Հասնել նրանց, ովքեր առջեւում են, եւ չսպասել նրանց, ովքեր ետեւում են

Հասնել նրանց, ովքեր առջեւում են, եւ չսպասել նրանց, ովքեր ետեւում են

Պատանեկան տարիքի մարզիկների համար միջազգային բազում ստուգատեսներ են ընթանում, որոնց մասնակցելով՝ մեր տղաներն ու աղջիկները գրանցել են մի շարք բարձր ցուցանիշներ: Հատկապես տպավորիչ էին 15-17 տարեկան ծանրորդների ելույթները Քիշնեւում կայացած Եվրոպայի առաջնությունում: Բոլորիս հիացրեց 16-ամյա Էմմա Պողոսյանը: 81 կգ քաշային կարգում գրանցած նրա արդյունքները գերազանց էին` երկամարտում ցույց տվեց 225 կգ, պոկում եւ հրում վարժություններում էլ չունեցավ հավասարը՝ գրանցելով 96 եւ 129 կգ, ընդ որում՝ երկրորդ ցուցանիշը Եվրոպայի նոր ռեկորդ է: Անցյալ տարի էլ նա արժանացել է աշխարհամասի չեմպիոնի տիտղոսին: Հուսանք, որ Էմմա Պողոսյանի հաղթարշավը շարունակություն կունենա:

Իրեն հրաշալի դրսեւորեց ես մի շնորհաշատ աղջիկ` Աննա Ամրոյանը: 17-ամյա այս մարզուհին 76 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տարավ՝ երկամարտում գրանցելով բարձր` 209 կգ: Նա եւս 2 փոքր ոսկե մեդալներով պարգեւատրվեց՝ պոկում եւ հրում վարժություններում հասնելով լավագույն արդյունքների` 92 եւ 117 կգ: Իսկ մինչ այդ պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին էին կանգնել մեր տղաները` Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), ով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց՝ երկամարտում ցույց տալով 278 կգ, երկու վարժություններում էլ վստահ գերազանցելով մրցակիցներին` 131 եւ 147 կգ: Հիշենք, որ ապրիլ ամսին էլ Ալբանիայի Դուրես քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում է Բարսեղյանի պատվին հնչել Հայաստանի օրհներգը։

Քիշնեւում աչքի ընկան նաեւ Ժորա Գրիգորյանը (61 կգ), ով երկամարտում 244 կգ գրանցելով ու գերազանցության հասնելով բոլոր մրցակիցների նկատմամբ՝ արժանացավ նաեւ փոքր ոսկե մեդալի, պոկում վարժությունում ցույց տալով 135 կգ արդյունք: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց նաեւ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ)՝ երկամարտում գրանցելով 305 կգ: Ընդհանուր հաշվով, մեր պատանի ծանրորդներն արդարացրին իրենց, շահելով 10 մեդալ` 5 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե: 

Ի դեպ, ստացվեց զարմանալի զուգադիպությամբ` ազատ եւ հունահռոմեական ոճի մեր 15-ամյա ըմբիշներն էլ նույնանման ստուգատեսից տուն վերադարձան 10 մեդալով՝ 1 ոսկե, 4 արծաթե եւ 5 բրոնզե: Ըմբիշների առաջնությունն անցկացվեց Հունգարիայի Կապոշվար քաղաքում: Միակ ոսկեփայլ մրցանակին արժանացավ ազատ ոճի ըմբիշ, 62 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը: Եզրափակիչ գոտեմարտում նա 12:6 հաշվով համոզիչ առավելության հասավ վրացի Կոբա Գոգաձեի նկատմամբ: Արծաթե մեդալակիրներ դարձան հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Պապիկյանը (44 կգ) եւ Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ), ազատ ոճայիններ Գառնիկ Մանուկյանը (41 կգ) եւ Պետրոս Բաղրամյանը (85 կգ): 
Իսկ եվրոպական ստուգատեսները շարունակվելու են` հուլիսի 19-ին Կոսովոյի Պրիշտինա քաղաքում մեկնարկելու է 16 տարեկան բասկետբոլիստների առաջնությունը: Մեր տղաները, ներկայացնելով C դիվիզիոնի B ենթախումբը, նախնական խաղերը կանցկացնեն Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի են Ադրբեջանի թիմերի հետ: Իսկ նույն տարիքի աղջիկների մրցաշարը մեր հավաքականի մասնակցությամբ կմեկնարկի հուլիսի 18-ին, Անդորրայում: Հայաստանի թիմի նախնական մրցակիցները կլինեն Մալթայի, Ջիբրալթարի եւ Վրաստանի հավաքականները:
Մեր բասկետբոլի ֆեդերացիան էլ օրերս հայտ ներկայացրեց՝ մասնակցելու աշխարհի 2027 թ. առաջնության նախնական մրցափուլին: Ահա այդ մրցափուլի ժամանակացույցը` 2024 թ․ փետրվարի 19-27, նոյեմբերի 18-26 եւ 2025 թ. փետրվարի 17-25:

