Ներքին թշնամին տրանսֆորմացվեց, դարձավ արտաքին թշնամին, բայց ոչ թե Թուրքիայի և Ադրբեջանի, այլ՝ Ռուսաստանի տեսքով. Սուրեն Պետրոսյան

Ներքին թշնամին տրանսֆորմացվեց, դարձավ արտաքին թշնամին, բայց ոչ թե Թուրքիայի և Ադրբեջանի, այլ՝ Ռուսաստանի տեսքով. Սուրեն Պետրոսյան

«Հրապարակի» զրուցակիցն է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, արցախցի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:

-ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստըանկերության եթերում հայտարարեց, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին մտնել միութենական հանրապետության կազմ: Եւ քանի որ մենք դիմադրում ենք, ստանում ենք ճնշումներ՝ ռազմական տեսքով։

-Անկախ ամեն ինչից, թե իրականությունն ինչպիսին պետք է լինի, պետական պաշտոնյան իրավունք չունի կիրառել պարտադրել եզրույթը: Ի՞նչ է նշանակում պարտադրում են մեզ, պետությունը քաղաքական համակարգի գերակա ինստիտուտ է և պարտադրելը քաղաքական կատեգորիա չի՝ նախ սկսենք այդտեղից: Եվ հետևաբար այս էմոցիոնալ խոսքերը, մեղմ ասած, տեղին չեն և ընդհանրապես պետության «շուրթերից» որևիցե կերպ, որևիցե ժամանակ երբևիցե չպետք է լսենք, որովհետև պետությունը քաղաքական համակարգի գերակա ինստիտուտ է և պատասխանատուն է բոլոր տեղի ունեցողի համար: Այդ էմոցիոնալ եզրույթները ուղղակի տեղին չեն: 

-Այդ հայտարարությունից ի՞նչը կառանձնացնեիք։

-Բովանդակային առումով բնականաբար շարունակվում է նույն քաղաքականությունը, որը երկար ժամանակ է՝ բոլորը մեղավոր են բացի մեզնից: Եվ սա ավելի ակնհայտ փուլ է մտնում և կրկին գնում է թշնամիների կերտման հերթական գործընթացը:

-Այսինքն, սա պետության դե՞մ է աշխատում:

-Բնականաբար: Մենք մինչև այսօր չկարողացանք հասկանալ, որ այդ էմոցիոնալ հայտարարությունները և իբր թե դիրքորոշումները մեր բարեկամ և ոչ բարեկամ երկրների մասին, առաջին հերթին աշխատում են մեր դեմ, վնասում են մեզ և ոչ թե դրանով մենք կարողանում ենք ինչ-որ խնդիր լուծել: Բայց սա էլ բնականաբար արվում է միայն նրա համար, որպեսզի կարողանան ունենալ ինչ-որ չափով ներքին լեգիտիմություն և որպեսզի այդ օրակարգը ամրապնդվի, այսինքն, բոլորը մեղավոր են՝ մենք մեղավոր չենք, մենք ունենք սահմանափակում, էլ ի՞նչ անենք, ձեզ պարզ ասում ենք, որ այս մարդիկ են պարտադրում՝ նրանք են մեղավոր, մենք էլ սահմանափակ ռեսուրսներով ավել բան անել չենք կարող: Այսինքն, ոչ թե իշխանության առջև կա դրված խնդիր կամ այդ խնդրի լուծումն ամեն կերպ գտնելու օրակարգ, այլ ուղղակի ամեն գնով ցույց տալ, որ իրենք անում են առավելագույնը, այլ արդյունք իրենցից մի ակնկալեք: Եվ սա հերթական թշնամի- բարեկամ հրացույցի տրանսֆորմացիոն փուլն է: 2018-ից հետո Հայաստանի Հանրապետության թշնամին Ադրբեջանից և Թուրքիայից կերպափոխվեց դարձավ ներքին թշնամին, արտաքին թշնամին փոխարինվեց ներքին թշնամիներով և այդ ներքին թշնամիները դարձան նախկինները: Նախկինների թշնամու կերպարն այլևս սպառվել է, հիմա արդեն պետք են նոր թշնամիներ և այդ ներքին թշնամին այս անգամ տրանսֆորմացվեց և դարձավ արտաքին թշնամին, բայց այս պարագայում ոչ թե Թուրքիայի և Ադրբեջանի տեսքով, այլ Ռուսաստանի Դաշնության, որի վրա փորձում ենք բարդել մեր բոլոր հնարավոր և անհնարին մեղքերը:

