Սպասենք` եթե տասն օրից չվերադարձնեն, կխոսենք

Սպասենք` եթե տասն օրից չվերադարձնեն, կխոսենք

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

-Օրեր առաջ Հակարիի կամրջից առևանգված տղաների լուսանկարները համացանցում շոկ էին առաջացրել: Տեղյա՞կ եք, թե այս պահին ինչպես են տղաները, ի՞նչ պայմաններում են ապրում:

- Քանի որ ասվել է, որ տասը օրից տղաներն ազատ են արձակվելու, միակ նորությունը դա է և հենց դրանով պայամանավորված` զերծ կմնամ հիմա այդ մասին խոսել, որպեսզի հանկարծ տղաներին չվնասեմ: Սպասենք տասը օրից հետո` եթե Աստված մի արասցե տղաներին չվերադարձնեն, կխոսենք:

- Իսկ տեղյա՞կ եք՝ տղաներն ինչ են խոսել ընտանիքի անդամների հետ: Հրապարակում եղավ, որ հարազատների հետ հեռախոսազրույց են ունեցել:

- Ասել են, որ ամեն ինչ լավ է, այդ կոնտեքստի մեջ է եղել զրույցը:

- Փարիզի քաղաքապետն էլ հանդիպեց Վագիֆ Խաչատրյանի դստերը: Ի՞նչ կարող է փոխել այդ հանդիպումը:

- Այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա ու մեծ հաշվով ես հույսեր չունեմ այդ առումով, որովհետև Ադրբեջանն իր ձեռքից բաց չի թողնելու այդ կեղծ, շինծու գործը, արդեն քանի տարի է, մեր ռազմագերիների մասով տարբեր միջնորդություններ են եղել, սակայն ոչինչ չի փոխվել:

- Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հայտնեց, որ Հակարիի կամրջով անցնելու համար մարդիկ մի փաստաթղթի տակ են ստորագրում, ըստ որի՝ այդ հատվածում որևէ մեկը պատասխանատվություն չի կրում իրենց անվտանգության համար: Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը:

- Անկեղծ ասած, այդ մասին նոր եմ լսում: 

- Վերջին օրերին Արցախից Հայաստան քանի՞ ուսանող է տեղափոխվել:

- Այն ուսանողները, որոնք Հայաստանի բուհեր են ընդունվել, արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել՝ նախորդ օրերին: 250-ից ավելի ուսանող Արցախից Հայաստան է եկել: Միայն երեք տղաների առևանգումն է պրոցեսը խաթարել: Այդ տղաները ևս ուսանողներ են՝ Ագրարային համալսարանի:

- Այսօր տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տալիս: Արցախի նախագահի հրաժարականը կարո՞ղ է իրավիճակն ավելի սրել:

- Ես ՄԻՊ եմ, զերծ կմնամ այդ հարցերից: Քաղաքական պրոցեսին չեմ ուզում միջամտել: