Մեր զինվորը լուծում է աշխարհաքաղաքական բնույթի խնդիր․ Ռուբեն Սաֆրաստյան           

Մեր զինվորը լուծում է աշխարհաքաղաքական բնույթի խնդիր․ Ռուբեն Սաֆրաստյան           

«Հրապարակը» զրուցել է արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

-Ձեր վերլուծություններն ի՞նչ են ցույց տալիս, Թուրքիան ի՞նչ աշխատանքներ է տանում այլ պետությունների հետ, ի՞նչ քայլեր եք կանխատեսում, Թուրքիան ի՞նչ է կարող անել։ 

-Թուրքական մամուլը նայում ես, տեսնում ես, թե ինչ հակահայկական ստեր են տարածվում կապված այս ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետ, հայ ժողովրդի, Հայաստանի մասին։ Եվ ուսումնասիրություններ կան, որոնք ցույց են տալիս, որ մինչև այս ագրեսիան արդեն թուրքական մամուլը, ԶԼՄ-ները թիրախավորել էին հայերին։ Եվ եթե տարիներ առաջ, օրինակ, նմանատիպ հետազոտությունները ցույց էին տալիս, որ ամենամեծ ատելությունը տարածում են թուրքական թերթերը, ԶԼՄ-ները հույների, հրեաների մասին, հիմա հիմնական թիրախը վերջին ժամանակներս, մինչև այս ագրեսիան, դարձել էին հայերը։ Այսինքն՝ հակահայկական հիստերիան Թուրքիայում բավական ուժեղացել էր, իսկ հիմա արդեն՝ այս քանի օրվա ընթացքում, թուրքական մամուլը շատ ավելի թիրախավորված է գրում և ստեր է տարածում, իհարկե, պարզ է ադրբեջանական քարոզչության ստերը։ Ինչ վերաբերում է պաշտոնական Անկարային, ապա այստեղ, իմ կարծիքով, ամեն ինչ ակնհայտ է․ Թուրքիան շատ բացահայտ է գործում։ Եվ մի կողմից ինքը հայտարարում է դրա մասին՝ Էրդողանը, Շավուշօղլուն, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և այլն։ Հայտարարում են այն մասին, որ իրենք, այսպես ասած, վճռականորեն պաշտպանում են Ադրբեջանին, որ այս հարցը վերջնական լուծում պետք է ստանա և իրենք Ադրբեջանի կողքին են։ Մյուս կողմից թուրքական դիվանագիտությունն ամեն կերպ փորձում է  ցույց տալ, որ Մինսկի խմբի բանակցային գործընթացն արդեն չի կարող գոյություն ունենալ, չի կարող շարունակվել։ Եվ ես կարծում եմ, որ որոշակի միտում ունի թուրքական այս մոտեցումը։ Եվ նպատակը հետևյալն է՝ ընդհանրապես հրաժարվել Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացից և տեղափոխել բանակցային գործընթացն այլ ձևաչափ, որի հիմնական գործող կողմերը, որպես միջնորդներ պետք է լինեն Թուրքիան և Ռուսաստանը։ Սա, ես կարծում եմ, նպատակներից մեկն է, իհարկե ոչ ռազմավարական նշանակության, այլ  մարտավարական, որ իր առջև դնում է Թուրքիան՝ այս ագրեսիան կազմակերպելիս։ Հիմա միջնորդները երեքն են՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա։ Դրա մասին խոսվում է, ուղիղ չի ասվում, բայց ես կարծում եմ՝ իրենք պատրաստվում են այդ առաջարկով հանդես գալ, որ միջնորդ լինեն ոչ թե այդ երեք երկրները, այլ՝ Թուրքիան և Ռուսաստանը։ 

