Մարդիկ պետք է զգան փոքրիկ հաղթանակների բերկրանքը․ Արա Պողոսյան

Մարդիկ պետք է զգան փոքրիկ հաղթանակների բերկրանքը․ Արա Պողոսյան

Hraparak.am-ը զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ: Մեր զրույցի թեման այսօր փողոցային պայքարին երիտասարդների և անչափահասների ներգրավվածությունն էր։ 

- Ցանկացած պարագայում, հատկապես երիտասարդությունն ու ուսանողությունը հասարակության շարժիչ ուժն են եղել բոլոր ժամանակներում։ Եթե դիտարկենք ցանկացած հեղափոխության կամ իշխանափոխության անալոգը՝ նախկինում տեղի ունեցած, դրանց բոլորի ժամանակ միշտ էլ երիտասարդությունը եղել է ավանգարդում։ Ընդ որում ասեմ՝ այն շարժումները, որտեղ  երիտասարդությունը ներգրավված չի եղել, մեծ հաշվով հաջողություն չի կարողացել գրանցել․ ինչո՞ւ, որովհետև երիտասարդությունը, ուսանողությունը սրանք այն սեգմենտն են, որն ի վիճակի է գնալ գործողությունների, որն ի վիճակի է թեժ կետերում լինելու և այլն։ Նաև իրենց էնտուզիազմը պարտադիր պայման է ցանկացած իշխանափոխության, առավել ևս, եթե խոսենք հեղափոխությունից։ Եթե խոսենք հիբրիդային տեխնոլոգիաներից, որոնք հատկապես գունավոր հեղափոխությունների  տեխնոլոգիաների մշակումից հետո գործադրվեցին, այս պարագաներում հատկապես ֆանատիզմը գալիս է առաջին պլան և դառնում է գերակա մնացած բոլոր ֆակտորների նկատմամբ։ Ֆանատիկ՝ և հոգեբանական տեսանկյունից, և  քաղաքական հոգեբանության տեսանկյունից, և մանիպուլյատիվ տեխնոլոգիաների տեսանկյունից լավագույն կրողը ուսանողներն են, երիտասարդները։ Եթե խոսենք առանձին վերցրած անչափահասների մասին, իհարկե, մարդու իրավունքների տեսանկյունից սա ունի բացասական դեր, բայց՝ բոլոր դեպքերում սա անխուսափելի է, և եթե արդեն իսկ նաև անչափահասներն են ներգրավվում նմանատիպ գործողություններում, նշանակում է, որ այս գործողությունները միտում ունեն ծավալվելու, ավելի հախուռն դառնալու։ Եվ մյուսը, որ շատ կարևոր է՝ թվում է, թե պետք է այս գործողությունները լինեն հնարավորինս անկանխատեսելի և կառավարելի, բայց, եթե դրանք ամբողջովին լինեն կառավարելի, ապա դարձյալ հնարավոր չի լինի հանգուցալուծում ունենալ, այսինքն՝ հեղափոխության, իշխանափոխության տեսքով։ Այսինքն, նաև այս դեպքով այդ հախուռն  գործողությունները ոչ միայն կարող են լինել, այլև անհրաժեշտ է, որ լինեն։ Եվ այս իմաստով կարծում եմ, որ դրական է։ Եւս մի կարևոր հանգամանք․ երիտասարդության ներգրավվածությունը նմանատիպ գործընթացներում ես ինչո՞վ եմ կարևորում՝ այս գործընթացներին մասնակցությունը բերում է նրանց մեջ նաև քաղաքացիական հասարակության ձևավորմանը և ամրապնդմանը, բացի այդ նրանք դառնում են քաղաքականության ֆակտոր, այսինքն՝ քաղաքական գործընթացների մասնակից, նրանց մեջ նաև ձևավորվում է քաղաքացիական դիրքորոշում։ Նախկինում տևական ժամանակ երիտասարդությունը կարծեք թե ակտիվ չէր քաղաքական գործընթացներում։ Հիմա իրականում շատ կարևոր է երիտասարդության ներգրավվածությունը։ Սա նաև կարևոր է քաղաքական սերնդափոխության տեսանկյունից, որովհետև, եթե դա տեղի ունենա ռևոլյուցիոն ճանապարհով, իր հետ բերելու է բավականին մեծ վտանգներ։ Իսկ այսպիսի գործընթացների ընթացքում, երբ երիտասարդությունը ներգրավվում է, փորձում է  նաև շատ ժամանակ առաջնորդություն վերցնել, սա բերում է քաղաքական սերնդափոխության՝ էվոլյուցիոն ճանապարհով, ինչը իրականում շատ կարևոր է, հատկապես Հայաստանի նման պետության համար։

