Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնը կմասնակցի ԵՀԽ 11-րդ համագումարին
Սույն թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը Գերմանիայի Դաշնության Կառլսռուե քաղաքում տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 11-րդ գագաթնաժողովը՝ «Քրիստոսի սերն է առաջնորդում աշխարհը» խորագրով։
Յոթ տարին մեկ գումարվող գագաթնաժողովը համավարակի սահմանափակումներից հետո միատեղելու է աշխարհի տարբեր ծագերից քրիստոնեական ավելի քան 300 եկեղեցիների ներկայացուցիչների։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու տնօրինությամբ գագաթնաժողովին Մայր Աթոռը կմասնակցի հետեւյալ կազմն ունեցող պատվիրակությամբ՝ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյան (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ), Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան (Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ), Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան (Մեծ Բրիտանիայի և Հս․ Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ), Գևորգ եպիսկոպոս Սարոյան (Մասյացոտնի թեմի առաջնորդ), Սերովբե եպիսկոպոս Իսախանյան (Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ), Գարեգին վարդապետ Համբարձումյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն), Սահակ սարկավագ Սուքիասյան (Ֆրանսիայի Հայոց թեմ), երեցկին Արփի Քուզույան (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ), դր․ Դիաննա Ծաղիկյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), տիկ․ Էրիկա Արաևնա (Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմ), տիկ․ Մանյա Քեշիշյան (Կանադայի Հայոց թեմ):
Մայր Աթոռի պատվիրակները նաև իրենց գործուն մասնակցությունը կբերեն ԵՀԽ անցնող աշխատանքների ամփոփմանն ու գալիք ծրագրերի պատրաստությանը։
Կարծիքներ