Մամուլը պետք է կարողանա գաղտնի պահել իր աղբյուրները․ Հարութ Սասունյան

Մամուլը պետք է կարողանա գաղտնի պահել իր աղբյուրները․ Հարութ Սասունյան

Իմքայլական վարչախմբի վեց պատգամավոր «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին առընչվող օրինագիծ է կազմել, որով նոր սահմանափակումներ են նախատեսվում լրատվամիջոցների գործունեության համար։

Մտածված փոփոխություններից ամենաանհեթեթն առընչվում է անանուն աղբյուրներին վերաբերող դրույթներին, որով, ըստ էության, զրկում են աղբյուրներին անանուն մնալուց։

Լրագրողական գործունեության մեջ աղբյուրն անանուն թողնելը ելնում է նաև տվյալ աղբյուրի, անձի անվտանգությունից, ով կարևոր, հանրային, պետական շահին ու անվտանգությանը, անձի կյանքին, անվտանգությանն առընչվող տեղեկություն է փոխանցել լրատվամիջոցին։ Տվյալ աղբյուրի բացահայտումը կարող է վտանգի ենթարկել թե՛ իր, թե՛ իր ընտանիքի ու մտերիմների կյանքը, քանի որ վարչական, փողոցային, խաժամուժային, վարչախաժամուժային լծակներ ունեցող անհատները, խմբերը, պետական պաշտոնյաները կարող են սպառնալ, խոշտանգել ընդհուպ մինչև կյանքից զրկել տվյալ անձին։

Անանուն աղբյուրին հղում անելը լիովին տեղավորվում է լրագրողական գործունեության սահմաններում, այդ թվում՝ արտասահմանյան լրագրողական գործունեության։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական խորհրդի, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ է։

Չպետք է նաև մոռանալ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանական խոսափողների տարածած ստերը, 2,5 տարվա ընթացքում վարած քաղաքականությունը, որոնք Հայաստանը և Արցախը տարան մարդկային ու տարածքային մեծ կորուստների։

Իսկ թե ինչու են այս պատգամավորները գնում այսպիսի քայլի, առավել քան պարզ է՝ սա տեղավորվում է իրենց առաջնորդի և իրեն սպասարկողների մարդկային «որակների» շրջանակներում։

Թեմայի շուրջ «Հրապարակ» թերթը զրուցել է Ամերկայի Միացյալ Նահանգներում «Կալիֆոռնիա Կուրիեր» (The California Courier) շաբաթաթերթի հրատարակիչ ու գլխավոր խմբագիր, ամերիկահայ գրող Հարութ Սասունյանի հետ։

- Պարո՛ն Սասունյան, իշխող վարչախումբը փորձում է նոր սահմանափակումներ դնել Հայաստանում Զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ։ Սա ինչպե՞ս կազդի Հայաստանում ազատ խոսքի տարածման վրա։

- Պետք է պետությունը շատ զգույշ լինի, որ չսահմանափակի ԶԼՄ-ների ազատությունը։ ԶԼՄ-ները պետք է ազատ գործեն, բացի եթե խախտում են օրենքը, օրինակի համար՝ դիտումնավոր վարկաբեկում են մի անհատի վարկը կեղծ տեղեկություններով։

Մանավանդ այս կառավարությունը, որ իշխանության է եկել դեմոկրատիայի արժեքները պահպանելու անվան տակ, շատ ավելի զգույշ պետք է լինի ԶԼՄ-ների իրավունքները սահնամափակելու հարցում։

Հայաստանը՝ որպես անդամ Եվրոպական խորհուրդի , պարտավոր է հարգել խոսքի և մամուլի ազատությունը, եթե ոչ, ստանալու է համարժեք դատապարտում Եվրոպական մարդկային իրավունքների դատարանից [European Court of Human Rights / Մարդու իրավունքների եվրոպական դատարան]։

Ընդհանրապես, ԶԼՄ-ների այս առաջարկած օրենքը բազմաթիվ ոչ հստակ, նույնիսկ անհասկանալի դրույթներ պարունակում է։

Իմ կարծիքով, նախքան այսպիսի օրենք ընդունելը, Ազգային ժողովը պետք է լսումներ անցկացնի մամուլի անդամների հետ, մասնագետների հետ, Եվրոպական խորհուրդի հետ և այլն։

- ԶԼՄ-ների հարցում ինչպիսի՞ն է ԱՄՆ քաղաքականությունը։ Արդյո՞ք նման սահմանափակումներ կան։

- Ամերիկայի սահմանադրությամբ ամրագրված է խոսքի ազատությունը, որը նաև ընդգրկում է մամուլի ազատությունը։ Միայն օրենքի խախտման պարագայում՝ պետությունը կամ մի ուրիշը եթե վարկաբեկվել է, կարող է ԶԼՄ-ների դեմ դատ բացել։

- Այս իշխանություններն իրենց կենդանի խոսափողների միջոցով ամբողջ պատերազմի ընթացքում ստում էին։ Բացի այդ, ունեն իրենց սեփական ֆեյքերը, սունկ կայքերն ու ստեր տարածող յութուբյան ալիքները, որոնց միջոցով շարունակ զրպարտություն ու մանիպուլյացիաներ են տարածվում։

- Ես մեծ մտահոգությամբ հետևում էի պատերազմի օրերին պետության հրահանգին կամ օրենքին՝ ոչ մի բան չհրատարակել բացի պաշտոնական աղբյուրներից։ Սա շատ լուրջ սահմանափակում էր ԶԼՄ-ների ազատության։ Հիշում եմ դեպքեր, երբ ժուռնալիստը ճակատում իր աչքով տեսնում էր մի բան, բայց չէր կարող ճշմարտությունը գրել, քանի որ հակասում էր պաշտոնական սուտ տեղեկությանը։

Կուզենամ ավելացնել, որ 12-րդ հոդվածում գրված ֆինանսական աղբյուրների հարապարակումն ավելորդ մի բան է, քանի որ ինչպես բոլորը, ԶԼՄ-ները ևս ամեն տարի ներկայացնում են իրենց եկամուտների հաշվարկը պետությանը։ Ֆինանսական տեղեկությունը հրապարակելը խախտում է ԶԼՄ-ների ներքին տեղեկության։ Չի կարելի հրապարակայնացնել։

7-րդ հոդվածի 4-րդ կետում գրվել է, թե արգելվում է հղում կատարել անանուն աղբյուրների։ Սա շատ սխալ սահմանափակում է։ Մամուլը պետք է կարողանա գաղտնի պահել իր աղբյուրները, որպեսզի պետությունը կամ ուրիշները չհետապնդեն աղբյուրին։ Այս հոդվածը վստահ բեկանվելու է Եվրոպայի մարդկային իրավունքների դատարանի կողմից: