Իմ ամբողջ կյանքի իմաստը՝ Ղարաբաղի խնդիրն էր, հիմա ամեն ինչ իմաստազրկվում է կարծես թե

Իմ ամբողջ կյանքի իմաստը՝ Ղարաբաղի խնդիրն էր, հիմա ամեն ինչ իմաստազրկվում է կարծես թե

Hraparak.am-ը զրուցել է նախկին պատգամավոր, նախկին սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի հետ։

- Պարոն Մարտիրոսյան, հետևո՞ւմ եք այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մի քանի օր է, ինչ Հայաստանի և Արցախի Ազգային Ժողովները հանդես են գալիս Արցախին վերաբերող հայտարարություններով։ Ի՞նչ դիրքորոշում ունեք Դուք։

-Հիմա ես չեմ հետևում Ազգայի Ժողովի իրադարձություններին, անկեղծ ասած։ Պարզապես չեմ կարծում, որ իմաստ ունի նրանց լսելը՝ հատկապես հայաստանյան իշխանություններին, ովքեր շատ հեռու են Ղարաբաղի հիմնախնդրից։ Այսինքն, իրենք իրենց լուծումը, ոնց  երևում է գտել են՝ ուզում են հրաժարվել Ղարաբաղից, չգիտակցելով, որ հենց Ղարաբաղն էր  Հայաստանի անվտանգության հիմնական գործոնը։ Իմ ամբողջ կյանքի իմաստը՝ նաև Ղարաբաղի խնդիրն էր։ Հիմա, փաստորեն, ամեն ինչ իմաստազրկվում է։ Առավել ևս, որ հայտնի չի Հայաստանի ճակատագիրը, որովհետև այսօրվա իշխանությունները բացարձակապես հեռու են՝ բանակ, անվտանգություն, աշխարհագրական անվտանգություն գործոններից։ Կարծես թե, վերադառնում է Խորհրդային միությունների ամենավատ վիճակը, երբ 1920 թվականներին Թուրքիան ու Ադրբեջանը կարողացան ամբողջ ստրատեգիական ճանապարհները, դիրքերը վերցնել իրենց հսկողությոան տակ և 90-94 թթ․ - ին, մենք հսկայական զոհեր տվեցինք, որպեսզի այդ ճանապարհները գոնե ազատագրեինք։ Այսօր նորից հայտնվեցինք շատ ավելի ծանր իրավիճակում։ Իսկ թե հետո ինչ է լինելու, դա կախված է երևի Ռուսաստան-Ուկրաինա հակասության լուծումից։

- 90-ականներին Դուք, ձեր պատգամավոր գործընկերները պայքարում էիք Արցախը Հայաստանին միավորելու համար, այսօր Ազգային ժողովում խոսում են հայ-ադրբեջանական բարի դրացիական հարաբերություններից, մոռանալով Արցախի հարցը։ Ասելով, որ դա կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։

- Տխուր է ամեն ինչ։ Մի մասին անձամբ ճանաչում եմ և հասկանում դրդապատճառները։ Այսօր չունենք, ցավոք համապետական մտածողություն։ Թուլ տվեք չանդրադառնամ այս հարցին։ Ես լարված հետևում եմ ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, որը, իմ գնահատմամբ, ավելի շուտ նման է քաղաքացիական պատերազմի։ Եվ Հայաստանի, և հատկապես Ղարաբաղի խնդիրը կապված է այդ աշխարհաքաղաքական խնդիրների լուծման հետ։ Այսօր Արևմուտքը իրեն յուրահատուկ փափուկ ուժով դրդում է նրան, իբրև նպաստում է խաղաղության պայմանագրին, սակայն, նրա նպատակը՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելն է։ Եվ, չգիտեմ, այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը գնում է այդ ճանապարհով։ Իսկ դա նշանակում է ռուսական խաղաղապահ զորքերի կամ հակամարտություն, կամ ռուսական զորքերը պիտի դուրս գան և դրանով կվերջանա Ղարաբաղի խնդիրը։ Սա է՝ տխուր վարկածներից մեկը։ Ժողովրդին այսօր ուղիղ խոսքը չի հետաքրքրում, իրենք ավելի շատ էմոցիոնալ բաներ են անում։ Այսօր, ով ասես, որ չի խոսում քաղաքականությունից, աշխարհաքաղաքական  խնդիրներից։ Փորձում էինք ինչ-որ խմբեր, տեսակետներ․․․ բայց ցավոք չի ստացվում համախոհներին միավորել, որոնք շատ-շատ են։ Գիտեք, 1998-20 թթ․-ին եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ, խորհրդի անդամ։ Շատ ցավոտ տարա, որ կուսակցությունը տարան պարտության և չցանկացան զիջել։ Եթե առաջնորդը, լիդերը տանում է պարտություն, ինքը պիտի հրաժարական տա։ Ցավոք սրտի, այդպես չեղավ Հանրապետականում։ Մեր հորդորները, առաջարկությունները չանցան, որից հետո անիմաստ էր մնալս Հանրապետական կուսակցությունում։ Եվ այլևս որևէ կուսակցության չեմ հարում։ Մենք կարող էինք ավելի արդյունավետ և ավելի հաջող այդ խնդրից դուրս գալ, բայց եղավ այն, ինչ եղավ։

- Այնուամենայնիվ, ի՞նչ սպասել հայտարարված խաղաղության դարաշրջանից։

- Ակնհայտ է, որ Արևմուտքը բացարձակ պատերազմի մեջ է բոլոր առումներով։ Եվ աշխարհի որևէ հատվածում, որտեղ իր ձեռքը կհասնի՝ Ռուսաստանի համար պրոբլեմներ կստեղծի, նա ամեն ինչ անելու է դրա համար, այդ թվում՝ Ղարաբաղում։ Եվ հիմա ամենավտանգավորն այն է, որ Արևմուտքը չդրդի Ադրբեջան-Թուրքիա տանդեմին լուծելու և Ղարաբաղի հարցը, և իր համար այլ հարցեր՝ օգտվելով Ռուսաստանի նեղ վիճակից։ Երբ ես 90-ականներին Անվտանգության պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահն էի, այդ ժամանակ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Սոլանան երկու անգամ եկավ Հայաստան, այդ թվում նաև հանդիպում ունեցավ հանձնաժողովում։ Բնականաբար, իրենք առաջարկում էին, որպեսզի Հայաստանը նույնպես մտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ։ Մենք, ընդամենը մի կարճ պատասխան տվեցինք՝ քանի Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանը չի կարող լինել ՆԱՏՕ-Ի անդամ։ Եվ որևէ հարաբերություն Թուրքիայի հետ կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ- ի անդամ և մնալու է ՆԱՏՕ-ի անդամ։ Իսկ Արևմուտքի համար Հարավային Կովկասում  առանձին Հայաստան գոյություն չունի։ Եվ իմ անհանգստությունն այսօր այն է, որ Արևմուտքի դրդմամբ չի բացառվում, որ Ադրբեջան-Թուրքիա պետությունները փորձեն, ինչպես միշտ,  օգտվեն այս իրավիճակից։ Դրանից հետո՝ կմնա որևէ տարածք հայերի համար, թե չէ՝ չգիտեմ, իսկ պետության մասին այլևս նույնիսկ լուրջ չի լինի  խոսելը։