Արայիկ Հարությունյան, Դուք գիտե՞ք՝ ֆուտբոլ քանի հոգով են խաղում

 Արայիկ Հարությունյան, Դուք գիտե՞ք՝  ֆուտբոլ քանի հոգով են խաղում

Փառք Աստծո, ես կարողացա սառույցը կոտրել, մենք ոսկե մեդալ չունեինք։ Դժվարությունները շատ էին։ Միայն այն, որ մենք լավ պայմաններ չունեինք, դա արդեն հերիք է, դժվարություն է։ Այս մասին վերադառնալով Հայաստան՝ «Զվարթնոցում» լրագրողների հետ զրույցում ասել է սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը, վերջինս, հիշեցնենք, ընդամենը երկու օր առաջ հենացատկի վարժությունում նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին ոսկե մեդալը։

«Խնդիրները իրոք շատ են, վնասվածքներ են լինում և այլն։ Լիքը խանգարող հանգամանքներ կան, որին մենք այդքան էլ ուշադրություն չենք դարձնում ու գնում ենք առաջ։ Կարևորն այն է, որ կարողացանք ամենք դեպքում երկու մեդալ նվաճել։ Ի դեպ, սա առաջին դեպքն է, որ աշխարհի առաջնությունից երկու մեդալով ենք գալիս։ Մյուս տարի ևս շատ կարևոր տարի է, որովհետև հաջորդ տարի արդեն վարկանիշ պիտի ձեռք բերենք օլիմպիադայի համար։ Առաջիկայում պիտի պատրաստվենք, որ այդ վարկանիշը ունենանք, իսկ դրանից հետո միայն արդեն կսկսենք պատրաստվել օլիմպիական խաղերին։ Այո, դե արդեն պիտի ձգտենք օլիմիական մեդալին՝ օլիմպիական ոսկուն»,- հավելեց նա։

Հատկանշական է, որ վատ պայմաններից Դավթյանը դժգոհել էր նաև 2021 թվականին, երբ նախագահականում լավագույն 10 մարզիկները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվում էին։ «Մեր միակ խնդիրը պայմաններն են․ չունենք նորմալ մարզադահլիճ։ Ինչքանով տեղյակ եմ, նոր մարզադպրոցի կառուցումը շատ մոտ է։ Մեզ համար հիմա միայն պայմաններ են պետք, այդ դեպքում մեր նվաճումները կկարողանան կրկնել ավելի երիտասրադ մարզիկներ։ Նպատակս գալիք տարում Աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելն է»,- ասել էր Դավթյանը։ 

Աշխարհի չեմպիոնը վերադառնալով հայրենիք նորից խոսում է վատ պայմաններից, փոխարենը՝ ՔՊ-ականները մարզական այս հաջողությունը կրկին փորձում են իրենց կողմը քաշել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սպորտային հերթական հաջողությունից հետո հերթական  գրառումն է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Ոսկե մեդալ՝ առաջին անգամ։
Հայաստանի անկախության ընթացքում առաջին անգամ Արթուր Դավթյանը մեզ պարգևեց աշխարհի ոսկե մեդալ: Հենացատկում նա քիչ առաջ արձանագրեց, որ հավասարը չունի աշխարհում: Բրավո, Արթուր ջան»,- գրել է Արայիկ Հարությունյանը։ Ուսումնասիրելով Հարությունյանի էջը՝ սպորտային բազմաթիվ հրապարակումների ենք հանդիպում։ 
«Ես չգիտեմ, թե ով ում է շնորհակալ, բայց ոլորտը քեզ է շնորհակալ հետևողականության համար:
Հ.Գ. Հայաստանը մինչև հիմա մարմնամարզությունից ուներ մեկ բրոնզե մեդալ: Այն ժամանակ հաջողության էր հասել Հարություն Մերդինյանը: Այսօր նա կրկնել է իր արդյունքն Աշխարհի առաջնություններում: Սպասում ենք մեր մյուս տղեքին»,- Դավթյանի հաղթանակի վերաբերյալ գրառումից առաջ գրել է Հարությունյանը, որը, ինչպես երևում է, չի կարողանում համակերպվել նոր պաշտոնի հետ, իրեն կրկին ԿԳՄՍ նախարար է զգում։

Հայաստանի ազգային հավաքականի տնային հանդիպումներին Հարությունյանին մշտապես տեսնում են «Հանրապետական» ստադիոնի VIP օթյակում։ Մարզասեր Արայիկ Հարությունյանին տևական ժամանակ առաջ, հիշեցնենք, երիտասարդները ԿԳՄՍ-ի դեմ ակցիաների ժամանակ ձեռք էին առնում, պնդում՝ հանդիսանալով նաև սպորտի ոլորտը համակարգող նախարար, սպորտին բացարձակ չի տիրապետում, մինչդեռ Հարությունյանը մինչև այսօր փորձում է հակառակն ապացուցել։

«Արայիկ Հարությունյան, Դու գիտե՞ք՝ ֆուտբոլ քանի հոգով են խաղում»,- ասում էին երիտասարդները ԿԳՄՍ շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ։