Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպումից առաջ արձանագրենք

Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպումից առաջ արձանագրենք

Արդեն հայտնի է, որ Փաշինյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու ոչ թե հուլիսի 21-ին, այլ՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում։ Դա հասկանալի էր՝ դատելով ադրբեջանական կողմի վերջին օրերի ակտիվացումից։ Ծանոթ լինելով ադրբեջանական կողմի ձեռագրին՝ կարող ենք արձանագրել, որ կրակոցները սահմանին հաճախանում են, երբ սպասվում են Երեւանի եւ Բաքվի հանդիպումներ, բանակցություններ։ Այսպես ասած՝ նախ ռազմի դաշտում հաջողություն, հետո՝ բանակցությունների սեղանի մոտ։ Ինչին ՀՀ իշխանությունները հակազդելու, կոնտրքայլեր անելու ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում, այլ պարտվածի հոգեբանությամբ սպասում են ադրբեջանական հաջորդ սադրանքին ու պահանջների հերթական լկտի փաթեթին։

ՀՀ ԱԽ քարտուղարի այն հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական բանակցությունները փոխլրացնող են, քանի որ հարցերի շրջանակը, որ քննարկվում է Բրյուսելում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, հիմնականում նույնն է, եւ որ Միացյալ Նահանգների՝ ռեգիոնում ներգրավման մասով էլ ԱՄՆ-ն «օգնում է ապահովել կայունությունը» եւ այլն, բավական մտորելու առիթ է տալիս։ Եթե, ըստ Գրիգորյանի տրամաբանության, երեք մայրաքաղաքներում էլ բանակցությունները փոխլրացնող են, քանի որ դրանցում գրեթե նույն հարցերն են քննարկվում, ապա ինչո՞ւ դրանք չեն միավորվում մեկ ընդհանուր հարթակում։ Այսպես ասած՝ ինչո՞ւ չեն կենտրոնանում մի տեղում։ Կամ՝ եթե ֆորմատը բացառապես Երեւան-Բաքու անմիջական բանակցություններն են, ապա եթե երեք մայրաքաղաքում են կազմակերպվում հանդիպումները, դա կարող է նշանակել, որ թե՛ Երեւանը, թե՛ Բաքուն կա՛մ չեն կարող, կա՛մ դեռ պատրաստ չեն փոխշահավետ երկխոսություն վարելու՝ առանց միջնորդների, նույնիսկ պետությունների ղեկավարների մակարդակով։

Իհարկե, վերջին միտքը չենք բացարձակացնում, որովհետեւ Երեւանն ու Բաքուն, իհարկե, կարող են թեկուզեւ բանավոր մակարդակում պայմանավորվել մի շարք սկզբունքային հարցերի շուրջ, ինչպես, ասենք, հաղորդակցության ուղիների բացման, սահմանների դելիմիտացիայի կամ խաղաղության պայմանագրի, սակայն այն, որ դրանք, ըստ էության, երկու աշխարհաքաղաքական տարբեր՝ իրար հակադիր բլոկների հովանու ներքո հարթակներում են անցկացվում՝ Բրյուսել-վաշինգտոնյան կամ արեւմտյան եւ ռուսական, արդեն իսկ խոսում է այն մասին, որ կողմերը կարիք ունեն առնվազն գլոբալ մեկ կամ մի քանի ուժային կենտրոնների երաշխիքների՝ որպես միջնորդների։ Կա, իհարկե, երրորդ գործոնը, որ հայկական կողմը մտածում է, թե տարբեր հարթակներում հանդիպումներն ու բանակցությունները հնարավորություն են տալիս լարախաղացություն անել այս բոլոր կենտրոնների միջեւ՝ ոչ մեկին չնեղացնելով, ոչ մեկի խոսքից դուրս չգալով եւ հարաբերությունները պահպանելով բոլորի հետ զուգահեռ հարթության մեջ։ Բայց սա ոչ միայն հնարավոր չէ, այլ աշխարհաքաղաքական «գայլերը» փաշինյանական այս պրիմիտիվ խաղերը լավ են հասկանում։ Պարզապես իրենց բոլորին ձեռնտու է որեւէ պետության անկամ ու անողնաշար, ամեն ինչի պատրաստ ղեկավարի հետ բանակցելը եւ իրենց կամքը թելադրելը։ Մանավանդ՝ ամեն մեկը հույս ունի, որ իր ասածն է անցնելու, եւ ամեն ինչ այս տարածաշրջանում իր ուզածով է դասավորվելու։ Նիկոլ Փաշինյանի կեցվածքը Հայաստանը դարձրել է ֆուտբոլի գնդակ․ որ խաղացողն ավելի ուժեղ ու դիպուկ հարված կհասցնի, նա էլ գոլ կխփի ու խաղը կշահի։