ՌԴ-ի դոնբասյան սցենարը ԼՂ-ում ձախողվել է․ ադրբեջանցի պատգամավոր

ՌԴ-ի դոնբասյան սցենարը ԼՂ-ում ձախողվել է․ ադրբեջանցի պատգամավոր

«Հայաստանի վարչապետի, ինչպես նաև տարածաշրջանի հետ առնչություն չունեցող առանձին քաղաքական գործիչների և Ֆրանսիայի նման սադրիչ դերակատարների հայտարարություններն այն մասին, որ ԼՂ հայերը շրջափակման մեջ են, ոչ ԿԽՄԿ-ն, ոչ էլ՝ ռուսական կողմը ոչ մի խոսք չասացին Լաչինի սահմանային անցակետի բաց լինելու մասին։ Սա անընդունելի կողմնակալի դիրքորոշում է, որը լուրջ կասկածներ է առաջացնում խաղաղապահների և ԿԽՄԿ-ի նպատակների վերաբերյալ»։ 

Այդ մասին APA-ին հայտնել է ադրբեջանցի պատգամավոր Բահրուզ Մահերամովը՝ կրկնելով Բաքվի կողմից հրապարակ նետված նոր հակահայկական և հակառուսական թեզերը։

«Այս կասկածներն ավելի է խորացնում այն փաստը, որ երեկ Ղարաբաղից Լաչինի սահմանային անցակետով 60 մարդ ուղևորվել է դեպի Հայաստան, որոնց մեծ մասը ՌԴ քաղաքացիություն ընդունած և ռուսական անձնագիր ունեցող անձինք են, և գրեթե բոլորն էլ անջատողականություն հրահրելու և դրան աջակցող անձինք են» ,-ԱՊԱ-ի հետ զրույցում նշել է Մահերամովը։

Նրա կարծիքով, «Ռուսաստանում որոշակի շրջանակների փորձերը՝ Մերձդնեստրի և Դոնբասի նման սցենարներ իրականացնելու Ղարաբաղում՝ ձախողվել են»։ 

«Ադրբեջանական կողմի վճռական պահվածքով թե՛ ռուսական անձնագրերով անջատողականները, թե՛ նրանց թիկունքում կանգնածները հասկացան, որ սա այն երկիրը չէ, որտեղ իրենք կարող են անել այն, ինչ ուզում են։ Այդ պատճառով է, որ այս կատեգորիայի մարդկանց փախուստը Ղարաբաղից ինտենսիվ է դարձել»,- ընդգծել է ադրբեջանցի պատգամավորը։