Ես հավատում  եմ՝ Երևանի հանրությունը ունի կարողությունների հզորություն՝ իրականացնելու իշխանափոխություն

Ես հավատում  եմ՝ Երևանի հանրությունը ունի կարողությունների հզորություն՝ իրականացնելու իշխանափոխություն

Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններ են։ ԿԸՀ-ն արդեն հրապարակել է մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների, դաշինքների թեկնածուների անունները։ 

Այսպիսով, Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի 13 քաղաքական ուժ` 12 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։ նրանցից մեկը «Մայր Հայաստան» դաշինքը, որի ցուցակը կգլխավորի Անդրանիկ Թևանյանը։ 

Մենք զրուցել ենք ցուցակի երկրորդ համարի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ։ 

-Ինչու՞ որոշեցիք մասնակցել ավագանու ընտրություններին «Մայր Հայաստան» դաշինքի հետ, այն դեպքում, երբ Դուք ունեք ձեր կուսակցությունը` «Երկիր Ծիրանի»։

-Մեր պետական շինարարությունը` ինքնիշխան իրավական պետություն կառուցելու գործը գտնվում է բացարձակ անկման շրջանում: Մենք ականատեսն ենք Արցախի և Հայաստանի հայկական պետականությունների վարչական մարմիննեերի գրեթե ամբողջական լուծարման իրողությանը: Այսօր շատերն են մտահոգված մեր պետության քաղաքական համակարգի ճակատագրով:  Ինչ է մնալու հայկական երկու հանրապետություններից` ամպուտացված գուբերնյաներ, վիլայեթներ …:  Ի հայտ է եկել հանրային լրջագույն մտահոգություն և պահանջ հաղթահարել աղետի հետևանքները: Չեղարկել աղետալի ծրագիրը և ոչնչացնել «աղետի դեսպանին» և «աղետի ծաղրածուներին»:
Վերոնշյալի համատեքստում կազմվել է «Մայր Հայաստան» դաշինքը, որը մարտահրավեր է նետում աղետի «դեսպանին» և «աղետի ծաղրածուներին»: Մեր և լայն հանրության համոզմունքը և գնահատականն է, որ մեր երկրում չի գործում օրինական իրավական վարչակարգ: Հետևաբար, մեր պետական կառավարումը յուրացրած անձանց ու խմբերին տապալելը և ազատ ընտրությունների միջոցով սահմանադրական պետություն կառուցելը` համակարգափոխությունը պահանջում է լայն հանրային մասնակցություն: «Մայր Հայաստան» դաշինքը իր առջև դրել է խնդիր լուծել համակագափոխության հարցը: 
    
-Ձեր դաշինքը հայտարարում է, որ Երևանի ավագանու ընտրությունները համարում է Հայաստանում իշխանափոխության և Արցախի փրկության հնարավորություն։ Ինչպե՞ս եք պատկերացնում դա՝ անգամ այն դեպքում, եթե հաղթեք։

-Հիշեցնեմ` իշխանությունը մեր երկրում փոխանցվել է «աղետի դեսպանին» և «աղետի ծաղրածուներին» մի քանի փուլերով: Պաշտոնապես փոխանցումը մեկնարկել է` 2018 թվականի  ապրիլի 23-ին` երբ հայտարարվեց «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»: Միջանկյալ փուլերից էր Երևանի ավագանու 2018 թվականի ընտրությունները: Իշխանության փոխանցումը «աղետի դեսպանին» և «աղետի ծաղրածուներին» հետապնդել էր նպատակ, ոչ միայն պայմանավորված պատերազմով ու մեծ զոհերով հանձնել Արցախը, այլ իրականացնել արդի հայկական պետականության լուծարումը ևս: Այնպես, որ առանց Արցախը պահելու  և նրա հողերը ազատագրելու մենք Երևանում հայկական պետություն ունենալու հեռանկարի մաին չենք կարող խոսել: Իշխանության զավթումից իշխանության ազատագրումը և նոր համակարգի ներդնումը դրանք լուրջ քաղաքական գործընթացներ են: Այս գործընթացները կյանքի կոչելու համար իմ քաղաքական գործունեության ընթացքում ես ներկայացրել եմ բազմաթիվ փաստաթղթերի նախագծեր, որոնք հասանելի են մեր հանրության լայն շերտերին: Քարոզարշավի ժամանանակ մանրամասն կրկին կներկայացնենք մեր պատկերացումները և գործողությունները:  

-Ժամանակին, երբ Դուք Երևանի ավագանու անդամ էիք, ի՞նչ խնդիրներ են լուծվել, որ այսօր երևանցիները կարող են հիշել։ Ո՞ւմ եք համարում ձեր հիմնական մրցակից և ինչու՞, ի՞նչ խնդիրներ եք տեսնում։ Ի՞նչ շանսեր եք տեսնում հաղթելու համար։

-Ազատագրական պայքարում մրցակցություն չի լինում: Երևանը սիրելու և պաշտպանելու համար մրցակցություն չի լինում: Երևանի Արաբկիր ավանի հիմնադիրների թոռ եմ: Խարբերդի նահանգի Արաբկիր քաղաքից գաղթած և դեպի Արարատ եկած պապիկիս հայրիկի՝ Համազասպի կողմից կառուցված տունը` իմ հայրական տունը շուտով կդառնա 100 տարեկան, այն մեր, իմ և Մայր Հայաստանի կյանքի հաղթական պատմությունն է և այն չունի մցակից: Ես հավատում եմ, որ Երևանի հանրությունը ունի կարողությունների հզորություն՝ իրականացնելու ամբողջական իշխանափոխություն և համակարգափոխություն: Երևանցիների հիշողությունը կմտաբերեն և կներկայացնեն հենց իրենք…

Կարեն Քերիմյան