- Ի՞նչ եք կարծում, որքան կտևի երիտասարդների մոտ այս մասնակցությունն ակցիաներին։

- Ուսանողությունը հիմա արդեն մոտենում է դասապրոցեսների այն փուլին, որ պետք է քննություններ հանձնի, ստուգարքներ։ Ինչ-որ ժամանակաշրջան պասիվություն կնկատենք։ Եթե սովորական պայմաններում ուսանողները կարող էին ուղղակի դասի չգալ՝ հույս ունենալով, որ գործողությունները կավարտվեն ինչ-որ փուլում և իրենք նորից կշարունակեն իրեն դասապրոցեսը, ապա հիմա նրանցից շատերն արդեն սովորական ռեժիմով նստում են դասի, որովհետև տարեվերջ է՝ կա ստուգարքների, քննությունների խնդիրը։ Դա նաև չի բացառում, որ մեծ մասը կամ ինչ-որ հատված միևնույն է կմնա փողոցում։ Բայց նաև գալիս են արձակուրդները, այն ուսանողներն ու աշակերտները, ովքեր խնդիրներ չունեն քննությունների, արձակուրդները լավ պայման են ժամանակ անցկացնելու, ավելի ռոմանտիկ միջավայր ունենալու, փողոց դուրս գալու, գործողություններ անելու, ինչը նաև գրավելու է երիտասարդությանը։

- Ի՞նչ արդյունք են տալիս կարճաժամկետ ակցիաները։ Այսօր, օրինակ իրականացվում էին 3 րոպեանոց կարճաժամկետ փողոց փակելու ակցիաներ։

- Ցանկացած ակցիա ընդհանուր ռազմավարության մեկ մարտավարական քայլ է ընդամենը, որը ընդհանուր ռազմավարության տԵսանկյունից պետք է տա քայլ առաջ անելու հնարավորություն։ Ժամանակային առումով խնդիրը պետք է լինի ոչ թե 3 րոպե, այլ հնարավորինս երկար։ Որովհետև, եթե ակցիան իր նպատակին չի ծառայում, իսկ նպատակը հիմնականում այն  է, որպեսզի քաոտիկ վիճակ ստեղծեն  քաղաքում, որպեսզի կառավարելը դժվար լինի, կառավարական շենքերում աշխատանքը դժվար լինի կազմակերպել կամ հնարավոր չլինի, նաև հասարակության տեղաշարժը հնարավոր լինի խոչընդոտել կամ դադարեցնել, որն իրականում կարող է նպաստել ընդհանուր ռազմավարական որոշակի նպատակների իրականացմանը։ Իսկ  կարճաժամկետ ակցիաները այս պահին չեմ կարող ասել, թե ընդհանուր ռազմավարության վրա ինչպիսի ազդեցություն կարող են են թողնել։ Որովհետև բոլոր դեպքերում նաև մարդու հոգեբանության տեսանկյունից շատ կարևոր են հաղթանակները։ Քանի որ փոքր հաղթանակները մղում են նրանց այլ գործողությունների, նրանց ստիպում են գնալ այլ քայլերի, որովհետև զգացել են փոքր հաղթանակների բերկրանքը։ Եթե մարդիկ զգան, որ որևէ հաղթանակի չեն մոտենում, որևէ դրական ազդեցություն չունի իրենց ակցիան հեղափոխական կամ իշխանափոխության գործընթացի վրա, այստեղ կարող է խնդիր առաջանա՝ հետագայում հնարավոր կլինի՞ նույն մարդկանց մոբիլիզացնել տարբեր ակցիաների վրա, թե՝ ոչ։