-Ըստ Ձեզ՝ Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է կատարի։

-Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի ձևաչափն ամենաօպտիմալն է։ Այս ագրեսիան ավարտելուց հետո պետք է նորից վերականգնվի Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացը։ Ինչ վերաբերում է ընդհանրապես այս ագրեսիային, դրա մասին խոսվել է, ուղղակի ես ևս մեկ անգամ կրկնեմ՝ Թուրքիան լուծում է աշխարհաքաղաքական խնդիր՝ հրահրելով Ադրբեջանին և մասնակցելով Ադրբեջանի ագրեսիվ պատերազմին, որի իմաստը հետևյալն է՝ դուրս մղել հնարավորինս Ռուսաստանին Հարավային Կովկասից և զբաղեցնել այդ ազատված տեղը։ Եվ դրա համար էլ Թուրքիան գործում է այսպես լկտիաբար՝ չթաքցնելով իր գործողությունները։ Հենց ինքը ցույց է տալիս, որ ուզում է այդ նպատակներին հասնել։ Եվ այստեղ եթե համեմատում ենք Թուրքիայի գործողությունները մեր տարածաշրջանում, Հարավային Կովկասում այլ տարածաշրջաններում գործելակերպի հետ, ապա տեսնում ենք, որ նույնն է հիմնականում և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում, և՛ Լիաբանանում, վերջին շրջանում։ Միջերկրական ծովի արևելյան հատվածում մենք տեսնում ենք, որ Թուրքիան ամենուրեք փորձում է իր ազդեցության ոլորտներն ընդլայնել, ուժեղացնել։ Այստեղ նաև պետք է անպայման քննարկվի վարձկանների խնդիրը։ Ինչպես արդեն հաստատվել է, ոչ միայն մամուլի տեղեկություններով, այլ մի շարք երկրների հետախուզական աղբյուրներն են արդեն դա հաստատել, մասնավորապես և՛ ամերիկյան, և՛ ֆրանսիական, և՛ ռուսական, Թուրքիան տեղափոխել է և տեղափոխում է վարձկանների՝ ջիհադիստների, իր ազդեցության տակ գտնվող տարբեր տեսակի ահաբեկչական կազմակերպությունների անդամներին Սիրիայից և Լիբիայից։ Եվ սա, գիտեք, մի խնդիր է, որը ոչ միայն վերաբերում է այս ագրեսիային՝ թուրք-ադրբեջանական, այլ նաև ունի համաշխարհային նշանակություն, որովհետև, ըստ էության, Թուրքիան ընդլայնում է այն աշխարհի հատվածը, որտեղ գործում են նմանատիպ ահաբեկչական, ջիհադիստական կազմակերպությունները։ Եթե մինչ այդ նրանք գործում էին մերձավոր Արևելքում, հիմա Թուրքիան, ըստ էության, արտահանում է այդ ջիհադիստական ուղղվածության ահաբեկչությունը նաև Հարավային Կովկաս։ Եվ պատահական չէ, սա այդ խնդիրն է, որը համախմբեց և՛ Ռուսաստանին, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, և՛ Ֆրանսիային, որովհետև երեքն էլ համապատասխան հայտարարություններով հանդես եկան, դատապարտեցին․ սա արդեն թիրախավորված է, նրանք դատապարտեցին ահաբեկիչների տեղափոխումը Հարավային Կովկաս։ Եթե այդ երեք երկրների նախագահների հայտարարությունն այսպես ավելի ընդհանուր էր, չթիրախավորված էր, անհասցե էր, ապա արդեն առանձին-առանձին ամեն մեկը տարբեր մակարդակի գործիչների շուրթերով հանդես եկավ հայտարարություններով, և շատ թիրախավորված դատապարտեցին ահաբեկիչների տեղափոխումը Հարավային Կովկաս։ Որովհետև, էլի եմ կրկնում, դա ունի համաշխարհային նշանակություն, համամոլորակային նշանակություն, նաև դուրս է մեր տարածաշրջանից։ Այնպես որ, Թուրքիան մեծ խաղ է սկսել, վտանգավոր, և գիտեք, սա ասում եմ, և հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ մեր հայ զինվորը, կռվելով Արցախի անկախության համար, կռվելով թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ, նաև լուծում է աշխարհաքաղաքական խնդիր, որովհետև կանգնեցնելով այդ ագրեսիան, պարտության մատնելով թուրք-ադրբեջանական ագրեսիան, պարտության մատնելով այդ վարձկաններին, ըստ էության մեր զինվորը լուծում է աշխարհաքաղաքական բնույթի խնդիր, նաև քաղաքակրթական խնդիր է սա վերջիվերջո։ Որովհետև քաղաքակրթությունն է կռվում համաշխարհային այդ ահաբեկչական, ջիհադիստական կազմակերպությունների դեմ։ Եվ մեր հայ զինվորն իր հերոսության շնորհիվ պատնեշ է ստեղծում դրա համար։ Այնպես որ, մեր հաղթանակը կունենա շատ կարևոր նշանակություն։  