-Գրիգորյանը հայտարարեց նաև, որ Ռուսաստանը պարտադրում է Հայաստանին՝ Ադրբեջանին արտատարածքային միջանցք տալ: Իսկ որքանո՞վ է Ռուսաստանին ձեռնտու Հայաստանի տարածքով անցնող միջանցքը:

-Ես իրականում չեմ կարող ասել՝ նման բան կա, թե ոչ, որովհետև ես երբևէ որևէ մի տեղ պաշտոնական մակարդակով նման հայտարարություն չեմ լսել, լսել եմ դա միայն մեր իշխանություններից, որին ևս չեմ կարղ ասել՝ այդպես է, թե այդպես չի: Եթե տրամաբանորեն նայենք, միջանցքը կարող է բոլորին ձեռնտու լինել, բացի Հայաստանի Հանրապետությունից՝ իշխանության մասին չեմ խոսում: Ռուսաստանն այսօր գտնվում է բավականին խոցելի վիճակում և նա որոշ սակարկումների և զիջումների բնականաբար պետք է գնա, եթե մենք հաշվի առնենք, որ Բաքուն այս պահին կապվում է Նախիջևանի հետ Իրանի միջոցով: Նրանք ունեն լրջագույն խնդիր, որ անպայմանորեն երկրորդ ալտերնատիվ տարբերակն ունենան Նախիջևանին կապվելու, բայց ընդհանրապես պանթուրքիստական ծրագրի իրականացման շրջանակներում: Ենթադրում եմ, որ այս պարագայում որևիցե զիջում Ռուսաստանի կողմից հնարավոր է լինի։ Եթե այդ զիջումը պետք է լինի, ապա ռուսական կողմը կուզենար, որպեսզի այդ միջանցքը լիներ եւ ռուսական կողմը միջանցքի վերահսկողը լիներ և ըստ էության հենց Թուրքիան անմիջապես կախված է լինում Ռուսաստանից: Այս տրամաբանության շրջանակներում միջանցքը կարող է պետք գալ Ռուսաստանին: Առավել քան համոզված եմ, որ այդ միջանցքը պետք է նաև Արևմուտքին, որովհետև, եթե Իրանը փակում է և հաղորդակցությունը կտրում է և ամեն ինչ ավելի բարդանում է, միևնույն է, այլընտրանքային տարբերակը չափազանց անհրաժեշտ է բոլորին, բացառել ոչինչ չի կարելի, քանի որ Իրանի հետ հարաբերությունները սրվում են օր օրի և ամեն ինչ հնարավոր է: Դրա համար կողմերը փորձում են օր առաջ այս խնդիրը լուծել, պարզապես հարցն այն է, թե ում վերահսկողության տակ կլինի այս միջանցքը՝ Արևմուտքի, Թուրքիայի, Թուրքիա-Ռուսաստան, թե՞ միայն Ռուսաստանի: Հայաստանի մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետև Հայաստանը դերակատար չի, Հայաստանն ընդհանրապես խոսք չունի և Հայաստանը առավելագույնը կարող է էմոցիոնալ արտահայտություններ անել արդեն տեղի ունեցած իրողությունների վերաբերյալ:

-Լաչինի միջանցքին անդրադառնանք. վերջերս լուրեր տարածվեցին, թե ռուս խաղաղապահները խոստացել են 2 օրվա ընթացքում բացել միջանցքը: Նմանատիպ լուրերի թիրախն էլ են ռուս խաղաղապահները՝ չկարողացան բացել։

