Եթե այսպես շարունակվեց, Ալիևը Երևանում թեյ է խմելու
Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը, որպես կանոն, մասնակցում է բոլոր հանրահավաքներին եւ բողոքի ակցիաներին։ Նա հիմա ընդգրկված է «Մայր Հայաստան» դաշինքի կազմում։ Նա շեշտում է, որ շատ կարևոր է սեպտեմբերի 2-ին տեղի ունենալիք հանարահավաքին մասնակցելը:
- Տիկին Նաիրա, Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք ամսի 2-ի հանրահավաքին:
- Անպայման: Ես ամեն օր հույսով եմ արթնանում, որ այս հրեշավոր իշխանություններից ազատվելու ենք: Տեսնում ենք, թե ինչ կատարվում սահմաններին մասնավորապես` Սոթքում: Ցանկացած շրջանում, երբ մեզանում բողոքի մեծ ալիք է բարձրանում, ամեն կերպ իշխանությունները փորձում են հասարակությանն ահաբեկել: Հիմնականում նոր պատերազմով են վախեցնում, սակայն պատերազմը սրանց մնալն է… Մարդիկ ի վերջո հասկանում են, որ եթե այսպես շարունակվեց Ալիևը Երևանում է արդեն թեյ խմելու: Անկախ նրանից, թե սրանք ինչ կանեն, մեր պայքարը պետք է լինի շարունակական: Եթե Գերագույն գլխավոր հրամանատար կոչվածը սա պետք է լինի, ուրեմն մենք վերջնականապես ոչնչանալու ենք: Մեծ ակնկալիքներ ունեմ ես ընդդիմադիր շարժումից: Հույս ունեմ նաև, որ այն զինվորների ծնողները, որոնք այսօր սահմանին կանգնած են, վերջապես կհասկանան, որ զինվորների սպանդը չի ավարտվել: Պետք է բոլորս մեկ մարդու պես սրանց հեռացնենք:
- Քիչ առաջ տեղեկացանք, որ ձեր դաշինքը Սոթք է մեկնում:
- Ես հենց նոր տեղեկացա: Արդեն շարժվել է թիմը: Եթե հարկավոր լինի, ես ևս քիչ հետո կշարժվեմ դեպի Սոթք: Վերջին ամիսներին բավականին շատ ենք գնացել Սոթք, Մարտունի: Այնպես որ՝ չենք խորշում սահման գնալուց, միշտ պատրաստ ենք:
- Ակտիվ քարոզարշավ եք իրականացնում: Մարդկանց հետ զրուցելով, նրանց խնդիրներն ու տեսակետները լսելով՝ ի՞նչ եք կարծում` մարդիկ ի՞նչ տրամադրություններ ունեն նախընտրական այս շրջանում:
- Հատկապես քարոզարշավի ժամանակ, շփվելով մարդկանց հետ, հասկացա, որ Երևանը եռում է: Այն պատրանքը, որ այս իշխանությունները փորձում են ստեղծել, թե իբրև իրենց հասարակությունը սիրում է, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում: Մարդիկ բավականին սթափ են ու հասկանում են, թե ինչ կատարվում: Արցախում մարդիկ են սովամահ լինում, շուտով նույն ուխտը մեր դուռն է չոքելու, եթե քայլեր չձեռնարկենք: Իհարկե, ՔՊ-ն կեղծելու է, իհարկե, ՔՊ-ն վարչական ռեսուրսներ է կիրառելու, արբանյակների միջոցով փորձելու է մարդկանց ուշադրությունը շեղել, սակայն մենք պետք է մեր անելիքն անենք: Սխալ է տանը նստած հուսահատվել ու ոչինչ չանել: Գուցե նախքան ավագանու ընտրությունները քաղաքական ակտիվ շարժում ձևավորվի: Սեպտեմբերի 2-ի հանրահավաքից շատ բան է կախված: Եթե շարժում ձևավորվի և լավ կազմակերպվի ամեն բան, կարող ենք հասնել իշխանափոխության: Ամեն դեպքում այս ավագանու ընտրությունները ես դիտարկում եմ որպես մեր գոյության իրավունքի կռիվ: Կան ուժեր, որոնք բոյկոտում են, ճառեր են ասում, իրենց որ լսենք, պետք է նստենք ու սպասենք մեր թաղման արարողությանը:
- Կա մի ընդդիմադիր շրջանակ, որը կարծում է՝ ընտրություններին մասնակցելը սխալ է:
- Ես նրանց համարում եմ իշխանության ջրաղացին ջուր լցնողներ: Եթե համախմբվեինք բոլորս մեկ դրոշի տակ, ՔՊ-ին հեռացնելն օրերի հարց կլիներ: Կամ մեր կողքին են, կամ իշխանությանն են պահում, այդքան բան:
Կարծիքներ