Հնդկաստանի քաղաքացիներն ավելի աղքատ են, քան Հայաստանինը

Հնդկաստանի քաղաքացիներն ավելի աղքատ են, քան Հայաստանինը

Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բազմիցս խոսել է այն մասին, որ Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի եւ բազմաթիվ թափուր աշխատատեղերի առկայության պայմաններում մարդիկ նախընտրում են չաշխատել, որպեսզի չկտրվեն նպաստից։ 

Նա վկայակոչեց գործարարների, որոնք աշխատող գտնել չեն կարողանում։ Մի բան էլ իր կողմից ավելացնելով, որ «Ձյունիկ» սառնարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով հարյուրավոր տոննա փչացած մսամթերքը սառնարանից դուրս հանելու խնդրին բախվելով՝ պատրաստ են եղել ՀՀ քաղաքացիներին վճարել օրական 5 հազար կամ 10 հազար դրամ, բայց ՀՀ-ում մարդ չի գտնվել, որ գա այդ աշխատանքն անի, ի վերջո՝ դա արել են Հնդկաստանի քաղաքացիները։
Մեր կողմից ավելացնենք, որ Հայաստանում սովորող հնդիկ ուսանողներին հայ գյուղացիներն ամիսը 100 դոլարով կանչում են առավոտից իրիկուն բերքահավաք անելու, գիշերակացն ու սնունդն էլ՝ աշխատանք առաջարկողների վրա։ Նրանք էլ հաճույքով համաձայնում են։ Նախկինում էլ Երեւանի փողոցները Պակիստանի քաղաքացիներն էին մաքրում։ 

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հնդկաստանի քաղաքացիները համարվում են երկրագնդի  ամենաթշվառ բնակիչները, որոնց մեկ ժամվա աշխատանքի ժամավճարը կազմում է 0․29 սենթ, պետական սեկտորում աշխատողները ստանում են ամսական 5 հազար ռուփի կամ 75-76 դոլար, իսկ մասնավոր սեկտորում՝ 121-122 դոլար։ 

Հիշեցնենք, որ երբ ժամանակին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կասկածի տակ էր առել հայկական մեծ ներգաղթը, որն իշխանություններն ակնկալում են ապահովել մինչեւ 2040 թվականը, ասել էր, որ դա հնարավոր կլինի հնդիկների հաշվին, քանի որ իրենց երկրներում կենսամակարդակն ավելի ցածր է, քան Հայաստանում։

Ինչին ի պատասխան՝ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասել էր․ «Բայց ի՞նչ, ինքն այսօրվանից աղմուկ է բարձրացնում, որ մենք ուզում ենք օտարերկրացիներով լցնել Հայաստանը․․․ չգիտեմ․․․ դա քսենոֆոբիայի ինչ դրսեւորում է, չեմ կարողանում հասկանալ։ Ասենք՝ 1500-2000 օտարերկրացի է եկել Հայաստան, արդեն նման երեւույթներ են նկատվում, էն դեպքում, որ Հայաստանն ամենամոնոէթնիկ երկրներից մեկն է, եւ մեզ որեւէ կերպ չի սպառնում օտարերկրացիների նման մուտքը Հայաստան։ Բայց արդեն կան քսենոֆոբիկ մոտեցումներ։ Դա պետական գործչին հարիր չէ»։

Այնպես որ, հարց՝ հիմա ո՞վ է քսենոֆոբիկ, եւ արդյո՞ք պետք է մխիթարվենք, որ կան ՀՀ քաղաքացիներից ավելի աղքատ քաղաքացիներ, որոնք անում են այն աշխատանքը, որը մերոնք չեն անում։ Իսկ եթե պարոն վարչապետը ծանոթանար նաեւ List.am-ի հայտարարություններին, ապա կտեղականար, որ մարդկանց առաջարկում են օրական ժամը 10-21-ը աշխատանք՝ շաբաթ օրերն էլ ներառյալ։ Իսկ երթուղայինների եւ տաքսիների վարորդներն աշխատում են մինչեւ 16 կամ 24 ժամ՝ «սուտկա», ու անքնությունից եւ ջղագրգիռ վիճակից մշտապես վթարների են ենթարկվում։