Հրավիրատոմս չկա, պլանավորում ենք երկու գործողություն

Հրավիրատոմս չկա, պլանավորում ենք երկու գործողություն

Օգոստոսի 10-ին Հանրապետության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ նոր շարժում է սկսում, որը կկոչվի «Անկախության շարժում»։ Այն պետք է մեկնարկի 2022 թվականի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության ընդունման օրը։ Եւ մինչեւ շարժման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 21-ը Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացնելու: Առաջին հայացքից անիրականանալի եւ ուտոպիստական թվացող այս ծրագրի մասին զրուցեցինք նախաձեռնողի՝ Էդգար Ղազարյանի հետ։

- Պարոն Ղազարյան, ինչո՞ւ եք կարծում, որ նոր շարժումը կտա արդյունք և վարչապետը հրաժարական կտա: Ի վերջո, ընդամենը շաբաթներ առաջ «Դիմադրություն» շարժումը շոշափելի արդյունքներ չարձանագրեց: Ինչո՞վ է Ձեր շարժումը տարբերվելու նախորդից:

- Ես հույս ունեմ, որ հենց օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացնելու: Ես կարծում եմ, որ «Դիմադրություն» շարժումն արդյունքի հասել է։ Այն շարունակում է մնալ որպես ակտուալ շարժում, իսկ մեր շարժման անվանումը զուտ փոխլրացում է Փաշինյանին հեռացնելու ցանկացած այլ նախաձեռնության: «Անկախություն» անվանումը պայմանավորված է նրանով, որ ակցիան սկսվում է անկախության հռչակագրի ընդունման օրը և պետք է ավարտվի հենց անկախության օրը: Նախաձեռնությունը չի հակադրվելու որևէ այլ շարժման և նախաձեռնության:

- Իսկ ընդդիմադիր դաշտից ովքե՞ր են Ձեր շարժմանը միանալու, կամ միանալո՞ւ են արդյոք:

- Այո, կմիանան, հիմա էլ կան շատ գործիչներ, որոնք միացել են: Երեկ մամուլից շատ պատահական տեղեկացա, որ թվով հինգ հասարակական կազմակերպություն միանալու է մեզ: Ընդ որում, նրանցից և որևէ մեկին ես չեմ անդամակցում: Անգամ նրանց հետ քննարկումներ չեմ ունեցել:

- Իսկ Դուք չե՞ք դիմել Ձեզ միանալու կոչով ինչ-որ գործիչների:

- Բոլորն էլ կարող են մեզ միանալ: Ես ակնկալում եմ, որ աջակցություն կլինի: Օրինակ, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «Դիմադրություն» շարժումը սեպտեմբերի 2-ին հանրահավաք է նախատեսում` Արցախի անկախության օրը, սակայն այդ ընթացքում եթե լինեն այլ նախաձեռնություններ, իրենք սիրով կմիանան և կաջակցեն դրանց: Կարծում եմ, որ սա հենց այդ դեպքն է: Սա բաց հանրահավաք է, բոլորն էլ կարող են միանալ, հատուկ հրավիրատոմս չկա: Պլանավորում ենք երկու գործողություն. նախ Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստ է նախատեսվում, որից հետո, նույն օրը տեղի է ունենալու հանրահավաք:

- Ենթադրենք 1000, 2000, կամ 3000 քաղաքացի փողոց դուրս եկավ: Ձեր կարծիքով` դա ինչ է փոխելու, կտա՞ արդյունք:

- Այդ օրը նախ պետք է հանդիպում տեղի ունենա մեր և Նիկոլ Փաշինյանի միջև: Մենք կպահանջենք հանդիպում` ուղիղ եթերով էլ պետք է լուսաբանվի և նա ներկայացնի իր հրաժարականը: Հրաժարականի հարցից բացի իր հետ քննարկելու այլ հարց չկա: Ինչ վերաբերում է քաղաքացիների թվին, ապա հստակ ոչ մեկն ասել չի կարող: Մարդը բարձրագույն արժեք է: Մարդու նկատմամբ վերաբերմունքը չպետք է մաթեմատիկական թվերով արտահայտել: Անգամ մեկ մարդու կարծիքը կարող է լինել շատ վճռորոշ և կարևոր:

- Փաստորեն, վստահ եք, որ Փաշինյանին տապալելու եք….

- Այո, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի պաշտոնավարել, որովհետև նա Հայաստանի Հանրապետության սահմանադրության հիմքերին հակասում է, փաստացի նա Հայաստանի վարչապետ չի, իր գործողություններով սպասարկում է այլ պետության շահեր: Նա չի կարող այլևս լինել վարչապետ: Գուցե չի գիտակցում այդ ամենը, քանի որ չունի բավարար կրթություն և դաստիարակություն, սակայն փաստը դա է: