Մեր երկրում կալանքը չունի իրավական տրամաբանություն

Մեր երկրում կալանքը չունի իրավական տրամաբանություն

2021-ի սեպտեմբերի 30-ին Դավիթ Տոնոյանին մեղադրանք առաջադրվեց` առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Մի քանի անձի եւս մեղադրանք առաջադրվեց. Զենքի ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, նրա տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ծառայության պետ Արտյոմ Համբարյանին եւ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: Հետագայում խափանման միջոցները փոխեցին, եւ կալանքի տակ մնաց միայն նախարար Տոնոյանը։

Տպավորություն է, թե Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի կողմից պարտված պատերազմի քավության նոխազ է նշանակվել եւ պետք է նստի` առանց դատ ու դատավճռի: Նա երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է. «Վերջին ամիսներին հարկ չէի համարում արձագանքել Քրեակատարողական ծառայության եւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ պետերին զբաղեցրած պաշտոններից ազատելն ինձ վերագրվող «միջադեպի» հետ կապելու մասին բազմաթիվ ուղղորդված մանիպուլյատիվ հրապարակումներին: Սակայն փետրվարի 14-ին կայացած Քրեակատարողական ծառայության 2023 թ․ գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անարձագանք թողնել չեմ կարող: Ի սկզբանե պարզ էր, որ թեմայի շուրջ «կիսաճիշտ» հրապարակումներն ուղղորդվում են անձամբ վարչապետի կողմից, ինչը փետրվարի 14-ին փաստացի հաստատեց ինքն անձամբ: Զավեշտալին այն է, որ վարչապետը փորձում էր դա քողարկել «պետության հեղինակության» մասին հոգ տանելու եւ «օրենքի հանդեպ վերաբերմունք» ձեւավորելու անհրաժեշտությամբ: Հիշյալ խորհրդակցության ժամանակ հիմնավորվեց 2 կարեւոր փաստ: Նախ՝ այն, որ իմ նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ, ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից, եւ այդ միջամտությունն այն աստիճան խորն է, որ վերջինս հետեւում է իմ բոլոր քայլերին, այդ թվում՝ մորս հետ տեսակցություններին եւ այդ մասին չի խորշում խոսել հրապարակայնորեն»: Տոնոյանը հայտնում է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում իր արտահայտված ոչ բոլոր մտքերն են հանրայնացվել` դրանք չհրապարակելը բխում է բացառապես ՀՀ անվտանգության շահերից եւ պայմանավորված չէ «վարչապետի կերպարին չվնասելու «մտավախությամբ»»: «Հատկապես, որ դժվար է հավելյալ վնաս հասցնել անձի, որը չի խորշում անգամ դեպքից շուրջ 6,5 ամիս անց ներխուժել անձնական տարածք եւ շահարկման առարկա դարձնել այն, ինչը սրբություն է բոլոր նորմալ մարդկանց համար»:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին խնդրեցինք մեկնաբանել իրավիճակը։ «Կարծում եմ, որ այսօր Հայաստանում քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկված մարդկանց թիվը բավականին մեծ է: Փառք Աստծո, Սիմոնյան Ալենի հարսն ազատ արձակվեց: Այդ կինն ազատությունից զրկված էր Սիմոնյան Ալենի հարսը լինելու համար` ինչ-որ ներքին հարաբերությունների պատճառով, սակայն պետք է արձանագրենք, որ այդ կինը երբեք աչքի չի ընկել դրական հանրային գործունեությամբ: Նույնը վերաբերում է Դավիթ Տոնոյանին: Եթե ինձ հարցնեք, թե արդյո՞ք ես համարում եմ, որ Տոնոյանը քաղաքական դրդապատճառներով է ազատությունից զրկված, ես կասեմ` այո: Իմ տիրապետած տեղեկությունները ցույց են տալիս, որ գործ ունենք քաղաքական գործի հետ:

«Քաղաքական բանտարկյալ» ասվածն ամեն դեպքում պետք է երկու մասի բաժանենք. մարդիկ, ովքեր իրենց դրական գործունեությամբ են աչքի ընկել, պայքարել են այս հակահայ ռեժիմի դեմ ու դրա պատճառով են հայտնվել անազատության մեջ, եւ կան մարդիկ, ովքեր անազատության մեջ են հայտնվել լրիվ այլ պատճառներով, որոնք ոչ մի կապ չունեն այս ռեժիմի դեմ պայքարի հետ: Դավիթ Տոնոյանին ազատությունից զրկել են ու մեղադրում են 44-օրյա պատերազմի համար…. ես հենց նոր մտաբերեցի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դեպքը: Դա էլ է օրինակ»,- ասաց նա: Բայց նորմա՞լ է, երբ երկրի նախկին պաշտպանության նախարարին վերջին հանցագործի նման բանտում են պահում` առանց դատավճռի։ «Քաղաքական տրամաբանության տեսանկյունից, այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցում են, պետք է իմանան, որ համագործակցում են սատանայի հետ, եւ շատ հնարավոր է, որ մի օր արժանանան Տոնոյանի ճակատագրին: Ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին, ապա այդ տեսանկյունից ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ գործի նյութերին ծանոթ չեմ, սակայն մեր երկրում կալանքը չունի իրավական տրամաբանություն: Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց, չարաշահվում է բազմիցս»: