Երեւանում քիչ թե շատ ապահով են էլիտար շենքերի բնակարանները 

Երեւանում քիչ թե շատ ապահով են էլիտար շենքերի բնակարանները 

Փետրվարի 13-ի Երեւանի (Նուբարաշենի) երկրաշարժը մի նոր ցնցում էր 44-օրյա պատերազմ տեսած ու ՀՀ տարածքային կորուստներին օրըստօրե ադապտացվող հասարակության համար։ Բոլորը հստակ գիտակցեցին՝ սա Երեւանն է, որտեղ բնակվում է հանրապետության մոտ մեկ երրորդը, եւ եթե երկրաշարժի ցնցումները 1-2 բալ ավելի լինեին, ողբերգությունն իր ծավալներով, ինչպես սիրում է ասել Փաշինյանը, աննախադեպ կարող էր լինել։

Հիշեցնենք, որ Երեւանի շենքերի հիմնական մասը կառուցվել է դեռեւս խորհրդային տարիներին ընդունված սեյսմիկ նորմերով։ Ինչպես փետրվարի 10-ին՝ երկրաշարժից 3 օր առաջ, հայտնել էր ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառույցների սեյսմակայունության վարչության գլխավոր մասնագետ Արմեն Խաչատրյանը՝ Երեւանի շենքերի մեծ մասը չի համապատասխանում ժամանակակից սեյսմիկ պահանջներին, ինչն էլ իր հերթին հանգեցնում է սեյսմիկ խոցելիության աստիճանի բարձրացման: «Մայրաքաղաքում մի քանի բալ երկրաշարժ լինելու դեպքում կարող ենք շատ կորուստներ ունենալ»,- ասել է Խաչատրյանը: 

Այն է՝ շենքերը նախատեսված են 7 բալանոց երկրաշարժերի համար։ Անկախությունից հետո ընդունված օրենսդրությամբ՝ սեյսմակայունության հետ կապված օրենսդրությունը խստացվել է, եւ նոր էլիտար շենքերը կառուցված են 9 բալանոց երկրաշարժերի հաշվարկով։
Նախօրեի երկրաշարժից հետո ի՞նչ վիճակում են մայրաքաղաքի հատկապես բազմաբնակարան ու մինչեւ 4-րդ աստիճանի վթարայնության շենքերը։ 

Հարցն ուղղեցինք Քաղաքաշինության կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանին, հետաքրքրվեցինք՝ կառավարությունից ունե՞ն ցուցում, հանձնարարական՝ ուսումնասիրելու շենքերի սեյսմակայունությունը երկրաշարժից հետո։ «Ճիշտն ասած՝ էդպիսի  պատվեր չենք ստացել, չնայած քննարկումներ տեղի են ունեցել, էդ թեման շոշափվել է։ Գուցե նման բան կա, բայց դա կարող է կոմիտեի նախագահին իջեցված լինի, ես էդպիսի իրազեկվածություն չունեմ»,-ասաց Ադամյանը։

Հարցին՝ իսկ մինչ քննարկելը եթե ինչ-որ բան փլվի՞, Քաղաքաշինության կոմիտեից պատասխանեցին․ «Դե, ոչ մի բան բացառված չէ, հնարավոր չէ 100 տոկոսով որեւէ բան բացառել։ Կարող է անգամ երկրաշարժ էլ չլինի, ինչ-որ մի բան փլվի։ Հնարավոր է»։

Հարցին էլ, թե մինչեւ երկրաշարժը կա՞ր մայրաքաղաքի վթարային շենքերի ուսումնասիրություն, տիկին Ադամյանն ասաց․ «Ասեմ Ձեզ՝ արվել է տարիների ընթացքում հաջորդաբար, իրավիճակային սկզբունքից ելնելով»։ Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյան ըստ շենքերի տիպերի՝ պանելային, նորակառույց, քարե, չնշեց սեյսմակայունության տեսանկյունից առավել ռիսկայինները, միայն ասաց, որ կան պանելայիններ, որոնք բավականին կայուն են, եւ հակառակը՝ քարե շենքեր, որոնք բոլորովին կայուն չեն։ «Մինչեւ անկախությունը կառուցված շենքերի մասով կարող եմ ասել՝ կոնկրետ պետք է գնալ, ըստ նախագծերի ուսումնասիրել»,- ասաց նա։ Նշենք, որ Նորքի զանգվածի բարձրահարկերի բնակիչներն էին ահաբեկված, որոնցից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ պատուհանից տեսել է, թե ինչպես են իրենց դիմացի բարձրահարկերը բարդու պես ճոճվում։ Ռուզաննա Ադամյանն ասում է, որ դա էլ չափանիշ չէ, քանի որ «կարող է պատահի՝ շենքը շատ ճոճվի, սակայն լինի բավականին սեյսմակայուն շինարարություն։ Էդ ճոճումը, ճոճքը դեռ բնորոշիչ հատկանիշ չէ, որ եթե ճոճվում է, ուրեմն էս պահին կփլուզվի»։

Տիկին Ադամյանի միակ ոչ հարաբերական գնահատականը վերաբերում էր էլիտար շենքերին։ Նա վստահաբար ասաց՝ դրանք բավականին սեյսմակայուն են՝ համապատասխանում են նոր նախագծման նորմերին։ 

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ ծառայության նախկին պետ, ներկայում ԱԻՆ սեյսմիկ ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչ Պետրոսյանն էլ մեզ ասաց, որ ներկայում նկատվում է սեյսմիկ ակտիվության թուլացում։ «Նուբարաշենի՝ ամսի 13-ի երկրաշարժից հետո գրանցվել է 110 հետցնցում։ Դրանցից մի քանիսը շատ թեթեւ զգացվել են առանձին տեղերում՝ առանձին մարդկանց կողմից։ Ընդ որում՝ նույն տեղում 2 հոգի զգացել են, մնացածը չեն զգացել։ Եվ ընդհանուր քանակի առումով սեյսմիկ ռեժիմն էդ օջախում թուլանում է»,- ասաց Հրաչ Պետրոսյանը։