«Համեստություն մի արա» լա՜վ էլ «գործ ես արել»

«Համեստություն մի արա» լա՜վ էլ «գործ ես արել»

Աննա Հակոբյանի գրառման մեջ լուրջ բան չփնտրեք։ Մարդը զուռնան է փչում, կնիկն էլ դամն է պահում։ Մարդը զուռնա փչելով  ասում է, որ ինքը մեղք չունի, որ  տասնակ հազարավոր զոհեր, հաշմանդամներ ունենք, որ Արցախը հանձնվել է։ Մեղք չունի, որ  Հայաստանում թշնամին նստել է։  Մեղքը կոտրում է  մեկ զինվորականության , մեկ նախկինների, մեկ Ռուսաստանի գլխին։ Կնիկն էլ որոշել է դամը պահել՝ ասում է ես խաղաղություն էի քարոզում, եթե լսեիք՝ այդքան զոհեր չէին լինի։ Բա ես չէ՞ի ասում՝ փամփուշտներից զարդեր ձուլեք, բա ես Ալիևային չէ՞ի հրավիրում, որ Ստեփանակերտում սուրճ խմենք, մուղամ լսենք, բա ես չէ՞ի ասում, որ մեր զինվորները հանուն ոչնչի են զոհվում․․․ Այո, ասում էիր ու այդպես էլ մարդ ու կնիկ արիք՝ մեր ամենաահեղ զենքը զարդ դարձրիք։ Այդ ամենն անում էիք, որ կոտրեիք հայ մոր, զինվորի, հայ մարդու ոգին ու խաղաղության կեղծ պատրանքով երկիրը հանձնեիք թշնամուն։

«Համեստություն մի արա», որ չես կարողացել ծրագիրդ իրականացնել, լավ էլ գործ ես արել։ Ալիևան եկավ Շուշի՝ սուրճ խմեց։ Մեր Իսկանդերը խաղալիք դարձավ։ Մեր զինվորն էլ հանուն ոչնչի զոհվեց։ Արցախի ամեն մի խոտը հայ զինվորի  արյամբ  էր ներկված, Արցախը տվիք թուրքին։ Ո՞ր մի ծրագիրդ չես խաղաղության անվան տակ լուծել։ Բոլորն էլ տեղը տեղին արել ես։ 

Իսկ Էռատո ջոկատիդ մասին թույլ տուր լռել։ Պոռթկման պահին լավ է լռել։ Մեր ժողովուրդը Էռատոյիդ վրա պոռթկալու շատ բան ունի։ Լռությունը չկապես չիմացության հետ։ Գալու է խոսալու ու գործելու ժամանակը։ Համբերություն հայ մորը, համբերություն զինվորի մորը,  որոնց  ծաղրում ես, ասելով․

«Չեմ ուզում հավատալ, որ առավելագույնը, ինչին ընդունակ է հայ կինը, աղոթելը կամ անիծելը, եւ կամ՝ իր հերոսների հետեւից հետմահու լացելն է»։ Մոր ձեռքին մի կտոր ոսկոր եք դրել ու խոսում եք հետմահու լացելու, անիծելու՞ մասին։  Հեգնանքդ տեղին չէ, առավել քան զավեշտ է խոսքդ․ 

«Զարմանալի է՝ ինչու մինչեւ հիմա չունենք «Սգի ոստիկանություն», վստահ եմ՝ այդ կառույցում ծառայելու համար տասնյակ հազարավոր դիմումներ կստացվեին»։ Ինքդ ես խոստովանում, որ տասնյակ հազարավոր սգվորներ եք ձեր օրոք ստեղծել։ Իսկ թե ինչու «Սգի ոստիկանություն», չկա, մարդուցդ հարցրու։ Ազատ ոստիկան չկա, բոլորն իր աթոռն են պահում։