Ժամանակին Ազգալդյանին էր նմանակում, հիմա՝ Ալիեւին ու Էրդողանին

Ժամանակին Ազգալդյանին էր նմանակում, հիմա՝ Ալիեւին ու Էրդողանին

Արտաքին քաղաքականության բնագավառում անհաջողության մատնվելու դեպքում անմիջապես եզրակացնում ենք, որ մենք հմուտ դիվանագետներ չունենք, ավելին` դիվանագետ ազգ չենք: Ի տես մեր նորաթուխ իշխանավորներին, իհարկե, իրավունք ունենք այդպես մտածելու: Սրանք այնպիսի մի երկրի իշխանություն ստանձնեցին, որն ամենից առաջ կարիք ուներ արհեստավարժ, բանիմաց եւ հմուտ դիվանագետների: Բայց, ցավոք սրտի, սրանք ո՜ւր, դիվանագիտությունն ո՜ւր: Կարծում էին, որ Արեւելքից հրաժարվելով ու Արեւմուտքի գիրկը ցատկելով՝ երկրի գործերը մեկ օրից մյուսը կլուծվի։ Հիմա էլ փողոց ելած ընդդիմության կոչերը` «Հանուն հայրենիքի եւ ընդդեմ ստի ու կեղծիքի», խախտել են սրանց հավասարակշռությունը, մոռացնել տվել իրենց ողջ իմացածն ու չիմացածը։ Ընդդիմության կոչերին պետական լրջախոհությամբ հակադարձելու փոխարեն գաղտնի ու թաքուն ուժայիններով ու այլազան աջակիցներով անցել են ցածրորակ ոճի ցեխարձակումների` ավելի ընդգծելով իրենց երբեմնի փողոցային էությունը: Սրանց ղեկավարը հենց այն մարդն է, որ օպերային ոչ այնքան մեծ հրապարակում հավաքված մի քանի հազար իրենց աջակիցների քանակը հայտարարեց 60-70 հազար հոգի, իսկ մարտի 1-ի զոհվածների թիվը` 85 մարդ: 

Ամբողջ աշխարհը մեզ վրա զարմացավ։ Մի՞թե կարող է պատերազմը տանուլ տված իշխանությունը դարձյալ վերընտրվել։ Դարերից ի վեր իրենց պապենական հողում ապրած մարդկանց, նույնիսկ առանց որեւէ չնչին դիվանագիտական խոչընդոտի, այդքան անփառունակ ձեւով տեղահան անե՞լ։ Սրանց աջակիցներն ի՞նչ են մտածում: Արցախի ազատագրության համար դարերով մարտնչած մեր քաջարի զավակների տքնաջան պայքարն ու ձեռք բերած հաղթանակը, իրենց երկրում ազատ ապրելու արժանապատիվ իրավունքն այդքան ստորացուցիչ ձեւով զիջե՞լ... Ինչքան ուզում եք՝ սիրեք սրանց, դա ձեր իրավունքն է, բայց չէ՞ որ որպես մարդ պիտի սիրեք նաեւ ձեզ ու ձեր մարդկային արժանապատվությունը․․․ 

Որեւէ ժողովրդի դիվանագիտական ունակությունները գնահատելու ամենաճիշտ միջոցը նրա անցած պատմությունն է։ 18-րդ դարի կեսերին Հայաստանն ու ամբողջ Կովկասն Իրանի կայսրության մաս էին կազմում։ Սակայն երկիրը քայքայման եզրին էր հասել, մի կողմից՝ թուրքերի, իսկ մյուս կողմից էլ՝ աֆղանական հորդաների հարձակումներով։ Իրանի նորընտիր թագավոր Նադիր շահն Օսմանյան կայսրության դեմ մի քանի հաջող պատերազմներ մղելով, նրանց դուրս շպրտեց երկրից, իսկ մյուսներին կարգի հրավիրելով՝ վերականգնեց երկրի ամբողջականությունն ու անվտանգությունը։ Այդ թոհուբոհի մեջ երկրի միակ նահանգը, որի տեղական ղեկավարությունը կարողացավ Նադիր շահի հետ հաջող բանակցությունների արդյունքում ներքին ինքնավարություն եւ ազատություն ապահովել իր ժողովրդի համար, դա Մելիք Եգանն էր, ով գլխավորում էր Արցախի Խամսայի մելիքությունը։ Իսկ այն օրերի Արցախ նահանգը Գանձակից ձգվում էր մինչեւ Արաքսի հովիտ։

