Աքարը ստու՞մ է․ ՌԴ-ում արձագանքել են թուրք նախարարի խոսքերին

Աքարը ստու՞մ է․ ՌԴ-ում արձագանքել են թուրք նախարարի խոսքերին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կարծում է, որ հացահատիկի գործարքը, որը երաշխավորում է Ուկրաինայից հացահատիկի անվտանգ արտահանումը Սև ծովով, կերկարաձգվի մարտի 18-ին, գրում է The Guardian-ը։
«Ռուսական և ուկրաինական կողմերի հետ առանձին բանակցություններում մենք տեսանք, որ երկու կողմերն էլ դրական են մոտենում դրան։ Մենք հավատում ենք, որ ամեն ինչ դրական ավարտ կունենա։ Մենք հավատում ենք, որ գործարքը կերկարաձգվի մարտի 18-ին»,- ասել է Աքարը լրագրողների հետ զրույցում։

Միաժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ հացահատիկի գործարքի երկարաձգման շուրջ բանակցություններ չեն ընթանում, ռուսական կողմը չի մասնակցել դրանց։ 
Reuters-ի փոխանցմամբ՝ բանակցությունները վերսկսվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ եւ ընթանում են առանց ռուսական կողմի մասնակցության։

Զախարովայի խոսքով, մարտի 13-ին հացահատիկի գործարքի շուրջ կանցկացվի ռուսական միջգերատեսչական պատվիրակության խորհրդակցությունների հերթական փուլը։ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները կհանդիպեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ, ով վերահսկում է սևծովյան նախաձեռնությունը, և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ղեկավար Ռեբեկա Գրիսպանին:
Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքի ժամկետը լրանում է մարտի 18-ին, սակայն ՄԱԿ-ը և Ուկրաինան հույս ունեն, որ գործարքը կերկարաձգվի 120 օրով։ Այնուամենայնիվ, Մոսկվան ազդակ է ուղարկել, որ կհամաձայնի երկարաձգմանը, եթե ռուսական արտահանման սահմանափակումները չեղարկվեն: