Պատճառը դեսպան նշանակվե՞լն էր, թե՞ հանքի նկատմամբ վերաբերմունքը

Պատճառը դեսպան նշանակվե՞լն էր, թե՞ հանքի նկատմամբ վերաբերմունքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, «Հրապարակին» տված հարցազրույցում խոսելով Ամուլսարի հանքի շահագործման մասին, ասել էր, որ ինքն այժմ որեւէ կապ չունի «Լիդիան» ընկերության հետ, նախկինում եղել է ընկերության խորհրդի անկախ անդամ` ընդամենը մոտ երեք ամիս, այդ ժամանակ «Լիդիանը» մի ընկերություն էր, որը Հայաստանում կատարել էր երկրաբանական հետազոտություն եւ դիմել էր կառավարությանը՝ արդյունաբերական լիցենզիայի համար որոշակի արդյունաբերական լուծում տալու նպատակով։ «Նայելուց հետո ես իմ կարծիքը հայտնել եմ խորհրդի նախագահին, ապա դիմում եմ գրել՝ դուրս եկել։ Կարո՞ղ եք գլխի ընկնել, թե ես խորհրդի նախագահին ինչ եմ ասել։ Իմ դուրս գալուց հետո այդ ընկերության գործադիր տնօրենին հեռացրին աշխատանքից։ Կարող եք գլխի ընկնել, թե ինչու։ Դրանից հետո անցել է արդեն վեցուկես տարի, եւ ես չգիտեմ՝ ինչով է զբաղվել, ինչպես է փոխվել այդ ընկերությունը, որի հետ որեւէ կապ չունեմ։ Ես դուրս եմ եկել «Լիդիանի» տնօրենների խորհրդի կազմից 2013 թվականի ամռանը»,- այսպես էր ասել պարոն Սարգսյանը։

Հարցազրույցից հետո մեզ ուղարկեցին անգլերեն գրված նամակը, որով Արմեն Սարգսյանը դիմել էր «Լիդիանի» ղեկավարությանը՝ հրաժարական ներկայացնելով ընկերության խորհրդի անկախ տնօրենի պաշտոնից։
Դիմումում Ա․ Սարգսյանը գրել է․ «Հարգելի Գորդոն Վայլ, ի պատասխան հուլիսի 8-ի իմ նամակի, ես հաստատում եմ, որ հրաժարական եմ տալիս «Լիդիանի» անկախ տնօրենի պաշտոնից՝ խուսափելու համար հնարավոր շահերի բախումից։ Ես հրավիրվել եմ ստանձնելու Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը։ Այս նշանակման ֆորմալ պրոցեդուրաներն արդեն կատարվում են։ Խնդրում եմ պատշաճը տնօրինել իմ հրաժարականի ֆորմալացման հետ։ Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ ընկերությունը իմ նոր պաշտոնում կլինի իմ ուշադրության կենտրոնում, որպես դեսպանի։ Ես կշարունակեմ աջակցել «Լիդիանի» ջանքերին՝ կապված Հայաստանում առաջին հանրային լեռնահանքարդյունաբերական ընկերության կառուցման հետ, որը հավակնում է լինել տեխնիկական եւ գործարար նորարարություն։ Ես նաեւ շարունակելու եմ օժանդակել այն ջանքերին, որոնք ներդնում է «Լիդիանը»՝ կառուցելու համար բարձր էկոլոգիական ստանդարտներ ունեցող ընկերություն»։

Իսկ մեզ տված հարցազրույցում ասվել էր, որ իր հրաժարականը բխել է հանքի հետ կապված ինչ-ինչ խնդիրներից կամ հանքի նկատմամբ իր վերաբերմունքից, մինչդեռ նամակում նշում է, թե պատճառն իր՝ Միացյալ Թագավորությունում դեսպան նշանակվելն է։ Մենք կրկին փորձեցինք ճշտել պարոն Սարգսյանից՝ ի վերջո ի՞նչն է եղել իր հրաժարականի պատճառը։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ փոխանցեցին․ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բազմիցս, այդ թվում՝ նաեւ «Հրապարակ» օրաթերթի թղթակցի հետ հարցազրույցում հանգամանորեն անդրադարձել է 6 տարի առաջ «Լիդիան» ընկերության հետ իր կապին, ինչպես նաեւ ներկայացրել Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մոտեցումները: Հարկ ենք համարում նշել, որ Արմեն Սարգսյանի եւ «Լիդիան ինթերնեյշնլի» հաղորդակցությունը խորհրդատվական եւ խորհրդապահական բնույթ է ունեցել, որի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ: Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած նամակին, այնտեղ պահպանված են կորպորատիվ էթիկայի բոլոր կանոնները: Ձեզ հետ զրույցում նախագահ Սարգսյանի անդրադարձի եւ նշված նամակի բովանդակության միջեւ հակասություն չկա»։