-Եթե ամփոփենք, կոնկրետ ինչի՞ վրա պետք է շեշտադրումներ կատարվեն, որ թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպվի թե՛ ռազմաքաղաքական, թե՛ դիվանագիտական ոլորտում։        

-Ես ռազմական փորձագետ չեմ, բայց կարող եմ ասել, որ առաջինը, ամենակարևորը, որոշիչը հայ զինվորն է, մեր հաղթանակն է հողի վրա։ Պետք է հեռու շպրտել ագրեսորներին․ սա ինձ համար ակնհայտ է։ Մյուս խնդիրը, որ կարևոր է նաև, թե արդյո՞ք կգտնվեն ուժեր աշխարհում, որոնք կփորձեն սանձել Թուրքիային։ Մենք ունենք վերջին տարիների փորձառությունը և տեսանք, որ Թուրքիան անում է այն, ինչը որ ուզում է։ Էրդողանն իրեն պահում է շատ լկտիաբար, և ոչ մի հակահարված չի ստանում։ Բայց ես հույս ունեմ, որ եթե Թուրքիան շարունակի ագրեսիան մեր տարածաշրջանում Արցախի դեմ, Հայաստանի դեմ, ապա այստեղ հնարավոր է, որ ակտիվանա Ռուսաստանի դերը, Ռուսաստանի գործոնը։ Մենք մինչև հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը նեյտրալ է, որ ոչ մի կողմին չի պաշտպանում, բայց, վերջիվերջո, կա հայ-ռուսական պայմանագիր, կա ՀԱՊԿ-ի գործոնը։ Ես կարծում եմ, որ կան որոշակի «կարմիր գծեր», որոնք Ռուսաստանը, ռուսական դիվանագիտությունը գծել է Թուրքիայի առջև։ Եթե այդ կարմիր գծերն անցնի, ապա Ռուսաստանն ավելի վճռական գործողությունների կդիմի։ Այդպես վերլուծություներ են ցույց տալիս, տեսենք՝ ինչպես կլինի։

-Այսի՞նքն, կարմիր գիծը ո՞րն է։

-Դժվար է ասել, գիտեք, դժվար է ասել, թե որն է սահմանագիծը, որ եթե Թուրքիան անցնի, Ռուսաստանը չի հանդուրժի։ Ռուսական դիվանագիտությունը շատ ավելի «փակ» է, քիչ է բան հայտնի։ Օրինակ (ես միշտ այդ օրինակն եմ բերում), երբ որ սրվել էին թուրք-հունական հարաբերությունները սրանից մի քանի շաբաթ առաջ Միջերկրական ծովում, այն ժամանակ էլի էր խոսվում կարմիր գծերի մասին, որ Հունաստանն է դրել Թուրքիայի առջև։ Եվ այդ կարմիր գիծն այն ժամանակ ավելի հասկանալի էր։ Դա Կրետե կղզին էր, որ եթե թուրքական ռազմական նավերը շատ մոտենան Կրետե կղզուն, որը կարևոր ստրատեգիական նշանակություն ունի, դա կարող է հանգեցնել պատերազմի՝ Հունաստանն ընդդեմ Թուրքիայի։ Բայց դա չեղավ, թուրքերը դա չարեցին, կարմիր գիծը չանցան, հետո իրադրությունը, սրացումն ավելի թուլացավ, հիմա, կարծես, փորձում են ինչ-որ եզրեր գտնել Թուրքիան և Հունաստանը։ Այդ դեպքում կարմիր գիծն ավելի հասկանալի էր։ Հիմա ես դժվարանում եմ ասել, բայց կարծում եմ, որ ռուսական դիվանագիտությունը չի թողնի, որ Թուրքիան հասնի վերջնական հաղթանակի Հարավային Կովկասի տարածաշրջանում, որովհետև կորցնելու է Հարավային Կովկասը, եթե իր դաշնակից Հայաստանը պարտություն կրի։ Եվ ես կարծում եմ, որ դա պետք է լինի այդ կարմիր գծերը։

Սերգեյ Առաքելյան