Ուրիխանյանն ակնկալում է Աբխազիայի օրինակով Ռուսաստանի կողմից Արցախի ճանաչումը

Ուրիխանյանն ակնկալում է Աբխազիայի օրինակով Ռուսաստանի կողմից Արցախի ճանաչումը

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ Արցախի հարցով պետք է սկսվեն նոր ձևաչափի բանակցություններ։

«Արցախի Հանրապետության հետ կապված բոլոր հարցերի և առհասարակ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մեր մոտեցոմը հստակ է՝ նոր ձևաչափի բանակցություններ», - լրագրողների հետ զրույցում ասաց Ուրիխանյանը, ում գլխավոր ուժը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ ամփոփում էր նախընտրական քարոզարշավը։  

Ըստ նրա՝ Հայաստանի ռազմավարական գործընկեր և դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ պիտի սկսվեն նոր ձևաչափի բանակցություններ, այն է՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու ուղղությամբ։ 

«Եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, ուրեմն մենք պետք է ձևավորենք այնպիսի իշխանություն, որը չի վախենա երբևէ փչացնել ռազմավարական գործընկերոջ ղեկավարության տրամադրությունը և բանակցային սեղանին դնել այդ թվում բարդ և տրամադրություն գցող հարցեր։ Իրատեսական է, թե իրատեսական չէ, այլ հարց է, բայց մենք, իշխանության գալով, այդ հարցը դնելու ենք իշխանության առջև։ Եվ իրատեսականությունը կարելի է չափել, օրինակ՝ Աբխազիայի օրինակով, որն Արցախից ոչ ավելի մեծ, ոչ ավելի մարդաշատ, ոչ ավելի ռեսուրսների տիարպետող, ոչ ավելի տոկուն, պատմականորեն ոչ ավելի հիմնավորված է, նկատի ունեմ՝ որպես սուբյեկտ։ Այդուհանդերձ Ռուսաստանի կողմից արձանագրվեց նրա ճանաչումը՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ։ Եվ այլևս որևէ բանակ չի կարող հարձակվել Աբխազիայի պես պետական միավորի վրա։ «Ի՞նչ պիտի անի Հայաստանը, և ի՞նչ պիտի ակնկալի Ռուսաստանը մեզանից», այ, հենց դա էլ նշանակում է նոր ձևաչափի բանակցություններ», - պարզաբանեց նա։

«Բայց անհրաժեշտ է նախևառաջ սկսել հարաբերվել և տալ հարց՝ «Հարգարժա՛ն ռազմավարական գործընկեր, Դուք սա պիտի անեք՝ ըստ տրամաբանության։ Ե՞րբ եք Դուք սա անելու»», - հավելեց պատգամավորը։

«Հրապարակի» հարցին՝ Հայաստանն Արցախն ի՞նչ սահմաներով  է ճանաչելու՝ նախկին ԼՂԻ՞Մ-ի, թե՞ ԼՂՀ-ի, պատասխանեց, որ ԼՂԻՄ-ի։ «Ես Արցախի Հանրապետություն ասելիս ակնարկում եմ իհարկե Խորհրդային Միության ժամանակաշրջանի, առնվազն՝ ԼՂԻՄ-ի սահմանների ուրվագծմամբ։ Այո, ես ակնարկում եմ Հադրութ, Շուշի և այլն»։

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ միջազգային միջնորդական մանդատ ունեցող կառույցը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խումբն է, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիայի Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները։

«44-օրյա պատերազմի ժամանակաշրջանում Մինսկի խմբի գործունեության հետ կապված ես ինձ համար օրակարգում դասեցի վերականգման մի ամբողջական շարք։ Նախևառաջ արդյունավետության, օպերատիվության իմաստով։ Բայց որ այդ ձևաչափը որոշակի արդյունավետություն դրսևորել է տասնամյակների ընթացքում, դա էլ իհարկե հերքել չի կարելի։ Հետևաբար եթե մոդեռնիզացիա տեղի կունենա, իսկ դա, կարծում եմ, պետք է իրականացվի Հայաստանում նոր իշխանության ձևավորման հետևանքով, որը որ կդնի նոր հայեցակարգ, անվտանգության հայեցակարգի մի բաղադրիչ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև։ Եվ ըստ այդ արձագանքի այդ հարցին կկարողանամ պատասխանել», - ասաց վարչապետի թեկնածուն՝ պատասխանելով Մինսկի խմբի ձևաչափի վերկանգնման վերաբերյալ հարցին։

«Հրապարակի» հարցին՝ «5 տարվա ժամկետով (2020 թ․, նոյեմբերի 9-ից հաշվելով) լրանում է ռուս խաղապահների՝ Արցախում մնալու ժամկետը, այս մասով ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, եթե Ադրեբջանը փորձի հրաժարվել երկարացնել մանդատը կամ եթե այդպիսի միտում տեսնեք», պատասխանեց․

«Ես ունեմ մտավախություն, որ այո՛, Ադրբեջանը կփորձի հրաժարվել, ավելին այն նույն Ադրբեջանը, որը հայտարարում էր, որ Արցախի Հանրապետոեւթյունը վերադառնա, ինչպես իրենք են ձևակերպում, իրենց կազմ, որ նույնիսկ հայ ժողովուրդը պիտի համակերպվի Զանգեզուրի՝ եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա ուժով կորցնելու մտքի հետ։ Ինչպես նաև բաց խոսակցություններ կան Սևանի և Երևանի մասին, հետևաբար այս պարագայում մտածել, որ Ադրբեջանը շահագրգիռ է լինելու այս վիճակում ստատուս-քվոյից բխող ենթադրելի մեկ առնվազն, առավելագույնս երկու-երեք տարվա կտրվածքով հետագա իրադարձությունների առումով, Ադրբեջանից ադեկվատ վերաբերմունք սպասելն անշնորհակալ գործ է։ Ուստի այստեղ պատասխանը մեկն է՝ ուժ։ Անշուշտ, անհրաժեշտ է կուտակել ուժ։ Նախևառաջ ապահովել 1400 կիլմետրանոց սահմանի անվտանգությունը։ Ինչպե՞ս։ Ներգրավել 5-6 միլիարդ դոլարի հասնող ռեսուրս՝ մարդկային, զենքի, զինատեսակների պահպանման, սպասարկման, աշխատավարձի տեսքով, որը ևս պիտի իրականացնի տարածաշրջանում մեզ հետ երկկողմանի պայմանագրով պարտավորություններ ունեցող ռազմավարական գործընկերը»։

Նրա խոսքերով՝ Հայաստանի զինված ուժերը պետք է հանել ոտքի, ձեռք բերել բարձր տեխնոլոգիական զինատեսակներ։ «Պատրաստել ոչ թե երիտասարդների, առավելևս 18 տարեկան պատանիների, որոնց ոտքը չպիտի լինի առաջնագծում, այլ պատրաստել ռոբոտների։ Ապահոել այնպիսի քանակի և տեսակի զենք, զինատեսակներ, որպեսզի Ադրբեջանը փակի իր մտքում իր համար, բոլոր համար Արցախի Հանրապետության հետ կապված որևէ ուժային ներգործություն։ Այլ տարբերակ չկա», - ընդգծեց քաղաքական գործիչը։