Ընտրակաշառք բաժանելու համար քրգործ է հարուցվել․ մեղադրյալ չկա

Ընտրակաշառք բաժանելու համար քրգործ է հարուցվել․ մեղադրյալ չկա

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո իրավապահ մարմինները հայտարարություններ էին տարածում ընտրախախտումների վերաբերյալ։
Ըստ Գլխավոր դատախազության՝ ստացված ահազանգերից եւ հաղորդումներից 2-ը վերաբերում է մինչև քվեարկության օրը ընկած ժամանակահատվածում Վարդենիս և Գավառ համանքներում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,  Վարդենիս խոշորացված համայնքում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն։ Սևան, Գավառ, Մարտունի խոշորացված համայնքների տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն։ Վարդենիս և Գավառ խոշորացված համայնքների ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն եւ այլն։

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործության դեպքերի վերաբերյալ 11 հաղորդում ուղարկվել են ոստիկանության կամ քննչական մարմիններ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում ներկայացված տվյալները պարզելու, իրավական գնահատականի արժանացնելու հանձնարարությամբ: Դրանցից 6-ով նյութերի նախապատրաստումը շարունակվում է: 

Կա հարուցված մեկ քրեական գործ՝ նախընտրական շրջանի հետ կապված, այս գործով որեւէ անձի մեղադրանք չկա առաջադրված։

«Քրեական գործը հարուցվել է Եղեգնաձորում համայնքային ընտրությանը մասնակցող ուժերից մեկի կողմից ընտրակաշառք տրամադրելու դեպքին, որի մասին ոստիկանությունում ստացվել են օպերատիվ տվյալներ: Նյութերի հետագա նախապատրաստումը քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ՀՀ Հակաոռուպցիոն կոմիտեին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ընթանում է նախաքննություն: Դրա շրջանակներում կատարվում են համապատասխան քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա այս պահին»- ասացին դատախազությունից։