Կրեմլը՝ Կադիրովի «հիվանդության» մասին

Կրեմլը՝ Կադիրովի «հիվանդության» մասին

Կրեմլը տեղեկություն չունի Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հնարավոր հիվանդության մասին, ինչպես նաև հերքել է տեղեկությունը, թե Կադիրովն, իբր, հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք որևէ տեղեկություն չունենք։ Համենայնդեպս, նախագահի աշխատակազմը հազիվ թե կարող է տեղեկություն տրամադրել նրա առողջական վիճակի մասին։ Հետևաբար, մենք այստեղ ասելու ոչինչ չունենք», - պատասխանել է Պեսկովը լրագրողներին այն հարցին, թե որքանով է Կրեմլը մտահոգված Կադիրովի վիճակով։
Բացի այդ, Պեսկովը մեկնաբանել է լուրերն այն մասին, թե իբր Կադիրովը կիրակի օրը մեկնել է Մոսկվա՝ հավանաբար Պուտինի հետ հանդիպելու համար։  «Պուտինի հետ հանդիպումներ չեն եղել», - պատասխանել է Պեսկովը։

Ավելի վաղ, տելեգրամյան տարբեր ալիքներում և լրատվամիջոցներում չհաստատված տեղեկություն էր հայտնվել, որ Կադիրովն իբր գիշերը մահացել է Կրեմլի վարչական բաժանմունքի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ 
Մինչ այս լուրեր էին տարածվել նրա ծանր հիվանդության մասին։ Այս ֆոնին Կադիրովը կիրակի օրը հրապարակել է իր զբոսանքի տեսանյութը և խորհուրդ տվել մաքուր օդ շնչել՝ իրականությունն ասեկոսեներից տարբերելու համար։