Տեղեկատվական անպաշտպանվածությու՞ն, թե պրոֆանպիտանիությու՞ն

Տեղեկատվական անպաշտպանվածությու՞ն, թե պրոֆանպիտանիությու՞ն

Երեկվանից հայրենական մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում սպանված իրանցի գեներալ Սոլեյմանին 1990-ականներին հետաքրքրված էր Ադրբեջանով եւ ռազմական բնույթի հետախուզական տվյալներ է փոխանցել հայկական կողմին: Որպես աղբյուր վկայակոչվում է ադրբեջանցի վտարանդի Ֆահմին Հաջիեւը՝ ուկրաինական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը: Այդ կերպ Հաջիեւը կշտամբել է իր այն հայրենակիցներին, որոնք սգում են Սոլեյմանիի մահը: Հայրենական լրատվամիջոցներն էլ այդ մասին գրում են ենթատեքստով՝ իբր Սոլեյմանին ժամանակին աջակցել է հայկական զինված ուժերին՝ Ադրբեջանի դեմ պատերազմում, հետեւաբար մենք պետք է ոչ միայն սգանք նրա մահը, այլեւ պաշտոնապես ցավակցենք իրանցի բարեկամ ժողովրդին եւ Իրանի իշխանություններին: Արժե՞ այդպես վարվել, թե՞ ոչ՝ պատկան մարմինների որոշելիքն է: Բայց Ֆահիմին Հաջիեւի հարցազրույցը տիրաժավորող հայկական մամուլն ինչու՞ իրեն նեղություն չի տալիս՝ պարզելու, թե ով է իրականում ներկայումս Ուկրաինայում բնակվող այդ  ռազմական գործիչը: Ադրբեջանական բաց աղբյուրներից քաղած տեղեկությունները թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել նրա մասին: Ֆահմին Հաջիեւը պատկանում է արկածախնդիր-ազգայնականների այն սերնդին, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից օգտագործվել է Մութալիբովի դեմ պայքարում: Որեւէ կրթություն եւ մասնագիտական հմտություն չունենալով՝ Հաջիեւը 1992-ի տարեսկզբին նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ եւ գործուղվել Աղդամ: Խոջալուի դեպքերից հետո պաշտոնանկ է արվել, այլեւս բանակի հետ առնչություն չի ունեցել: Հեյդար Ալիեւի իշխանության վերադառնալուց հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Ի վերջո Հաջիեւը լքել է Ադրբեջանը: Նրան ԱԺՃ-ի գործակալ, Խոջալուի դեպքերի պատասխանատուներից մեկն են համարում ադրբեջանցի բոլոր լրջմիտ հեղինակները: Այս կենսագրության մարդը չի կարող տեղեկություններ ունենալ 1993թ. Աղդամ-Մարտակերտ ռազմագործողության մասին, որի ընթացքում, իբր, ադրբեջանական հակահետախուզությունը բացահայտել է Սոլեյմանիի երկու գործակալի եւ հանձնել ազգային անվտանգության նախարարությանը: Հայրենական լրատվամիջոցներից ոչ մեկն իրեն նեղություն չի տվել՝ ծանոթանալու Սոլեյմանիի կենսագրությանը: Եթե ,,գուգլեին,,՝ կիմանային, որ 1990-ականների սկզբներին նա գործել է Իրանի հարավ-արեւելյան՝ Աֆղանստանին սահմանակից շրջաններում եւ զբաղվել է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի կոորդինացմամբ: Սոլեյմանին միայն 2000թ.-ին է նշանակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար: Եւ, բնականաբար, 1990-ականների սկզբներին չէր կարող հետաքրքրված լինել Ադրբեջանով, մանավանդ՝ հետախուզական տվյալներ տրամադրել հայկական կողմին: Հայրենական մամուլում Ֆահմին Հաջիեւի կարգի դուրսպրծուկի հարցազրույցի տիրաժավորումը վկայում է մեր տեղեկատվական անպաշտպանվածության մասին: Կամ էլ գործ ունենք տեղեկատվական կազմակերպված դիվերսիայի հետ: Կարելի է նաեւ երրորդ բացատրությունը տալ՝ մեր մամուլը մեծ մասով ոչ պրոֆեսիոնալ է: