Գողություն՝ օրը ցերեկով. Ահազանգում են Հանրապետության նրբանցքի Ա հասցեի բնակիչները

Գողություն՝ օրը ցերեկով. Ահազանգում են Հանրապետության նրբանցքի Ա հասցեի բնակիչները

Ֆեյսբուքի իր էջում Նիկոլ Փաշինյանին, Տիգրան Ավինյան, Ալեն Սիմոնյանին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, Երևանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանին ուղղված հրապարակում էր արել Գայանե Սողբաթյանը ու տեսանյութ հրապարակել: Մասնավորապես նա գրել էր.«Գողություն՝ օրը ցերեկով... Այս պահին՝ մեր հասցեում Հարկադիրը իր սև գործն է անում. կոտրում է մեր սեփական գույքը կաշառակեր դատավոր Մուրադ Հովակիմյանի որոշմամբ, որը այս պահին բողոքարկվում է... Կառավարությունը, ազգային ժողովը լռում են... ԱՄՈԹ ԲՈԼՈՐԻՆ!!!»:

Այս պահին հարկադիր ծառայության աշխատակիցները փորձում են կոտրել Երևան քաղաքի Հանրապետության նրբանցք 8 Ա տարածքի բնակելի տների դարպասների ու դռների կողմպեքները` ներս մուտք գործելու համար:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հարկադիր ծառայության աշխատակիցները փորձում կոտրել ինչ-որ շինության կողպեքներն ու մուտք գործել ներս:

«Հրապարակի» հետ զրույցում Գայանե Սողբաթյանը տեղեկացրեց, որ ինքը համարվում է գույքային իրավունք ունեցող:

«Այդ տարածքում միակ սեփականատերը տատիկս է՝ մենք բոլորս համարվում ենք գույքային իրավունք ունեցող: Տարիներ առաջ տատիկս ցանկացել է այդ գույքը բաժանել իր զավակների ու թոռների միջև, սակայն կառավարությունը թույլ չի տվել, բայց քանի որ մենք գրանցված ենք այդ տարածքում՝ մենք համարվում ենք գույքային իրավունք ունեցողներ: Ես, իմ մայրը, իմ քույրիկը, համարվում ենք գույքային իրավունք ունեցողներ զուտ հենց գրանցման շնորհիվ: Այս պահին ձեռքբերողը՝ City Center Development-ը, հայց է ներկայացրել դատարան ու այդ հայցի մեջ ներառված են նաև մեր անունները»,-տեղեկացրեց Սողբաթյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին հարկադիրի աշխատակիցները կոտրում են իր եղբոր տան դուռը, այն պարագայում, երբ այնտեղ մարդիկ են բնակվում: Սողբաթյանը նշեց, որ այնտեղ բնակվում է 14 ընտանիք՝ 20-ից ավել մարդ:

«Դա մի մեծ բակ է, որտեղ առանձին սեփական տներ են՝ կողք-կողքի: Տատիկս տարածքը գնել է, հետո իր երեխաները իրար կողքի տներ են կառուցել, բոլորս իրար կողքի ենք ապրել, մեծացել: Տատիկս դեռևս 1967 թվականին է գնել այդ տարածքը, մենք այդտեղ ապրել ենք, մեծացել ենք: Այդտեղ ընտանիքներ են ապրում, որոնք զգալի վնաս են կրում այս պատահածից: Մեր հասցեն ներառված է նաև Ֆիրդուսի 33 հասցեում, իրենց կողքի տներն են, որոնց սպասվում է նույն ճակատագիրը»,- շեշտեց Սողբաթյանը:

Գայանե Սողբաթյանը նշեց, որ տարբեր դատարաններում ունեն վիճարկված հարցեր և որ կոնկրետ իրենց գույքի հետ կապված հինգ վիճարկվող գործ կա այս պահին:

«Այս պահին, երբ որ մենք մեր բողոքարկման և արդար դատավարության իրավունքն ենք ուզում իրացնել, հարկադիրը գալիս է և մեզ ցույց է տալիս օրենք, որտեղ իբրև թե ասվում է, որ որևէ բողոքարկում չի կասեցնում իրենց գործողությունները և բրդում է առաջ, կոպիտ ասած, իրենց հարկադիր կատարողական գործողությունները:Սա օրենքի խախտում է, որովհետև մենք վիճարկել ենք այս հարցը, բայց դեռ դատարանի վերջնական ակտը չկա, բայց հարկադիրն արդեն մեր դուռը թակում է, և կոտրում է: Դա բացարձակ աբսուրդ է, օրենքի խախտում է և մեզ զրկում են արդար դատավարության և բողոքարկման իրավունքից: Դա նաև Եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածի կախոիտ խախտում է, ոչ միայն Հայաստանի օրենսդրության խախտում»,-ասաց վերջինս:

