Ատեստավորման նոր կարգը բարդացնելու է գիտնականների վիճակը

Ատեստավորման նոր կարգը բարդացնելու է գիտնականների վիճակը

2023-ի տարեվերջին կառավարությունը հաստատեց ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի կողմից մշակված գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական եւ ճարտարագիտատեխնիկական պաշտոնները եւ դրանց գնահատման նվազագույն չափանիշները։
Նախագծով սահմանվում են ատեստավորման արդյունքում տվյալ տարակարգը հայցող գիտական աշխատողներին ներկայացվող քանակական եւ որակական նվազագույն պահանջները: Ներդրված նոր մոտեցման համաձայն՝ յուրաքանչյուր կազմակերպություն կարող է սահմանել նաեւ լրացուցիչ չափանիշներ: Հավելյալ չափանիշները հաստատվում են կազմակերպության ղեկավարի կողմից՝ գիտական խորհրդի առաջարկությամբ: Գիտական աշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է հանդիսանալու 2024 թվականին համապետական ատեստավորման անցկացման համար։ Ամբողջական ատեստավորումն այս մեխանիզմով կիրականացվի 2026 թվականին, իսկ գիտական կադրերի վարձատրության բարձրացումն իրականացվելու է ատեստավորման գործընթացի արդյունքում։ 

Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Մելիքյանի կարծիքով, ատեստավորման այս նոր կարգը շատ կբարդացնի գիտնականների վիճակը։ «Այնպիսի չափորոշիչներ ու պայմաններ են դրվում հետագա մեր ատեստավորման համար, որ ես իմ՝ առաջատար գիտաշխատողի պաշտոնում այլեւս չեմ կարող մնալ։ Օրինակ՝ այդ հաշվետու շրջանում պետք է ներկայացվի 4 հոդված կամ մի մենագրություն, որոնք ընդգրկված լինեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։ Բայց անգամ Ռուսաստանում այդպիսի հրատարակություն չկա, Խորհրդային Միությունից եկող գիտական շատ հզոր հրատարակություն կար՝ «Наука», որը չի ճանաչվում աշխարհում։ Այսինքն՝ այդ 4 հոդվածի դիմաց, եթե ես ուզենամ անգամ իմ կյանքը փրկել ու մի մենագրություն հրատարակել 5 տարին մեկ, դա պետք է արվի Օքսֆորդի ու Քեմբրիջի համալսարաններում, ինչն անհնար է,- ասում է Վ․ Մելիքյանն ու նշում, որ այդ պահանջները դրված են առաջատար գիտաշխատողի առաջ։ Միայն կրտսեր գիտաշխատողի համար այդ պահանջները չկան, իսկ մնացածը, այսպես ասած՝ վտանգված է»։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելիքյանը նկատում է, որ գործընթացն արդեն սկսվել է, թեպետ պաշտոնապես նշվում է 2026-ը․ «Չի բացառվում, որ այս տարվա ավարտին այդպիսի հոդված ներկայացնենք։ Հունվարի 1-ից հավելավճարն էլ արդեն հանվեց, ես՝ որպես դոկտոր, ստանում էի 50 հազար, թեկնածուները՝ 25 հազար դրամ, բայց դա էլ հանվեց։ Հիմա այդ պայմաններն իդեալապես բավարարելու դեպքում կարող է աշխատավարձի բարձրացում լինել, օրինակ՝ առաջատարի դեպքում 267 տոկոսով աշխատավարձը պետք է ավելանա, բայց այնպիսի պայմաններ են դրվում, որ ես չեմ կարող դա իրականացնել։ Հետո՝ ուրիշ վտանգ էլ կա այդտեղ, որ մեր հետաքրքրությունների շրջանակի մեջ մտնող թեմաներով այլեւս չենք կարող զբաղվել, որովհետեւ այդ թեմաները ոչ միայն դրսում, այլեւ նույնիսկ Ռուսաստանում չեն ընդունվի։ Օրինակ, իմ ուսումնասիրության շրջանը 1917-18թթ․-ն են, եւ ես ինչ գրում եմ, գրում եմ օբյեկտիվ՝ Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի դեմ, բայց սրանից հետո նրանք այդ հոդվածներն էլ չեն տպի։ Այսինքն ստացվում է՝ թեմատիկան էլ է դրսից պարտադրվելու։ Կամ, օրինակ, Արմենական կուսակցության պատմությունը Լոնդոնում կամ Ամերիկայում ո՞ւմ է հետաքրքրելու․ այսպիսի խնդիրներ կան»։
Գիտական աշխատողների ատեստավորման գնահատման չափանիշների քանակական նվազագույն պահանջների հաշվարկման համար՝ հրապարակումները պետք է ընդգրկված լինեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Գիտության հղման ընդլայնված ինդեքս (Science Citation Index Expanded (SCIE)), Հասարակական գիտությունների հղման ինդեքս (Social Sciences Citation Index (SSCI)), Նորահայտ աղբյուրների հղման ինդեքս (Emerging Sources Citation Index (ESCI)), Արվեստի եւ հումանիտար գիտությունների հղման ինդեքս (Arts&Humanities Citation Index (AHCI)) կամ Գրքերի հղման ինդեքսի (Book Citation Index) հրատարակիչների ցանկում ներառված հրատարակչությունների հրապարակած գրքի գլուխ կամ հոդված ժողովածուում, կամ Սիմագո Ջըրնըլ էնդ Քանթրի Ռենք (SCImago Journal & Country Rank) պորտալի առնվազն չորրորդ քառորդ (Q4), իսկ գիտաժողովի նյութերի դեպքում՝ առնվազն երկրորդ քառորդին (Q2) համարժեք ԷսՋեյԱր (SJR) ինդեքս (SCImago Journal Rank Indicator) ունեցող պարբերականներում (այսուհետ՝ ՄԳՇ)։

