Ավելի Օմեգա, քան պատկերացնում ենք

Ավելի Օմեգա, քան պատկերացնում ենք

Միջազգային հարթակներում Արարատ Միրզոյանի էլաստիկ շարժումները նայելով, ականջահաճո բառերը լսելով  կարելի է ենթադրել, , որ նա ավելի «օմեգա է» քան պատկերացնում ենք։ Այս մարդուն տրվել է մի հանձնարարություն, որ միջազգային հարթակներում «շոյի մեր ականջների թմբկաթաղանթը»՝ եվրոպական մակարդակով։ Ու նա վարժ կատարում է իր դերը, ամեն տեղ կրկնելով՝  «Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից»: Ամերիկա,  Եվրոպա ոտնատակ տալով նրա ասելիք սա է՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս բերվի հայկական տարածքից։ Որ երկրում  արտաբերում է այդ նախադասությունը, այդ երկրների ղեկավարներն էլ գիտեն՝ ինչն ինչոց է ու միանում են Արարատի «ճռվողյունին»՝ պետք է դուրս բերեն։ Բայց իրենք էլ գիտեն, որ ոչ Արարատն է դա ուզում, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ այն թիմը, որի հետ «կտուց- կտցի են»։ Նման երկրներում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի արտգործնախարարի ,,ականջահաժո ճռվողյունը,, բխում է գլոբալ շահերից։  Հայը կապրի երազանքով, մինչև այն պահը, երբ նա հասկանա, որ Ադրբեջանը դուրս եկողը չի։ Մինչև այն պահը, որ հասկանա՝ տեղ են տվել, որ հանե՞ն։ Մինչև այն պահը, երբ բանը բանից անցած լինի։ 

Եթե մի փոքր լուրջ դիտեք ձեր շուրջը՝  կհասկանաք, որ այս իշխանության ամբողջ քարոզչական գործողությունը ուղղված է այն բանին, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանցիներն են «իջևանել» իրենց տարածքներն են։ Պատգամավորները՝ պատեհ- անպատեհ դա են ասում, իրենց քարոզիչները դա են ասում։ Բանը հասել է այնտեղ, որ այսօր իրենց թայֆից հանրահայտ մեկին էի եթերով լսում, որ երկու ժամ շարունակ համոզում էր, որ այդ տարածքները վաղուց տրված են եղել Ադրբեջանին և Հայաստանը նրանց հետ կապ չունի։ Նույնիսկ խոսում էր Գորիս -Կապան միջպետական ճանապարհը վաղուց  ադրբեջանական լինելու մասին։ Դե հիմա եկ ու Արարատի ասածը լուրջ ընդունի։ Ամբողջ թիմով այլ բան են երգում, ինքը՝ այլ բան։ Դրսերում էլ գիտեն, որ այդ երգը դեռ հայ մնացած հայերի համար է, որ հանկարծ «չարություն չանեն», հավատան անհավատալի մի բանի։ Իսկ ներսում՝ Արարատի թիմը Ադրբեջանի համար հատուկ նոտաներ է ուղարկում իրենց քարոզիչների միջոցով՝ պինդ մնացեք տեղներդ, մենք ձեզ հետ ենք։