ԿԳՄՍՆ-ն 2 միլիոն դոլար է հատկացրել IT ՀԿ-ին

ԿԳՄՍՆ-ն 2 միլիոն դոլար է հատկացրել IT ՀԿ-ին

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պետական բյուջեից առավել քան 2 մլն դոլար, ավելի կոնկրետ՝ 858 մլն 637 հազար դրամ է հատկացրել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը, որի շրջանակներում 1 տարվա ընթացքում այս ՀԿ-ն պետք է ԱԹՍ-ներ եւ ռոբոտ սարքող երեխաների բացահայտի ու դասընթացներ անցկացնի։ Դրամաշնորհը մի քանի մասի է բաժանված։ 759 մլն 507 հազար դրամի շրջանակներում ՀԿ-ն պետք է «բացահայտի ճարտարագիտական հակումներ ունեցող երեխաներին, նրանց ներգրավի խմբերում, մշակված մեթոդաբանության համաձայն՝ համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման դասընթացներ անցկացնի, ինչպես նաեւ ապահովի խմբակների սաների մասնակցությունը ցուցահանդեսների, մրցույթների ու ճամբարների»։

Ըստ պլանի՝ պետք է 1044 խումբ ձեւավորվի, որոնցից յուրաքանչյուրի մեջ՝ առնվազն 10 երեխա, այսինքն՝ ծրագիրն առնվազն 10 հազար 440 երեխայի համար է։ 46 մլն դրամն ընդհանուրից առանձնացվել է ճարտարագիտական հակում ունեցող երեխաներից առավել ընդունակ 14-18 տարեկաններին ԱԹՍ-ների կրթական դասընթացին ներգրավելու համար, այդպիսի 35 խումբ պիտի ձեւավորվի, որոնցում նվազագույնը՝ 6 երեխա։ 40 մլն դրամը մարզերում գտնվող խմբերի, մշտադիտարկման համար է, այսինքն՝ որ գնան մարզեր, տեսնեն՝ ինչ վիճակ է, նախատեսվում են այցելություններ 3-4 ամիսը մեկ անգամ։ 2 մլն 970 հազար դրամ հատկացվել է մարզերում «ԱԹՍ աշխատանոցներ» ստեղծելու եւ դրանց գործունեության համար, իսկ 10 մլն դրամ՝ ինքնակառավարվող ռոբոտների մրցույթ անցկացնելու համար։