Մարզասերների շրջանում, ինչ խոսք, մեծ աշխուժություն առաջացրին ֆուտբոլային իրադարձությունները, ավելի կոնկրետ` եվրոպական երկրների առաջատար ակումբային թիմերի մասնակցությամբ մրցավեճերի մեկնարկային խաղերը, մանավանդ որ մեր բոլոր չորս հավակնորդները վիճակահանությամբ անդրանիկ խաղերն անցկացրին հարազատ հարկի տակ: Նախ՝ ասպարեզ մտավ մեր թիվ մեկ թիմը` «Ուրարտուն», որը Չեմպիոնների լիգայի շրջանակում ընդունեց Բոսնիայի «Ժրինսկիի» ֆուտբոլիստներին: Իրար արժանի ախոյանների ոչ այնքան բարձր մակարդակի մրցակցությունն անցավ գրեթե հավասար պայքարում: Սակայն տառացիորեն վերջին րոպեներին, երբ հյուրերը ստացան անկյունային հարվածի իրավունք, դաշտի տերերի կազմում մի տեսակ խառնաշփոթ ստեղծվեց, իսկ դարպասապահ Մելիխովն էլ, անսպասելիորեն ճիշտ չկողմնորոշվելով, կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից էլ օգտվելով, հյուրերը խփեցին միակ ու հաղթական գոլը։

Երկու օր անց էլ մրցավեճի մեջ մտան Կոնֆերենցիաների լիգայում ընդգրկված մեր երեք թիմերը: Եվ ի՞նչ: Գրեթե նույնը կրկնվեց «Արարատ-Արմենիայի» եւ Ալբանիայի «Էգնատիայի» հանդիպման ժամանակ: Առաջին խաղակեսում առավել ակտիվ գործող երեւանցիները ստացան անկյունային հարվածի իրավունք, եւ մեր թիմի պաշտպան Ալեմաոն հարմար դիրքից, գլխի գեղեցիկ հարվածով գրավեց հյուրերի դարպասը: Բոլորը համոզված էին, որ հաղթական հաշիվը կպահպանվի մինչեւ վերջ, սակայն խաղի ավելացած ժամանակամիջոցում, օգտվելով դաշտի տերերի խառնաշփոթից, ալբանացի Դվամենան, հրաշքով խփելով պատասխան գոլը, հնարավորություն տվեց իր թիմին՝ խուսափել պարտությունից: Ձեռքից բաց թողած հաղթանակը, ինչ խոսք, միավորների ցավալի կորուստ էր մեր թիմի համար։
1:1 հաշիվ գրանցվեց նաեւ «Ալաշկերտ»-Չեռնոգորիայի «Արսենալ» հանդիպման ժամանակ, թեեւ այստեղ էլ երեւանցիները կարող էին, պարտավոր էին 3 միավոր շահել: Իսկ ահա «Փյունիկը» վստահ առավելության հասավ էստոնական «Տրանսի» նկատմամբ․ 2 անգամ գրավելով մրցակցի դարպասը` դիպուկ հարվածներով աչքի ընկան Յուրիչիչն ու Սանթոսը:

Եթե ամփոփենք քառյակի ընդհանուր ցուցանիշը` մեկ հաղթանակ, մեկ պարտություն եւ երկու ոչ-ոքի, ապա դաշտի տերերի համար գոհացուցիչ ելք գնահատել, իհարկե, չի կարելի: Սակայն չշտապենք ամփոփել այդ արդյունքը, քանի որ պարզությունն ի հայտ կգա, երբ այս շաբաթ տեղի ունենան պատասխան հանդիպումները: Իսկ մենք ամփոփենք Արիստոտելի խելամիտ խորհրդով, ինչը, կարելի է ասել, վերաբերում է ոչ միայն ֆուտբոլիստներին․ «Առաջադիմությունը մի սկզբունք ունի` հասնել նրանց, ովքեր առջեւում են, եւ չսպասել նրանց, ովքեր ետեւում են»:

Միսակ Նազարյան