Գայանե Սողբաթյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ անգամներ գրել են թե վարչապետին, թե Ազգային Ժողովին, սակայն արձագանք չեն ստացել:

Այս գործով Հանրապետության նրբանցք 8 Ա հասցեի միակ սեփականատիրոջ՝ Վարյա Սաֆարյանի և գույքային իրավունք ունեցող տասնչորս անձի շահերի պաշտպան հանդիսացող Հերմինե Ավետիսյանն ասաց, որ կառավարությունն այս հասցեի բնակելի տները ճանաչել է գերակա հանրային շահ:

«Խնդիրն այն է, որ այս անշարժ գույքը կառավարության որոշմամբ ճանաչվել է որպես հանրային գերակա շահ: Կա կառավարության որոշումն ընդւոնվել է 2018 թվականին և գերակա հանրային շահ է ճանաչվել այս գույքի նկատմամբ: Ձեռքբերողը համարվում է «City center development» ՓԲԸ-ն, և այդ տարածքում կառուցվելու է «Արև» թաղամասը: Ձեռբերողը դատական կարգով փորձում է դատական կարգով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել»,-ասաց պաշտպանը:

Հերմինե Ավետիսյանը նշեց, որ դատարանին հայցվող կողմը ներկայացրել է նաև գնահատման հաշվետվություն, որով անշարժ գույքը երեք անգամ ավելի ցածր են գնահատել, քան իր իրական շուկայական արժեքը:

«Միջնորդել ենք, որպեսզի ևս մեկ անգամ փորձաքննություն նշանակվի և այդ փորձաքննության շրջանակներում առաջադրել ենք փորձագետի անունը, ով որ պետք է գնահատի այս անշարժ գույքը: Սակայն, դատարնը չընտրեց մեր թեկնածուին, այլ ընտրեց այն թեկնածուին, ում անունը ներկայացրեց ձեռքբերողը, այսինքն հենց նույն գնահատման հաշվետվությունը արդեն ներկայացրած ձեռքբերողը,մի հատ էլ մեկ թեկնածուի անուն տվեց և դատարնը ընտրեց այդ թեկնածուին: Մենք դատարանի որոշումը բողոքարկում ենք, հիմա էլ ընթացքի մեջ է, այսինքն բողոքարկման պրոցեսի մեջ գտնվող այս ընթացքում դատարանը տալիս է կատարողական թերթ, որպեսզի փորձագետները մուտք գործեն անշարժ գույք և կարողանան հարկադիր ծառայության օգնությամբ այդ անշարժ գույքի փորձաքննությունն իրականացնել: Այսինքն, մեր գործողությունները բացարձակապես օրենքի շրջանակներում են և դեռևս չկա չբողոքարկելի դատական ակտ, որպեսզի այդ փորձաքննությունն իրականացվի»,-ասաց Ավետիսյանը:

Պաշտպանը նկատեց, որ տեղի ունեցողը օրենքի խախտում է, բացի այդ իր վստահորդները երբևիցե օրինական գործողության դեմ խոչընդոտներ չեն ներկայացրել և ի սկզբանե Հարկադիր Ծառայությանը տեղեկացրել են, որ որևիցե խոչընդոտ իրենց համար չի ստեղծվի՝ փոխարենը կարելի է սպասել վերջնական դատական ակտի կայացմանը և փորձաքննության իրականացումը արդեն իրավաչափ կլինի:

«Դատական կարգով վիճարկում ենք նաև հարկադիր կատարման ծառայության գործողությունները, որովհետև առանց կատարողական թերթի, առանց անհրաժեշտ փաստաթղթերի, իրենց մուտք են գործել անշարժ գույք և ինչ-որ ահաբեկչական տոնայնությամբ փորձել են փորձաքննություն անել և այլն, և այլն: Երբ իրենցից փաստաթղթեր են ուզել, թե դուք ովքեր եք, այդ վկայականները նույնիսկ ցույց չեն տվել: Երբ սկսեցինք պահանջել,թե այդ գործողությունները ի՞նչ հիմքով են անում, իրենք այդ գործողությունները դադարեցրեցին, դրանից մի քնաի օր հետո նոր սկսեցին իրական փաստաթղթերով աշխատել, բերել, ներկայացնել, թղթային տեսանկյունից նոր կանոնակարգել են, նոր սկսել են փաստաթղթեր ներկայացնել»,- շեշտեց փաստաբանը:

Հերմինե Ավետիսյանը շեշտեց, որ բոլորն այս պահի դրությամբ այդ հասցեի բնակիչներ են հանդիսանում, բացի այդ Վարյա Սաֆարյանը 87 տարեկան կին է, կան անչափահաս երեխաներ և ուղղակի այդպես ահաբեկել, հապճեպ անշարժ գույքը փորձաքննության ենթարկելու այդ գործողությունները ուղղակի անհասկանալի են:

«15 հարկադիր կատարող է ներգրավվել այդ գործում»,- ասաց վերջինս: