրը՝ պարարտանյութի, ոռոգման ջրի եւ այլն: Այսպես ամեն օր խնդիրներն ավելանում են, ու վատն այն է, որ առանձին-առանձին են խոսում խնդիրների մասին, ոտքի չեն կանգնում, միահամուռ ասեն` չի կարելի այսպես, կանգ առեք: Մեր ժամանակներում էլ կային խնդիրներ, բայց այդ խնդիրները շատ արագ լուծվում էին, օրինակ` պաշտպանության նախարարության միջոցով: Գնումը միանգամից կազմակերպում էին, իմանում էին՝ բանակի համար է, միանգամից ամենաորակովը մատակարարում էին, դեռ մի բան էլ ավել: Հիմա բացարձակ ոչինչ չեն անում, չկա նման բան:

- Բայց եթե լիներ գյուղատնտեսության նախարարություն, գուցե գոնե տեսականորե՞ն լուծվեին այդ հարցերը:

- Ենթադրենք՝ այսօրվա նախարարներից մեկը գյուղատնտեսության նախարար է, ի՞նչ պետք է փոխվի, եթե նա իրենցից մեկն է: Ընդհանուր քաղաքականությունն ի վնաս երկրի եւ ժողովրդի է:

- Հայաստանն արդյունաբերական երկիր չէ, ո՛չ նավթ ունի, ո՛չ ծով ունի, ինչո՞վ է պայմանավորված, որ գյուղատնտեսության ոլորտն այսպես ձախողում են:

- Առաջ ձախողում ասում էին այն ժամանակ, երբ տարին լինում էր երաշտային, սակավաջուր, երբ առատ կարկուտ էր տեղում, ցրտահարություն էր լինում եւ այլն: Ձախողում էր դիտարկվում այն, որ ոլորտն իր աշխատանքը նորմալ անում էր, բայց բնակլիմայական պատճառներով խնդիրներ էին առաջանում: Հիմա ձախողված է ոլորտը, որովհետեւ քաղաքականություն չկա ու չի էլ մշակվում, քնում, արթնանում են, ում ինչ պետք է` անում են, առանց որեւէ հետեւանքի մասին մտածելու: Արդյունքն էլ սա պետք է լիներ: Նույն պատկերն Ազգային ժողովում է, բազմաթիվ «հրաշալի» նախագծեր են հաստատում, բայց ոչ մեկի մտքով չի անցնում, որ գյուղատնտեսության հանձնաժողով կար, որն աշխատող հանձնաժողով էր: Լավ, առաջին տարին էին անփորձ, երկրորդ, երրորդ, չորրորդ, բա հետո՞: Չե՞ն ուզում ի վերջո մի բան հասկանալ: Չեն ուզում եւ վերջ: Դուք հիմա ինչ հարց էլ տաք, պատասխանները պետք է լինեն այսպիսին, ամեն ինչ ձախողված է, որովհետեւ չկա քաղաքական ծրագիր: Կործանված է: Եղած թվերն էլ կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը, ոչ մի թիվ:

- Իսկ առաջ` Ձեր ժամանակ, ինչպե՞ս էր:

- 2015-2016 թվականներին գյուղատնտեսության համախառն ցուցանիշը եղել է մեկ տրիլիոն 212 միլիարդ 600 միլիոն, դե համեմատեք այսօրվա հետ: Կեսից պակաս, այն էլ իրական թվեր չեն, դրանք էլ են կեղծ: Ռեալը չկա: Ոչինչ ժամանակին չի մթերվում, ցորենն արտադրվում է, բայց չկա իրացում: Որն ուզում եք, գնացեք ստուգեք: Ցանկացած խանութ մտեք, տեսեք ինչ գներով են գյուղմթերքը վաճառում: Երբ նույն զոլաքարցին ասում է, որ կարտոֆիլը 80 դրամ է, որը գրեթե ինքնարժեքն է, ինչո՞ւ է խանութում վաճառվում 180 եւ ավելի դրամով: Ում ասես՝ հարկային արտոնություն են տալիս, թող իրացման մասին էլ մտածեն: Կարծես հատուկ ցուցում լինի, որ հանկարծ գյուղմթերքը չէժանանա: