Եթե ՔՊ-ն իր ղեկավարին կարգի չհրավիրի՝ հայ ժողովուրդը պիտի կարգի հրավիրի․Րաֆֆի Հովհաննիսյան

Եթե ՔՊ-ն իր ղեկավարին կարգի չհրավիրի՝ հայ ժողովուրդը պիտի կարգի հրավիրի․Րաֆֆի Հովհաննիսյան

Ես ցավով և վաղուց ասել եմ, որ գոյություն չունեցող նախկին հրամանատարի, վարչապետի վարչակարգի օրոք մենք չենք կարող ունենալ լիարժեք խաղաղություն, համակեցություն, չենք կարող ունենալ զոհերի, նահատակների բացակայություն, տարածքային ամբողջականություն, ինքիշխանություն, սահմանադրականություն, որի պաշտպանության երդումը տվեց և որի պատասխանատվությունը ժամանակին իր վրա վերցրեց քաղաքացի Փաշինյանը, «Հրապարակին» տված հարցազրույցում ասաց ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ինքը արդեն նախկինների նախկինն է և ամեն օր, որ անցնում է, ուղղակի դաշույն է, հարված է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն, յուրաքանչյուր զինվորին, սուգի մեջ ապրող ընտանիքին և նոր սուգ է բերելու նորանոր ընտանիքների։ Պատրանք է այդ խաղաղության օրակարգը, համակեցությունը։ Ես ուղղակի զարմանում եմ, որ իր կուսակցության մեջ չկա մի նորմալ մտածող, արի, խիզախ, բնական մի խումբ, մի սրտացավ գործընկեր, որ ասի՝ հերիք է։ Մեր կուսակցությունը կարգի պիտի հրավիրի, մենք չենք կարող նստել և այս մարդու ենթական ու խամաճիկը լինել»,-ասաց

Հովհաննիսյանը։
ՀՀ առաջին արտգործնախախարը շեշտում է, որ եթե ամեն ինչ այսպես ինքնահոսով շարունակվի՝ անկախ այն բանից, թե ինչպես դա կանվանեն, Հայաստանը նորանոր տարածքային, մարդկային կորուստներ է ունենալու և դա կանխատեսում է ոչ միայն ինքը, այլ շատերը։

Հովհաննիսյանը նկատում է, որ փոխարենը միջազգային այս կամ այն ամբիոնից Փաշինյանը ներկայացնի Ադրբեջանի ագրեսիան, նա մեզ է բացատրում թշնամու գործողությունները։

«Ինքը Հայաստանի ղեկավար չէ և ՔՊ-ի իր գործընկերները պետք է արտահերթ համագումար հրավիրեն և իրենց կուսակցությունը փրկեն և նաև միանան մնացած ժողովրդին՝ փրկելու համար մեր պետությունը»,-հայտարարեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին կոչերին, որ հատկապես այս կառույցի վերջին որոշումից հետո ավելի հաճախակի են դարձել, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը նշեց, որ միգուցե ՀԱՊԿ-ը ավելորդություն է որպես կառույց, միգուցե Հայաստանի համար հավաքական ցանկացած կառույց ավելորդություն է կամ շռայլություն, ավելի ճիշտ է ունենալ երկկողմանի, լիարժեք հարաբերությունների վրա հիմնված ցանցային անվտանգային մոտեցում՝ Ռուսաստան-Հայաստան, Իրան-Հայաստան, Չինաստան-Հայաստան, Բրյուսել-Հայաստան, ԱՄՆ-Հայաստան, Հնդկաստան-Հայաստան։ Կարևորը աշխատելն է բոլոր գործընկերների հետ՝ համոզված է Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Հրապարակի» հարցին, թե ի՞նչ կարող ենք ակնկալել Նենսի Փիլոսիի այցից Հայաստան, Հովհաննիսյանն ասաց, որ այցը կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ զուտ ներամերիկյան,  ներքաղաքական կամ աշխարհաքաղաքական՝ մենք բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները պետք է օգտագործենք։

«Նոր համազգայինը, նոր համապետականը, նոր սարդարապատականը անհնար է այս մարդու առկայությամբ, ինչ էլ մենք ներկայացնենք՝ նոր հնարավորություններ, նոր լույսեր, նոր թունելներ, նոր ռեսուրսներ, նոր այցեր՝ սրանք շատ լավ են, բայց քանի կա այս իրականությունը, սրանք ի կատար չենք կարող ածվել» ,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Իշխանափոխության մասին խոսելով, պրն Հովհաննիսյանը նկատեց, որ պետք է փոխել եւ իշխանությանը, եւ ընդդիմությանը՝ մենք պիտի փոխվենք ու երկիրը դնենք  նորից իր պատմական հունի մեջ։

«Ժողովուրդն արդեն ժայթքման նախաշեմին է, պետական կառույցները, որ ունեն սահմանադրական պարտականություն միջամտելու, որովհետև իրենք օրենք պիտի պաշտպանեն, իրենք տեսնում են, որ պետական այրը խախտում է օրենքը, խախտում է սահմանադրական կարգը և փոխանակ իրենք ապահովեն սահմանադրական կարգը՝ իրենք դառնում են մի հոգու խոսնակը, մի կուսակցական գործչի, մի ձախողված ղեկավարի կցորդը»,-ասաց Հովհաննիսյանը։ Ժողովուրդը հերթական ժայթքումը կարող է նաեւ հասցնել սադրանքների։ «Արդեն տեսնում ենք, որ փոխանակ միավորվեն հրապարակի վրա՝ հերթական սադրանքներ, տարրալուծման նշույլներ կան և սա ևս շատ-շատ վտանգավոր է և մենք շատ զգույշ պետք է լինենք հենց այս մի քանի օրերին»,-նկատեց վերջինս։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտնի ելույթից հետո Ազգային Ժողովի մոտ ինքնաբուխ հավաքին ու ընդդիմության կողմից այդ առիթը չօգտագործելուն, Հովհաննիսյանը կարծում է, որ դա բնական հակազդեցություն էր իրավիճակին, քանի որ հասարակությունը տեսնում է ինչ է տեղի ունենում հայ զինվորի, մեր տարածքների, մեր իրավունքների հետ և այդ պոռկթումը բնական էր։ 

ՀՀ առաջին արտգործնախարարը շեշտեց՝ անընդունելի է այն, որ մեր նահատակված հերոսների անունները, թիվը չեն հայտնում, այնինչ անվանական պետք է հերոսացնել։ Ինչ վերաբերում է ցույցին, ապա երբ ժողովուրդը ոտքի է կանգնում ՝ նա արդեն սահմանադրական և իրական մեծամասնություն է դառնում՝ համոզված է Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ընդդիմությանը, վերջինս ասաց․«Ընդդիմությունը պետք է հասկանա, որ միայն ինքը չէ ոչ խորհրդարանականը, ոչ արտախորհրդականը։ Եվ երբ որ որևէ մեկը կանգնի հարթակի վրա, ինքը շատ զգույշ պիտի լինի, պատասխանատու և չմեծամտանա և դա վերաբերում է բոլորին։ Շատ դժվար է, երբ որ դու կանգնում ես այդ բարձրախոսի առջև, թեկուզ մի ակնթարթով, թե վեց ամսով կամ վեց վայրկյանով, թվում է, թե դա քո աստեղային ժամն է։ Երկու օր առաջ մենք տեսանք ակնթարթային մեծամտություն, ինչ-որ աստվածատուր պահեր, որ այդ հարթակն է, որ պիտի փրկի՝ մենք տեսել ենք դա անցյալում։ Այդ փրկարար, փրկչական մտայնությունից մենք պետք է դուրս գանք մեկընդմիշտ, որովհետև մեզ առանձին փրկիչներ պետք չեն՝ ոչ խորհրդարանական, ոչ արտախորհրդարանական։ Եվ մենք տեսանք այդ օրը, և ես շատ ուրախացա, որ խորհրդարանական ներկայացուցիչները իրենց շատ համեստ պահեցին և այդպես պիտի լինի։ Հույս ունեմ, որ հետայսու մենք կունենանք հավաքական, կոլեկտիվ լուծումներ նոր, արարչագործ լուծումներ և այս օրերի ընթացքում հեռու կմնանք մեսսայական՝ փրկչական լուծումներից։ Մենք պետք է գանք հավաքական պատասխանատվությամբ նոր լուծումների, որ մեզ կտանի ոչ թե անցյալի վերադարձին՝ ի շրջանս յուր, մեզ կտանեն առաջ և ես այլևս երբեք չեմ ուզում տեսնել այդտեղ՝ Հրապարակում կանգնած, մարդկանց, որոնք շատ ակնհայտորեն հետապնդում էին իրենց երկարամյա քաղաքական նպատակը՝ ղեկավարելու ժողովրդին»։