-Ես ճիշտն ասած չգիտեմ ով է հայտարարել, փորձեցի գտնել, այդպես էլ չկարողացա: Եվս մեկ անգամ այնպես է ստացվելու, որ ռուսական կողմը հայտարարություն արեց և ժողովրդի մոտ առաջացան սպասելիքներ: Հիմա տեղի է ունենալու հիասթափություն՝ ռւսական կողմից, որ նա է մեղավոր: Մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարարության համաձայն իրավական առումով նվազագույնը սա ռուսական պարտավորությունների շրջանակում է, բայց մենք պետք է հասկանանք, որ այստեղ ապրողները հայեր են, ո՞րն է մեր պետության դերակատարումը: Այո, մենք կարող ենք շատ բան պահանջել և պարտավոր ենք պահանջել Ռուսաստանից, բայց պահանջել միայն Ռուսաստանից՝ սա նվազագույնը քաղաքական ինֆանտիլիզմ է կամ քաղաքական տգիտություն: Գլոբալ առումով ոչ թե պետության, այլ իշխանության մակարդակում կարծում եմ այս գործընթացն իրականում բավականին ձեռնտու է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությանը, որովհետև փաստացի խնդիրները կարող են այսպես լուծվել: Ի՞նչ է տեղի ունեցել, փաստացի պատերազմի հետևանքով կար մի իրավիճակ, որտեղ մեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեցին և հրաժարավում են Արցախից ու բացեիբաց այդ մասին ասում են և ասում են, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը պատրաստ են նվազեցնել: Այսինքն, մի քանի անգամ ուղղակի կամ անուղղակի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասեց, որ որևիցե հակասություն, որպես այդպիսին, չկա ու կարող է քննարկվել Ադրբեջանի կազմում լինելը՝ անվտանգային երաշխիքների տրամադրման պարագայում: 

- Ի՞նչ է տեղի ունենում:

- Հայաստանը որդեգրել է Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության օրակարգ և փաստացի բոլորս գիտենք, որ այդ օրակարգի նվազագույն գինը դա ադրբեջանական Արցախն է: Եվ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս պատրաստակամություն է հայտնել այդ պայմաններում գնալ խաղաղության: Հիմա փաստացի, իմանալով, որ մեր օրակարգը ամեն գնով դա է, մյուս կողմից էլ կա մյուս տարբերակը, որ ասում է՝ գիտեք, մենք համաձայնության ենք եկել, դուք խոսում եք, գործընթացը տանում եք նրան, որ պետք է մերը լինի, բայց փաստացի ֆորմալ առումով Արցախը դեռևս Ադրբեջանի մաս չի և այնտեղ ապրում են հայեր և այս խնդիրը փաստացի պետք է լուծվի: Եվ այս խնդրի լուծումը հավասարապես դրված է նաև ՀՀ իշխանության վրա, որովհետև այս օրակարգի ամենակարևոր մասը այս պահին Հայաստանի Հանրապետությանն է՝ իշխանության տեսակետից եմ ասում: Եվ եթե այս պահին ֆորմալ առումով ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի կազմ, միևնույն է հարցը լուծված չի, բազմաթիվ խնդիրներ են լինելու՝ այնտեղ ապրում են հայեր: Իսկ այս տրամաբանության շրջանակներում ուղղակի սահուն կերպով տեղի է ունենում հայաթափում: Սա բացի այս հիմնական գործընթացից, նաև լուծվում են տնտեսական կարևոր խնդիրներ՝ իշխանության տեսանկյունից եթե նայենք։ Նախ պետք է 120 հազար մարդու հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրները հոգային՝ պատկերացնո՞ւմ եք ինչ ֆինանսական ու կազմակերպչական գործընթացների մասին է խոսքը: Իսկ այս տրամաբանությամբ, բոլորն ակնկալում են, որ Արցախը հնարավորինս շատ թվով մարդիկ կլքեն և մասամբ այդ բեռը կթեթևացվի և մասամբ այդ գործընթացը ևս մեկ քայլ առաջ կգնա: Մարդիկ կարող են Հայաստանում իրենց տներ գտնել, որոշները ինչ-որ ուրիշ տեղ կգնան, այդպես հայաթափման հարցը ինքնաբերաբար կլուծվի, մարդկանց տեղավորման հարցն էլ ժամանակի հետ կկարգավորվի: Սա ես ասում եմ իշխանության օրակարգի տեսանկյունից:

- Իսկ այդ օրակարգը հաջողությամբ կպսակվի՞:

- Ես առավել քան համոզված եմ, որ այդպես չի լինելու: Այստեղ շատ կարևոր է մեր բոլորի դերը, որ այդպես չլինի, բայց ես առավել քան համոզված եմ, որ այդպես չի լինելու: