Աշոտյանն ընդունում է իր մեղքը Սերժ Սարգսյանին վարչապետ առաջադրելու հարցում

Աշոտյանն ընդունում է իր մեղքը Սերժ Սարգսյանին վարչապետ առաջադրելու հարցում

Հոկտեմբերի 30-ին ՀՀԿ գրասենյակում իրենց քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականներ հանձնելիս հնչած հարցերին ի պատասխան՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը խոստացավ, որ շուտով կխախտի լռությունն ու կխոսի։ Սարգսյանը, որ դեռ 2 տարի առաջ տղամարդավարի խոստացել էր, որ այլեւս չի հավակնելու երկրի ղեկը ստանձնելուն, բայց կարճ ժամանակ անց որոշումը փոխեց ու դարձավ վարչապետ, այդ օրը խրոխտ հայտարարեց, որ ինքը երբեք իր որոշումները չի փոխում։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, մինչ ՀՀԿ նախագահի բուն հայտարարություններին անդրադառնալը, նախ հարցրինք՝ ի վերջո, ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանը։ Աշոտյանը նախ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի երրորդ նախագահն է եւ այսօր էլ ղեկավարում է ամենախոշոր արտախորհրդարանական ուժերից մեկը՝ ՀՀԿ-ն։ «Այս նախապատմությունն ինչու եմ ասում, որպեսզի հասկանալի լինի՝ նա ինչ է ուզում, պետք է հասկանալ՝ նա ինչ կյանքի ուղի է անցել, եւ այսօր ինչ քաղաքական դիրքավորում ունի այն ուժը, որը նա ղեկավարում է։ Սերժ Սարգսյանը, վստահ եմ, ուզում է անվտանգ ու բարեկեցիկ Հայաստան ու Արցախ»։

- Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այն, թե Սերժ Սարգսյանը շուտով կխոսի։ Մարդ, որը 10 տարի լռում էր եւ առանձնապես բաց ու ազատ չէր շփվում հասարակության հետ, իսկ իր հրաժարականից հետո մեկուկես տարի դարձյալ լռում է, ինչո՞ւ է հիմա որոշել խոսել։

- Ես այդքան էլ համաձայն չեմ, որ 10 տարի շատ չէր շփվում, նա 10 տարի բավականին ինտենսիվ հանրային եւ հրապարակային գործունեություն է ծավալել ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ։ Եթե Դուք նկատի ունեք, որ շփման մշակույթն իր մոտ տրադիցիոն է եղել, այո։ Ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակից հետո Սերժ Սարգսյանի խոսելու ցանկությունը միշտ տեղն է եղել, բայց պետք է լինի համարժեք հասարակաքաղաքական մթնոլորտ եւ միջավայր, որպեսզի այդ խոսքը չդիտվի միայն լոկ որպես քաղաքական հակադրությունների կամ բախումների նոր առիթ։ Այդ խոսքը պետք է լինի նաեւ մտորելու առիթ, Հայաստանի քաղաքական օրակարգի վերաձեւավորման առիթ, իսկ դրան արդյոք հասարակական-քաղաքական միտքը պատրա՞ստ էր այս մեկուկես տարվա ընթացքում։

- Սերժ Սարգսյանի հրաժարականի «կախարդական» խոսքերը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», մնաց չմեկնաբանված, հիմա ի՞նչ է ասելու, փոշմանե՞լ է իր խոսքերի համար։

- Համաշխարհային պատմությունը եւ Հայաստանի քաղաքական պատմությունը բազմաթիվ օրինակներ ունեն, երբ որ մարդիկ, որոնք հեռանում են ղեկավար պաշտոններից, հետո վերադառնում են իրենց դեմքով ակտիվ քաղաքականություն։ Էստեղ զարմանալ պետք չէ։ Չերչիլի՝ մի քանի անգամ հրաժարական տալուց եւ վերադառնալուց սկսած՝ վերջացրած հայկական օրինակներով, օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան կամ Կարեն Դեմիրճյան։ Ինչ վերաբերում է Ձեր ասած հիմնավորումներին՝ այդ «կախադրական» ֆրազի հետ կապված, ես մի քանի անգամ ասել եմ՝ վստահ եմ, որ հնարավոր չէր հրաժեշտի ավարտական սեղմագրում ասել ամեն ինչ։ Եվ այդտեղ ավելի շատ թեզեր են, քան վերջնական ճշմարտություններ։ Եվ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունն ավելի շատ բարդ ստորադասական նախադասություն է ենթադրում իր տողակատերում։ Եվ ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը չի խոսելու միայն անցյալի մասին, դա մեմուարների, հիշողությունների խոսք չի լինելու, դա լինելու է արդի եւ ապագա քաղաքական օրակարգերին, մեր երկու հայկական պետություններին միտված խոսք, իհարկե, նաեւ անցյալի վերլուծություններով, ներկայի ախտորոշումներով եւ ապագայի տեսլականներով։

- Ի դեպ, Սերժ Սարգսյանը պլաններ ունի՞ վերադառնալու քաղաքականություն՝ ոչ թե այլոց, այլ հենց իր դեմքով։