Հովհաննիսյանը նշեց, որ տարատեսակ ուժերի ներկայությունը Հրապարակում պատճառ դարձավ, որ ինքնաբուխ հավաքի ռեսուրսը հնարավոր չեղավ օգտագործել, սակայն ճիշտ ուղղորդում ունենալու դեպքում հավաքված մարդիկ ավելի երկար կմնային Բաղրամյանում կամ մյուս օրը նույն քանակով կհավաքվեին։

«Այնքան խորն է և համապարփակ մեր մարտահրավերը՝ մեր ժողովրդի, մեր պետության, որ ժողովուրդը անպայմանորեն պետք է դուրս գա այդ անտարբերությունից, այդ վախից, այդ ճակատագրապաշտությունից և այդ օրը տեսանք, որ պատրաստ է։ Հրապարակի վրա հիմա կան որոշ խոչընդոտներ, որոշ ուղղորդումներ՝ մեկը իր թեկնածուն է դնում, մեկ այլ սադրիչ ուզում է տանել այլ ուղղությամբ, վստահ եմ, որ իշխանությունն իր սուրհանդակներին ուղարկում է խառնելու համար, բայց ես հույս ունեմ, որ իշխանության մոտ, իշխող կուսակցության մեջ կլինեն քաջարի բացառություններ, որ այդ մոնոլիտը կկոտրեն»,-ասաց Հովհաննիսյանը։

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը հավելեց, որ եթե ՔՊ-ի անդամներն իրենց ղեկավարին կարգի չհրավիրեն՝ հայ ժողովուրդը պետք է կարգի հրավիրի։ Եթե հայ ժողովուրդը իր մեջ կարողություն չգտնի՝ դա կանի օտար ուժը՝ ադրբեջանցիներն ու թուրքերը։

«Եւ եթե մենք 3-4 ամիս շարունակ ասում էինք Գեղարքունիք, Վայոց ձոր, Տավուշ, մենք պիտի արթնանանք մի օր և որքան էլ քաջարի մեր սյունեցի եղբայրները, որքան էլ կենաց-մահու պայքար են տանում՝ գրեթե վերմարդկային, մենք պետք է տեսնենք, որ մեր հարավային դրապասը վտանգի տակ է»,- շեշտեց Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ այս իշխանությունների հեռանալը կարևոր է, որպեսզի կարողանանք նաև նոր դաշնակիցներ գտնել, ու կարողանանք աշխատել բոլոր երկրների հետ։
Հովհաննիսյանը ցավում է, որ ոչ ոք չի ընդունել իր սխալները, դրա համար ներողություն չի խնդրել ամենայն անկեղծությամբ՝ բոլորը փորձում են մաքրագրել իրենց ղեկավարման շրջանը, սակայն, պետք է ուժ գտնել ու ընդունել սեփական սխալները, ներողություն խնդրել թույլ տված սխալների համար։ Այս թերի գործելոաճը փոխանցվեց նաեւ այսօր իշխող կուսակցությանը, որը կատարելագործեց նախորդների մեթոդաբանությունը, կարծում է «Ժառանգության» առաջնորդը։