«Բայց այդ պայմանները պարտադրվում են Արեւելյան Եվրոպայի համեմատաբար հետամնաց ու նախկին հետսովետական հանրապետություններին։ Արեւմտյան Եվրոպայում ու Ամերիկայում չկա նման հասկացություն, այսինքն՝ քո աշխատանքն ու աշխատավարձը, օրինակ՝ Գերմանիայում չի կապվում «Սկոպիուս»-ում հոդված տպելու հետ։ Կամ եթե ուզում ես, տպի, բայց դրանից ոչ մի բան չի փոխվում գիտնականի կարգավիճակում»,- նկատում է Վ․ Մելիքյանը։

Այս պարագայում ի՞նչ նպատակ է հետապնդում գիտնականների ատեստավորումը։ «Դրա մասին արդեն քանի տարի խոսվում է, քանի որ բուհերում գիտությունը թույլ է զարգանում, ապա ուզում են ակադեմիան տանել բուհեր եւ միացնել բուհերին։ Եթե առաջ խոսվում էր գոնե հայագիտական թեքումով ինստիտուտները միավորելու եւ հայագիտական հզոր կենտրոն ստեղծելու մասին, այսօր դա էլ չկա։ Իսկ ատեստավորման այս կարգը եթե ինստիտուտը չի ընդունում, ուրեմն 27թ․-ից չեն ֆինանսավորվելու, դրա համար ընդունում են ատեստավորման կարգը, ու սկսվում է մի հետաքրքիր առնետավազք՝ ով որտեղ կարող է հոդված տպել, ինչ միջոցներով ու ծանոթով։ Էլ չեմ ասում, որ դրա մեծ մասը կապվում է գումարի հետ, սարսափելի գումարներ են, անվճար ամսագրեր կան Ռուսաստանում, սակայն, ենթադրենք, կյանքի գնով մեկը տպեցիր, բայց 4 հատ կարո՞ղ ես տպել։ Սա՝ միայն հոդվածների ու մենագրության մասով, իսկ այնտեղ ուրիշ պայմաններ էլ կան, որ դրված է գիտական կադրերի առաջ»։

Գիտնականներից շատերի կարծիքով, ներկայում մեծ ծավալ են կազմում, այսպես կոչված, open access վճարովի ամսագրերը, որոնք նույնպես ունեն ազդեցության գործակից, եւ այս ամսագրերում տպագրվելը շատ ավելի դյուրին է, բայց այդպիսի ամսագրերից մեկում տպագրվելու արժեքը կազմում է 1500 դոլար եւ ավելի։ Այսպիսի ամսագրերում կարող են տպագրվել այն լաբորատորիաները եւ խմբերը, որոնք ունեն դրամաշնորհային ծրագրեր, իսկ այն գիտնականները, ովքեր չունեն դրամաշնորհային ծրագրեր, հայտնվում են ոչ հավասար պայմաններում։