Գևորգ Սիմոնյանը որևէ կապ չունի այդ պատմվածքի հետ․ պաշտպան

Գևորգ Սիմոնյանը որևէ կապ չունի այդ պատմվածքի հետ․ պաշտպան

Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին։ Ըստ Կոմիտեի տարածած հայտարարության՝ Սիմոնյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Առողջապահության նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանը, նախարարի հրամանով պատասխանատու լինելով վերը նշված ծրագրի ֆինանսավորման համակարգման համար, ինչպես նաև պարտավոր լինելով իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների դուրսգրման գործառույթների նկատմամբ հսկողություն, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ի հետ քավորսանիկական, ինչպես նաև նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է՝ հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի և խմբի անդամների նկատմամբ, որի հետևանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերություն, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ և չեն արձանագրել այդ անհամապատասխանությունները:

Գ. Սիմոնյանի հիշյալ գործողությունների արդյունքում «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն հնարավորություն է ստացել նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ»։ 

Մեզ հետ զրույցում Սիմոնյանի պաշտպան Էմին Խաչատրյանը, անդրադառնալով Սիմոնյանին առաջադրված մեղադրանքին,ասաց, որ իր պաշտպանյանը մեղադրանքը չի ընդունում․

«Բնականաբար չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, որովհետև որպես այդպիսին որևէ առնչություն չունի այս պատմվածքի հետ, հետևաբար՝ այդ մեղադրանքն ընդունելը իրականությունից դուրս է։ Մեղադրանքն ամբողջ ծավալով հիմնված է ենթադրությունների վրա, որոնք չեն բխում գործի փաստական տվյալներից։ Մեզ մի շատ կարևոր հարց է հետաքրքրում և մեզ համար էլ պարզ չէ, որ ասում են՝ «պաշտոնեական դիրքը չարաշահել է», ի՞նչ եղանակով է չարաշահել, ի՞նչ գործողություն է արել, կամ ինչ անգործություն է ցուցաբերել, կամ ի՞նչ պիտի աներ, որ չի արել։ Որևէ պարզաբանում այդպես էլ չլսեցինք վարույթն իրականացնող մարմնից։ Վարույթն իրականացնող մարմինը ինչ-որ իրադարձությունների հիման վրա փորձում է տրամաբանական կապ ստեղծել, բայց այդ մեղադրանքի մեջ նշվածը տրամաբանության որևէ կանոնի չի ենթարկվում»,- ասաց փաստաբանը։ 

Անդրառանալով քավոր- սանիկ հարաբերությունների վերաբերյալ Կոմիտեի դիտարկումներին, պաշտպանն ասաց․

«Քավոր- սանիկ հարաբերությունները այդ կամայական մեկնաբանությանը ենթարկելով դեռ ոչինչ չի նշանակում, մեզ մոտ էլ հարց է առաջանում․ Գևորգ Սիմոնյանը ինչպե՞ս պետք է խոչընդոտեր կամ չխոչընդոտեր։ Եթե իրենք ներկայացնեն որևէ տվյալ, որ Գևորգ Սիմոնյանին հասու է եղել չարաշահումներին վերաբերող տվյալներ, և Գևորգ Սիմոնյանը համապատասխան ընթացք չի տվել, ես կհասկանայի»։

Նշենք, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու վերաբերյալ։ Պաշտպանն ասաց, որ դեռևս դատարանը որոշում չի կայացրել, իսկ Սիմոնյանի ձերբակալման ժամկետը ավարտվում է, ուստի նա ազատության մեջ կմնա մինչև դատարանի որոշումը․

«Առավոտյան դատական նիստ է եղել, ժամը 09։30 սկսվել է, բայց քանի որ մեծ ծավալի նյութեր են ներկայացված միջնորդությանը կից, դրանք մեզ հասու չեն եղել,և առավոտյան են հասու դարձել, մենք միջնորդել ենք, որ նիստը հետաձգվի, հնարավորություն ընձեռեն մեզ ծանոթանալու և պատշաճ իրավական օգնություն ցույց տալու համար։ Դատարանը հետաձգել է մինչև 19։00-ն, սակայն, ենթադրում եմ, որ այդ ժամանակն էլ բավարար չէ, քանի որ մոտ 2000 էջ փաստաթուղթ է տրամադրված և ֆիզիկապես այդ փաստաթղթերին ծանոթանալ, վերլուծել, դրա հիման վրա ինչ-որ պաշտպանական տակտիկա ձևավորել այդ կարճ ժամանակում հնարավոր չէ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 14։30-ին Գևորգ Սիմոնյանը ազատ է արձակվելու ժամանակը լրանալու պատճառով, հետևաբար ոչ դատարանը կամ որևէ մեկս կաշկանդվածություն չունենք՝ ժամը 19։00-ին ներկայանանք նիստին, թե՞ հաջորդ օրը, անձն արդեն գտնվելու է ազատության մեջ։ Չնայած մենք նշանակված ժամին պարտադիր ներկայանալու ենք դատական նիստին, և եթե մինչև այդ պահը որոշակի խնդիրներ լինեն ծանոթացման հետ, ապա միջնորդելու ենք լրացուցիչ ժամանակ տրամադրել, որպեսզի վերջնականապես ծանոթանանք և մեր առարկությունները ներկայացնենք»։