Հայաստանի՝ առաջին քրիստոնյա երկիր լինելը ո՛չ պատահական երեւույթ է եղել եւ ո՛չ էլ կրոնական մոլեռանդության արդյունք: Նույնը՝ նաեւ հայոց տառերի գյուտը, որը միամտորեն չպիտի կարծել, որ գրականագիտական կամ զուտ մշակութային իրադարձություն էր: Երկուսն էլ խոշոր մասշտաբի քաղաքական ակտեր էին, քաղաքական այրերի եւ օրվա հմուտ դիվանագետների մտածողության արդյունք՝ միաձուլված ժողովրդական հավաքական կամքի եւ իմաստնության հետ՝ պաշտպանելու մեր ինքնությունը հունական եւ պարսկական օրավուր աճող ազդեցություններից, որը ներթափանցում էր երկիր․ մեկը՝ զրադաշտականությամբ, մյուսը՝ քրիստոնեությամբ։ Ֆրանսիացի հայտնի հայագետ՝ պրոֆեսոր Ֆրեդերիկ Ֆեյդին ասել է. «Մեսրոպ Մաշտոցը, գրականագետ կամ հոգեւորական լինելուց առաջ, խոշոր քաղաքական գործիչ էր...»:

Նույնպիսի դիվանագիտական բարձր մակարդակի բանակցություններ ենք վարել նաեւ արաբների հետ, որոնց կայսրության սահմանները ձգվում էին Հնդկաստանից մինչեւ Իսպանիա։ Հայաստանն այդ ահռելի կայսրության տիրապետման ժամանակ, բոլորի վկայությամբ, ամենից քիչ տուժողը եղավ՝ շնորհիվ այն օրերի մեր քաղաքական այրերի հմուտ դիվանագիտական շփումների եւ հարաբերությունների։ Կայսրության փլուզումից հետո միայն հատուկենտ երկրներ կարողացան պահպանել իրենց ինքնությունը։ Տասնյակ երկրներ կերպարանափոխվելով՝ ընդմիշտ դարձան արաբական երկիր։

Այս բոլորը, իհարկե, պատահական չէ։ Ընդհանրապես, աշխարհագրական բարդ եւ դժվարին պայմաններում ապրող ժողովուրդները միշտ էլ օժտված են լինում դիվանագիտական ունակություններով։ Իսկ սրանք որտե՞ղ են ապրել կամ ո՞ւմ ծոցն են քնել, որ բացարձակապես զրկված են այդ ունակություններից։ Նախկիններից վարչապետի պաշտոն ստանալու պահին, առանց անհարմար զգալու, իրեն համեմատեց Նելսոն Մանդելայի հետ, իսկ Արցախում, առանց հաշվի առնելու իր վարչապետի կոչումն ու դիրքը, անհեռատեսորեն գոռաց․ «Արցախը Հայաստան է, ու վե՛րջ» (երեւի ցանկանալով նմանվել Լեոնիդ Ազգալդյանին), որով եւ 44-օրյա պատերազմ հրահրելու գլխավոր պատճառը դարձավ։ Իսկ վերջում, այլեւս նմանվելով իրեն, հայտարարեց․ «Արցախն Ադրբեջան է, ու վե՛րջ»։ Բայց, ցավոք սրտի, սա դեռ վերջը չէ, դեռ շատ-շատերին է նմանակելու։ Դեռ Իլհամ Ալիեւ կա, ով պահանջում է Զանգեզուրի միջանցքը, դեռ Էրդողան կա, ով հերքում է հայոց ցեղասպանությունը․․․

Եթե ժողովուրդն իր միահամուռ կամքով վերջ չտա այս խամաճիկ իշխանավորների գերակայությանը, Աստված գիտի, թե սրանք ինչերի են ընդունակ։

Վահան Դարբինյան