Աբխազիան և Հրվ․ Օսիան չեն վերադառնա Վրաստանի կազմ․ Գոնչար

Աբխազիան և Հրվ․ Օսիան չեն վերադառնա Վրաստանի կազմ․ Գոնչար

Արևմտյան երկրները բացահայտ ճնշում են գործադրում Թբիլիսիի վրա, չնայած այն հանգամանքին, որ ոչ թռիչքները, ոչ էլ Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների բոլոր բաղադրիչները չեն խախտում գործող պատժամիջոցների ռեժիմը։

Այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։

Ռուսաստանցի դիվանագետը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների վերսկսումը և այս երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ներդրումը հիմնավորել է վրաց և ռուս ժողովուրդների միջև շփումները հեշտացնելու, ինչպես նաև Մոսկվայի և Թբիլիսիի միջև հումանիտար և տնտեսական կապերը խթանելու անհրաժեշտությամբ։ 
Գոնչարն ասել է, որ Մոսկվան ապագայում ևս առաջնորդվելու է այս շարժառիթներով։
Միևնույն ժամանակ, ռուս դիվանագետը նշել է, որ չնայած օդային հաղորդակցության վերականգնմանը, «Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը ճանաչված է մի շարք պետությունների կողմից և ենթակա չէ վերանայման»:

Նրա խոսքով, «Ռուսաստանը նպատակ ունի երկարաժամկետ դաշնակցային հարաբերություններ կառուցել Աբխազիայի և Հարավային Օսիայի եղբայրական ժողովուրդների հետ»՝ մատնանշելով, որ Մոսկվան երկար պատմական կապեր ունի նրանց հետ, և ՌԴ-ի դիրքորոշումը «կոնյունկտուրայի ենթակա չէ»։ 

Գոնչարը նաեւ նշել է, որ Մոսկվան «լրջորեն պատրաստվում է այդ երկու հանրապետությունների անկախության ճանաչման 15-ամյակին»։