- Սերժ Սարգսյանն ակտիվ քաղաքականության մեջ է, որովհետեւ ղեկավարում է 60 հազար ձայն ստացած եւ ԱԺ ֆալսիֆիկացված ընտրություններին 4-րդ տեղը զբաղեցրած ամենախոշոր արտախորհրդարանական ուժ հանդիսացող քաղաքական ուժը։ Եվ այս մեկուկես տարին ՀՀԿ-ն, ոչ Սերժ Սարգսյանի շուրթերով, բայց ակտիվորեն մասնակցել է Հայաստանի քաղաքական զարգացումներին։ Եվ, եթե պատկերավոր ասեմ, Աշոտյան Արմենի, Էդուարդ Շարմազանովի, ժամանակին՝ Վիգեն Սարգսյանի կամ Արփինե Հովհաննիսյանի շուրթերով խոսում էր նաեւ Սերժ Սարգսյանը։

- Սերժ Սարգսյանը նաեւ ղեկավարում է այն ուժը, որը նախորդ ընտրություններում ընտրակաշառքի ու վարչական լծակների օգտագործման արդյունքում շատ  բարձր տոկոսներ էր խփում։

- Ես կառաջարկեմ նման ձեւակերպումներից զերծ մնալ, քանզի ես Ձեզ հիշեցնում եմ, որ ընտրակաշառքի բաժանման եզակի դեպքերից բացի, որեւէ համակարգային կոռուպցիայի կամ ընտրակաշառքի ապացույցներ անգամ այս իշխանությունները չեն բերել։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած դաշինքն ընդունել են նախորդ՝ 2017-ի ընտրությունների արդյունքները, ՍԴ-ում էլ չեն վիճարկել։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսների կիրառմանը, ապա վերջին ընտրությունները փայլուն ապացույցն էին դրա, եւ տասնյակ փաստեր գիտենք, որոնք վկայում են այն մասին, որ եթե նման մեղքեր գործվել են ժամանակին, ապա այդ մեղքերն այսօր ոչ միայն չեն վերացել, այլ այդ մեղքերն այսօր շատ ավելի ցցուն են ու շատ ավելի լկտի։

- Վերադառնանք Սերժ Սարգսյանի խոսքերին․ նա ասաց, որ ինքը որոշում փոխող չէ։ Ի՞նչ եք կարծում, ես՝ որպես քաղաքացի, ինչպե՞ս կարող եմ հավատալ մի մարդու խոսքերին, որի որոշում փոխելու ամենաթարմ օրինակներից մեկն այն էր, որ նա տարիներ առաջ հայտարարեց, որ ինքն այլեւս չի հավակնելու երկրի ղեկին, բայց հետո դարձավ վարչապետ։

- Ասեմ՝ ինչպես․ եկեք քննադատական անալիզի ենթարկենք այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը, եւ այն, ինչի հետ Դուք փորձում եք կապել Ձեր անհավատությունը։ Նա 2014 թ․ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ ասաց, որ չի հավակնում դառնալ վարչապետ։ Դա որոշում չէր, նա ասաց, որ չեմ հավակնում դառնալ վարչապետ։ Ես ընդունում եմ, որ այն միտքը, որ նկատի է ունեցել Սերժ Սարգսյանը 2014 թ․, սխալ մեկնաբանվեց, գուցե սխալ ձեւակերպվեց եւ դարձավ բեռ նրա հետագա քաղաքական գործունեության վրա։ Ես ընդունում եմ դա, որ այն միտքը, որ նա ուզում էր հասցնել, գուցե ավելի պարզ բառերով, երկիմաստություն չենթադրող եւ տարակարծությունների ու մանիպուլյացիաների տեղ չթողնող նախադասություններով ու ֆրազներով կարելի էր ասել։ Որովհետեւ Սերժ Սարգսյանն այն ժամանակ որոշում չուներ, որ չի առաջադրվելու։ Եվ այստեղ որոշում չի փոխվել, եւ նրա՝ երկու տարի առաջ ասած խոսքն ուժի մեջ է։

- Այդ դեպքում ինչպե՞ս հավակնեց, եթե չէր հավակնում։ Պարոն Աշոտյան, որքան էլ փորձեք Դուք, Գեւորգ Կոստանյանը եւ մյուսները բացատրել, «կռուտիտ» անել, ինչպես ասում են, միեւնույն է, հասարակությունն ունի հստակ մոտեցում, որ Սերժ Սարգսյանը, խոստանալով, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, դրժեց իր խոսքը։

- Սերժ Սարգսյանն ասաց, որ չի հավակնում, եւ եթե անգամ հավակնեց, դա իր որոշման փոփոխության մասին չի խոսում։ Նա չի որոշել, որ չպիտի առաջադրվի ու հետո որոշել է, որ պիտի առաջադրվի։

- Իսկ գուցե դուք՝ նրա թիմակիցնե՞րդ եք որոշել, որ առաջադրվի։

- Դա էի ուզում ասել՝ դա եղել է կուսակցական որոշում։ Այո, ես ընդունում եմ, որ եղել է կուսակցական շրջանակների կողմից նախագահի վրա առաջադրվելու որոշում կայացնելու ազդեցություն, այդ թվում՝ ընդունում եմ իմ մեղքի բաժինը կամ իմ ներազդեցության բաժինը։