Էրդողանի և Ալիևի կանայք մրցակցու՞մ են. բռնապետների «թաքուն խանդը»

Էրդողանի և Ալիևի կանայք մրցակցու՞մ են. բռնապետների «թաքուն խանդը»

Այն բանից հետո, երբ այս տարվա ՏԻՄ ընտրություններից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ դրանք իր համար լինելու են վերջինը երկրի ղեկավարի կարգավիճակում և որ պաշտոնավարումից հետո ասպարեզը զիջելու է մյուսներին, որոշակի ակտիվություն է նկատվում նրա կնոջ՝ Էմինեի գործողություններում: 

Թուրքիայի առաջին տիկինը, որը սովորաբար ամուսնուն ուղեկցում է պաշտոնական ու հանրային միջոցառումների, այդ թվում՝ նաև արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, նախկինում առանձնապես աչքի չի ընկել որևէ նշանակալից դիպվածով, խոսքով, առավելևս՝ քաղաքական հայտարարություններով: Թուրքիայի պես պահպանողական, ավելի շուտ՝ բռնապետական երկրում և Էրդողանի ահեղ ներկայության պարագայում նման վարքագիծը միանգամայն բնականոն է: 
Բայց, հաշվի առնելով այս երկրների «արյունակցական կապերն ու եղբայրական հարաբերությունները», ինչպես նաև՝ իշխանական բռնապետական համակարգն ու կանանց նկատմամբ պահպանողական հայացքները, հետաքրքիր պատկեր է ուրվագծվում: Ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները, այս իմաստով կարևոր բան է կատարվել, որի պատճառները կարող են կապված լինել ավագ ու կրտսեր եղբայրների՝ ժամանակակից բռնապետներ Էրդողանի և Ալիևի մոտեցումների վերանայման, փոփոխության և այդ համատեքստում նրանց կանանց միջև ի հայտ եկած չհայտարարված, որոշակի թաքուն մրցակցության հետ: 

Երեկ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Էմինե Էրդողանը, Վահդեթտինի առանձնատանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, Հեյդար Ալիևի Հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալեքպերովի հետ։ Հանդիպման ընթացքում Ալեքպերովը տեղեկատվություն է տրամադրել Կլիմայի փոփոխության հարցերով Բաքվում նախատեսված ՄԱԿ-ի 29-րդ միջազգային համաժողովի շրջանակում կողմերի նախապատրաստման մասին: Զրուցակիցները քննարկել են նաև ՄԱԿ-ում և Թուրքիայում Էմինե Էրդողանի բնապահպանական գործունեության և Հեյդար Ալիևի Հիմնադրամի համագործակցության հնարավորությունները։

Էմինե Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին COP գագաթնաժողովն ընդունելու կապակցությամբ՝ հավելելով, որ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ եղբայրական երկրին աջակցելու համար։ Ավելի՛ն, հանդիպումից հետո Թուրքիայի առաջին տիկինը սոցիալական ցանցերի իր էջում հայտարարություններ է տարածել կայացած քննարկման մանրամասների վերաբերյալ՝ նշելով, որ «Թուրքիան միշտ աջակցում է մեր եղբայրական երկրին Ադրբեջանին»:

Ամեն դեպքում Թուրքիայի առաջին տիկինը՝ 71-ամյա Էմինեն հանրային ու քաղաքական ակտիվությամբ էապես զիջում է իրենից անհամեմատ փոքր, Ադրբեջանի առաջին տիկին, այդ երկրի առաջին փոխնախագահ. մի շարք կազմակերպությունների հիմնադիր-ղեկավար Մեհրիբան Ալիևային (խոստովանենք՝ 60-ամյակը չբոլորած Մեհրիբանն օժտված է գեղեցկությամբ և երիտասարդական ավյունով):

Նա ոչ միայն իր ամուսնու մշտական ուղեկիցն է ներքին ու արտասհմանյան գրեթե բոլոր հանդիպումների, միջոցառումների, օկուպացված Արցախ կատարվող կանոնավոր այցելությունների ժամանակ, այլև հանդես է գալիս տարբեր հանրային ու քաղաքական նշանակության նախաձեռնություններով, հայտարարություններով և այլն:

Թե ուր կհասցնի բռնապետների երկու տիկնանց քաղաքական խանդն ու մրցակցությունը, հայտնի չէ: Բոլոր դեպքերում, Մեհրիբանը մեկ առավելություն, կարծես թե ունի. նա բոլոր հնարավորություններն ունի դառնալու ամուսնու իրավահաջորդը իշխանական բուրգում՝ հաշվի առնելով թե՛ տարիքը, թե՛ պետական ու հանրային կենսափորձը և թե՛ հավակնոտ բնավորությունը: