Ինչպե՞ս հեռացնել Փաշինյանին ու իր պատատուկներին

Ինչպե՞ս հեռացնել Փաշինյանին ու իր պատատուկներին

Մեղքի խոստովանությունը ազատու՞մ է մարդուն պատասխանատվությունից։ Իրավապահ մարմիններին եմ հարցնում։  
Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում արված հայտարարությունը մեղքի խոստովանություն է՝ ի լուր համայն աշխարհի․ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի»։ Եթե մի շարքային բժիշկ խոստովաներ, որ կարող էր փրկել հիվանդի կյանքը ու ինչ պատճառ ուզում է լինի, չի արել, հարազատները նրան «հում- հում կուտեին»։ Բայց Նիկոլ Փաշինյանն իր մեղքի խոստովանությունը համարում է անկեղծություն ու փորձում  բաղեղի, պատուտակի նման մագլցել ու փաթաթվել ժողովրդի վզին ու խեղդելով, անշնչացնելով ժողովրդին, ասել, որ ինքը ժողովուրդն է։ Պատուտակի նման, որ տանիքներին կառչելով՝ հասել է մարդկանց վզին, փաթաթվել և գտել իր հենարանը։ Հիմա այդ հենարանը, որ ժողովուրդ անունն ունի, չի երևում։ Միայն Նիկո՜լն է՝ իր մսալի հատապտուղներով՝ կապտասև, գորշագույն, դեղնականաչավուն գույնով ։ Ունի կառչող կարճ արմատիկներ, որոնց միջոցով ամրանում է հենարանին։ Այդ փաթաթվող բույսը բարձրանում է ծառերի վրա՝ հասնելով մինչև 20 մ բարձրության ու ծառը չի երևում։ Համապատասխան հենարանի բացակայության դեպքում, փռվում է հողի մակերեսին և ստեղծում համատարած կանաչ ծածկոց։

Հենարանի բացակայության դեպքում նա փռվում է հողին, ծառի ոտների տակ ու աղերսում հենարան, որ նորից ծառը բարձրանա, նորից իր հենարանով ծառ երևա։ Կարծում եմ հասկացաք ինձ։ Նիկոլ Փաշինյանը այդ պատատուկն է։ Փաթաթվել է ժողովրդի վզին ու «ժողովուրդ է խաղում»։ Նա իր կարճ արմատներով չի կարող խեղդել հայի ծառը՝ Արցախը, Հայաստանը, ընդամենը հարկավոր է նրա տակից հանել ծառը ու նա կփռվի իր ողջ փաթաթուկներով հողին։ Արցախի, Հայաստանի, մեր կորուսյալ ոսկե գենոֆոնդի մասին նրա հայտարարություններն այն փոցխերն են, որոնք նրան զրկելու են հենարանից ու հառնելու է հայը։ Սա՛ է ձևը՝  ինչպես ազատվել  Փաշինյանից, որը շատ մոտ է։ Հենարանն արդեն փախչում է նրա ոտի տակից։