Միջազգային պատկառելի մրցաշարերը լուսաբանող մեկնաբանները հաճախ են իրենց հիացմունքն արտահայտում` շեշտելով աչքի ընկած մարզիկների տարիքային առանձնահատկությունները: Մարզական նուրբ վարպետությունը, հարուստ փորձը, ինչ խոսք, առավել հաճախ դրսեւորում են հասուն տարիքի մարզիկները: Մյուս կողմից, սակավ չեն եւ անակնկալները, որոնց հեղինակները շնորհաշատ երիտասարդներ են: Այդ ամենն ավելի քան բացահայտ դրսեւորվեց Ավստրալիայում, որտեղ անցած կիրակի ավարտվեց թենիսի բաց առաջնությունը, այլ կերպ ասած` Մեծ սաղավարտի մրցաշարը՝ աշխարհի անվանի վարպետների մասնակցությամբ: Ամենամեծ անակնկալները գրանցվեցին տղամարդկանց մրցումների ավարտական փուլում, երբ կիսաեզրափակչում միմյանց դեմ դուրս եկան հանրահայտ սերբ՝ անընդմեջ 33 հաղթանակ տարած Նովակ Ջոկովիչը եւ Իտալիան ներկայացնող, ծագումով գերմանացի 22-ամյա Յաննիկ Սինները: «Ուսուցչի եւ աշակերտի մրցամարտ» անունն ստացած այդ հանդիպման ելքը դարձավ գլխավոր անակնկալը․ հաղթանակ, այն էլ՝ 3:1 հաշվով, տարավ եւ եզրափակիչ դուրս եկավ անփորձ «աշակերտ» Սինները:
Ոչ պակաս անակնկալ եղավ նաեւ մյուս կիսաեզրափակչում, երբ ասպարեզ մտան երկու փորձառու Ալեքսանդրները` մոսկվացի Մեդվեդեւը եւ Գերմանիան ներկայացնող Զվերեւը: Առաջին երկու խաղափուլերի` սեթերի ավարտին առջեւում Զվերեւն էր` 7:5, 6:3: Եզրափակիչ դուրս գալու համար նրան մնում էր շահել եւս մեկ սեթ, սակայն ստացվեց ճիշտ հակառակը` Մեդվեդեւը, մի տեսակ կերպարանափոխվելով, իրար ետեւից գրանցեց երեք հաղթանակ` 7:5, 7:5 եւ 6:3, ու դարձավ եզրափակչի երկրորդ մասնակիցը: Անցած կիրակի կայացավ Մեդվեդեւ-Սիններ վճռական մրցամարտը: Եվ վերստին անակնկալ` առաջին երկու սեթերը շահելուց հետո Մեդվեդեւը գրանցեց երեք պարտություն` 6:3, 6:3, 4:6, 4:6, 3:6: Եվ հաղթանակն ու գլխավոր մրցանակը շահեց երիտասարդ Սինները: Կանանցից չեմպիոնի կոչմանն արժանացավ բելառուս թենիսիստ Արինա Սոբոլենկոն: Նա վստահ առավելության հասավ (6:3, 6:2) չինացի Չժեն Ցինվենի նկատմամբ: Եթե Սոբոլենկոյի համար դա երկրորդ նման նվաճումն էր, ապա Սինները, 10 տարվա ընդմիջումից հետո, դարձավ «Մեծ սաղավարտի» նոր տերը:
Բոլորիս համար անակնկալ էր, երբ հայտնի դարձավ, որ տեւական ընդմիջումից հետո մարզական ասպարեզ է վերադարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտը հրաշալի ներկայացրած Գյումրվա Ջուլֆալակյան ընտանիքի ներկայացուցիչը` Արսենը: Օլիմպիական չեմպիոնը որոշեց մարզական հարուստ ավանդույթները շարունակել (2008թ., Հարավային Կորեա): Հիշեցնենք, որ նրա հայրը` Լեւոնը, եղել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջին հայ օլիմպիական չեմպիոնը (1988թ., Չինաստան), աշխարհի չեմպիոն ու գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: Իսկ կրտսեր Ջուլֆալակյանի կյանքը, սպորտին զուգահեռ, ունեցել է անսովոր պատմություն` նա ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ընդունվել նույն ֆակուլտետի մագիստրատուրա, 2018-2020 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` «Քաղպայմանագիր» կուսակցությունից, ապա պատերազմից հետո հեռացել եւ քննադատել իշխանություններին:
Մարզական ասպարեզ վերադառնալով էլ օրերս արդեն Փարիզում մասնակցել է ըմբշամարտի միջազգային մրցաշարին ու արժանացել արծաթե մրցանակի: Ճիշտ է` հանդես գալով ոչ թե Հայաստանի, այլ Արգենտինայի դրոշի ներքո:
Մարզական ավանդույթները շարունակելու հարցում ունենք եւս մի հրաշալի օրինակ` Հենրիխ Մխիթարյանը` շնորհաշատ մի ֆուտբոլիստ, ով իր բացառիկ վարպետությունը դրսեւորել է ոչ միայն Հայաստանում, այլեւ ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող Գերմանիայի, Անգլիայի, ներկայում` Իտալիայի առաջնություններում: Օրերս Հենոն` «Ինտեր» թիմի մյուս խաղացողների հետ, արժանացավ սուպերգավաթակրի կոչման: Հավելենք, որ հենց այդ՝ մեծ ճանաչում ստացած հայ ֆուտբոլիստի դերակատարման շնորհիվ է «Ինտերն» այսօր համարվում Իտալիայի չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդ: Դե իսկ նրա հայրը` Համլետը, ժամանակին հանդես գալով «Արարատ-80» թիմում, եղել է մեր անվանի ակումբի ռմբարկուներից մեկը:
Նշենք, որ այլ երկրների բազում անվանի ֆուտբոլիստների ներկայացնելու յուրատեսակ ռեկորդն այսօր պատկանում է արաբական աշխարհին: Տարբեր թիմերում հանդես են գալիս մի քանի տասնյակ հանրահայտ օտարազգի խաղացողներ՝ ստանալով պատկառելի աշխատավարձեր: Սակայն ճիշտ է եւ այն, որ մեծ թվով հանրաճանաչ ֆուտբոլիստներ` տարբեր պատճառներով, վերջերս սկսել են լքել այդ երկրները եւ վերադառնալ Եվրոպա: Նրանցից մեկը, օրինակ, բրազիլացի Նեյմար դա Սիլվան է («Ալ-Հիլալ»), թեեւ նրա տարեկան աշխատավարձը կազմում էր 160 մլն եվրո: Նույնը կարելի է ասել ազգությամբ ալժիրցի Քարիմ Բենզեմայի մասին, որի աշխատավարձն «Ալ-Իթթիհադ» թիմում կազմում էր մոտ 200 մլն եվրո: Իսկ ահա 38-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որի աշխատավարձն «Ալ-Նասր» թիմում ամենաբարձրն է` 200 մլն եվրո, մտադիր չէ հեռանալ արաբական աշխարհից: Դեռ ավելին, նա ակտիվորեն մասնակցում է ոչ միայն տարբեր մարզական իրադարձությունների, այլեւ ազգային տոնահանդեսների՝ իրեն դրսեւորելով որպես արժանի քաղաքացի: Ի դեպ, նա անցյալ տարի սահմանել է յուրատեսակ ռեկորդ` հանդես գալով «Ալ-Նասրում» եւ իր երկրի հավաքականի կազմում. խփել է 54 գոլ:
Միսակ Նազարյան