Պատերազմի ընթացքը ցույց տվեց, որ թերացել ենք եւ լիարժեք չենք դրսեւորել մեր ներուժը

Պատերազմի ընթացքը ցույց տվեց, որ թերացել ենք եւ լիարժեք չենք դրսեւորել մեր ներուժը

Այս տարի Թանգարանների միջազգային օրը եւ «Թանգարանների գիշեր» միջոցառումը, COVID-19 համավարակով պայմանավորված, կնշվեն նույն օրը՝ մայիսի 18-ին: Դրանք կիրականացվեն «Թանգարանների ապագան. վերականգնել եւ վերաիմաստավորել» խորագրի ներքո` թանգարաններին եւ համայնքներին առաջարկելով ստեղծել, պատկերացնել եւ տարածել արժեքի ստեղծման նոր փորձերը, մշակութային հաստատությունների նոր բիզնես մոդելները եւ նորարարական լուծումները ներկայիս սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական մարտահրավերների պայմաններում:

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ թանգարանները բաց էին մինչեւ 24․00-ն, այս տարի թանգարանների դռները այցելուների առաջ բաց կլինեն մինչեւ 22․00-ն։

Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ թանգարանները պետք է վերակազմակերպեն եւ վերաիմաստավորեն իրենց աշխատանքը։ Թե 44 օրյա պատերազմը ի՞նչ բացթողումներ ի հայտ բերեց թանգարանային գործում, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասում է, որ իրենց թանգարանը միշտ հագեցած է եղել ռազմահայրենասիրական միջոցառումներով, այդ թվում՝ պատերազմի օրերին․ «Ինչ վերաբերում է հետեւություններին, պատերազմը փաստեց, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եղել, երբ զուգահեռ ամեն ինչի մեջ շեշտադրել ենք հայրենասիրությունն ու ռազմահայրենասիրությունը, միաժամանակ մեր հզորների օրինակով անընդհատ վեր հանելով ազատագրական շարժումներին առավել մեծ ներդրում ունեցած մեր հայրենակիցների վաստակը։ Պատերազմի ընթացքը նաեւ ցույց տվեց, որ մենք գուցե ոչ ճիշտ, բայց թերացել ենք եւ լիարժեք մեր ներուժը չենք դրսեւորել»,-ասում է Կ․ Վարդանյանն ու հավելում, որ պետք է տարբեր միջոցառումների, էքսկուրսիաների ժամանակ այցելուներին պատմել եւ ներկայացնել մեր պատմության ավելի շատ հպարտություն ներշնչող դրվագները։

Թանգարանի տնօրենն ասում է, որ պատերազմի ողջ ընթացքում 1918թ-ի իրադրաձություններն են լուսաբանել՝ ցույց տալու համար հանրությանը, որ առաջին անգամ չի հայ ժողովուրդը կանգնում նման փորձության առաջ․ «Եվ ինչպիսի պատվով է դուրս եկել, երբ 18թ-ին էլի հարցականի տակ էր ոչ միայն Արցախը, Զանգեզուրը, Նախիջեւանը, այլեւ շատ կենսական տարածքներ, եւ անհատը կարողացել է ամբողջ ազգի համար հարցեր լուծել, իսկ հիմա առավել մեծ հնարավորոթյուններ կան, որովհետեւ ունենք պետություն իր բոլոր ինստիտուտներով ու լծակներով»։

Կ․ Վարդանյանի կարծիքով, մեր հանրությունն իր լավագույն օրերը չի ապրում այս ընթացքում՝ անառողջ մթնոլորտ, լարվածություն, որ մինչեւ ընտրությունները գնալով ավելի է սրվելու եւ այդ առումով թանգարաններն ու մշակույթի օջախները լիցքաթափման հրաշալի միջոց են․ «Այդ առումով որքան շատ մեր հասարակությունը ընդգրկվի մշակութային օջախներում, այնքան այդ լարվածությունը կթուլանա եւ կփորձեն ապրել արվեստով ու մշակույթով»,-ասում է Վարդանյանն ու ընդգծում, որ այցելուների կորուստ թանգարաներն ունեցան 2020թ-ին, քանի որ կորանավիրուսի հետ կապված սահմանափակումները շատ խիստ էին եւ մշակութային օջախներն էլ չէին գործում․ «Իսկ վերաբացվելուն պես զգալի կորուստ չենք ունեցել եւ կարծես թե այցելուների հոսքերի հետ կապված լուրջ հետընթաց չունենք»։

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը, ինչպես մնացած բոլոր թանգարանները վաղը ժամը 11․00-ից–22․00-ն հագեցած օր է ունենալու, լինելու են միջոցառումներ տարբեր տարիքի այցելուների համար։