Եկեղեցու բարեփոխումների թեման կրկին պետք է բերվի օրակարգ

Եկեղեցու բարեփոխումների թեման կրկին պետք է բերվի օրակարգ

Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումները՝ թե՛ Հիսուս Քրիստոսի արձանի թեմայով Մայր Աթոռ-Գագիկ Ծառուկյան բանավեճը, թե՛ վերջին կարգալուծության դեպքերը, վերստին օրակարգ են բերում առաքելական եկեղեցում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության հարցը։ Եթե այս հարցին նայենք պատմական տեսանկյունից, ապա առնվազն 19-րդ դարի վերջից սկսած՝ այս հարցն արդիական է, ու նաեւ սրա մասին շատ է խոսվել հենց եկեղեցականների կողմից։ Եկեղեցական կամ ազգային առանձին գործիչներ ներկայացրել են եկեղեցական բարեփոխումների իրենց ծրագրերն ու առաջարկները կամ առնվազն փորձել են շարադրել իրենց տեսլականը թեմայի առնչությամբ։

Եթե Հայաստանում, օրինակ, աստվածամերժության տասնամյակները չլինեին, գուցե այն խնդիրները, որոնք ժամանակ առ ժամանակ ասպարեզ են գալիս առաքելական եկեղեցու հետ կապված, արդեն լուծված լինեին․ չէ՞ որ խնդիրները, որոնք այսօր բարձրանում են եկեղեցու հայաստանյան հատվածում, սփյուռքում դժվարությամբ կարելի է ընկալել․ օրինակ, ամերիկյան կամ եվրոպական որեւէ երկրում գտնվող առաքելական եկեղեցու թեմում հոգեւորականի ապրուստի հարցը վաղուց է լուծված, եւ աշխատակիցները ստանում են յուրաքանչյուր եկեղեցական թեմում տվյալ երկրում սահմանված նվազագույն աշխատավարձային դրույքաչափերը, ներառյալ՝ եկեղեցականները։ Սա, ինչ խոսք, կարեւոր հանգամանք է, քանի որ եկեղեցականներն իրավական առումով պաշտպանված են եւ սոցիալական երաշխիքներ ունեն, մի բան, որ Հայաստանում, առավել եւս՝ Արցախում գործող հոգեւորականները չունեն։

Ու սա ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու բացթողումն է, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության (Արցախի Հանրապետության), որտեղ կրոնական գործունեությունը, կրոնական ծառայությունների մատուցումը հստակ օրենսդրական կարգավորումների կարիք ունեն, ընդհուպ մինչեւ պետության կողմից առաքելական եկեղեցուն՝ իր բոլոր աշխատակիցների հետ, կարեւոր չէ՝ քաղաքացիական անձ է, թե եկեղեցական աստիճան ունեցող, աշխատանքային պայմանագրեր կնքելու, սոցիալական երաշխիքներ տրամադրելու։

Ընդ որում, եկեղեցականը պետք է իրավունք ունենա նույնիսկ դատական կարգով բողոքարկելու եւ վերականգնելու իր կարգավիճակը՝ որպես եկեղեցական։ Մյուս կողմից, պետությունն անմիջականորեն կամ որոշակի հոգաբարձության միջոցով պետք է վերահսկի առաքելական եկեղեցու ֆինանսատնտեսական գործունեությունը, հատկապես՝ հանգանակությունները, որպեսզի չառաջանան այնպիսի խնդիրներ, որոնք տարբեր մեկնաբանությունների տեղիք տան։

Ընդհանրապես, եթե հարցին ավելի խիստ նայենք, ապա առաքելական եկեղեցին զուտ հոգեւոր-քարոզչական, կրթադաստիարակչական, ծիսական եւ այլ հարցերում, որը նեղ մասնագիտական ոլորտ է, կարող է ունենալ ինքնուրույնություն, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում թեմական եւ ծխական կառույցները չեն կայացել այնքան, որքան սփյուռքում են։ Պետությունը կամ հանրային ինստիտուտները պետք է վերահսկեն եկեղեցու ֆինանսատնտեսական գործունեությունը եւ կադրային քաղաքականությունը։

Ի դեպ, Հայաստանի ներկայիս իշխանությունը հանձնաժողով էր ստեղծել, որը պետք է զբաղվեր պետություն-եկեղեցի հարաբերությունների կարգավորմամբ՝ ինչ-որ հանդիպումներ կամ նիստեր եղան, սակայն, ինչպես շատ հարցերում, այդտեղ էլ պատշաճ հետեւողականություն չցուցաբերվեց, եւ հանձնաժողովի գործունեությունը կասեցվեց։ Իսկ Զատկի տոնը ժողովրդական տոնախմբության վերածելու նախագծին դեմ քվեարկելով, հատկապես եթե կայուն մեծամասնություն չունես համայնքի ավագանում, հարց չի լուծվի։