Առանց կարմիր գորգի, բայց հոբելյանական․ «Օսկար» 2023-ի հաղթողները հայտնի են

Առանց կարմիր գորգի, բայց հոբելյանական․ «Օսկար» 2023-ի հաղթողները հայտնի են

Լոս Անջելեսում ավարտվել է կինոաշխարհի թերևս կարևոր իրադարձությունը՝ Կինոարվեստի և գիտության ակադեմիայի 95-րդ՝ հոբելյանական մրցանակաբաշխությունը։ Կինոյի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար պատվավոր արձանիկներ են հանձնվեն Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։ Օսկարի մրցանակաբաշխությունը վարել է կատակերգու Ջիմի Քիմելը։

Հատկանշական է, որ 1961 թվականից ի վեր՝ 62 տարվա մեջ առաջին անգամ «Օսկար» հանձնման արարողությունն անցկացվել է առանց կարմիր գորգի։ Ինչպես նշում է The New York Times-ը, այս տարվա «Օսկար»-ի գորգը ստեղծվել է երեք ամբողջ շաբաթ և ևս մեկ շաբաթ տևել է՝ մինչև այն հասցվել է Լոս Անջելես։ Կազմակերպիչների որոշմամբ՝ գորգն այս տարի ներկվել է ծովափնյա ավազի գույնով: «Օսկար»-ի կազմակերպիչների խոսքով, իրենք ցանկացել են, որ մայրամուտին ճանապարհը ծովափ հիշեցնի։ 

Թե որքանով են կազմակերպիչներին հաջողվել ծովափի էֆեկտ ստանալ նոր փոփոխությունից, հայտնի չէ, բայց կասկածից վեր է, որ ծով համբերությամբ ու հետաքրքրասիրությամբ լցված կինոսերների հայացքը վերջին ժամերին գամված էր հեռուստաէկրաններին։

Եվ այսպես, 2023 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ժապավենը։ 
Տարվա լավագույն ֆիլմ՝ «Ամեն ինչ ամենուր է և միանգամից». սա ֆիլմի յոթերորդ կինոմրցանակն է, և 47 տարվա ընթացքում առաջին անգամ ժապավենը միանգամից երեք դերասանական «Օսկար»-ի արժանացավ՝ լավագույն դերասանուհի և լավագույն երկրորդական դերեր։ 

Հարկ է նշել, որ լավագույն դերասանուհի մրցանակը ստացել է Միշել Յեոն, ով դարձել է առաջին ասիացի կինը, ով հաղթել է այս անվանակարգում։ Բացի այդ, ռեժիսորներ Դանիել Շեյներտի և Դեն Քվանի աշխատանքն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» կոչմանը՝ հաղթելով «Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։

Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու «Կետը» գեղարվեստական ​​ֆիլմն աչքի է ընկել երկու անվանակարգում։ Ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն դիմահարդարում և սանրվածք» անվանակարգում, իսկ դերասան Բրենդան Ֆրեյզերը՝ «Լավագույն դերասան» անվանակարգում։

Ռեժիսոր Էդվարդ Բերգերի կողմից նկարահանված գերմանական  «Արևմտյան ճակատում ամեն ինչ հանգիստ է» (All Quiet on the Western Front) ֆիլմը, որը հիմնված է Էրիխ Մարիա Ռեմարկի համանուն վեպի վրա, հաղթել է չորս անվանակարգերում։ Մրցանակներից են՝ «Լավագույն օրիգինալ սաունդթրեք», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն գեղարվեստական բեմադրիչի աշխատանք»։
Ռեժիսոր Սառա Փոլլիի «Կանանց բամբասանքներ» («The Women Talk») ստեղծագործությունն արժանացել է «Լավագույն ադապտացված սցենար» կոչմանը։ 

Մնացած մրցանակները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Լավագույն երգ»՝ Նաատու Նաատու, «RRR. Մոտակայքում հռհռում է հեղափոխությունը», «Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ «Նավալնի», «Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Պինոկիո», «Լավագույն կոստյումներ»՝ Ռութ Է. Քարթեր, «Սև հովազ․ ընդմիշտ Վականդա» (Black Panther: Wakanda Forever), «Լավագույն  խաղարկային կարճամետրաժ ֆիլմ»՝ «Հրաժեշտ՝ իռլանդական ձևով», «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ»՝ «Փղեր շշնջացողները», «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ»՝ «Տղա, խլուրդ, աղվես և ձի», «Լավագույն վիզուալ էֆեկտներ»՝ «Ավատար. Ջրի ուղին», «Լավագույն ձայն»՝ «Թոփ Գան, Մավերիք».