Ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակին ընդառաջ

Ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակին ընդառաջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել տեղական չորս հեռուստաընկերության թղթակիցներին: Դա ակնհայտորեն կանխածրագրված քայլ էր՝ ծննդյան տարեդարձի նախօրեին եւ հետապնդում էր մի նպատակ՝ հանրությանը ցույց տալ, որ չի պատրաստվում հեռանալ իշխանությունից, իսկ արտաքին քաղաքականության առումով հայտարարել, որ վերջնականապես ընտրում է եվրասիական կողմնորոշում:

Ալիեւը հայտարարել է, որ Եվրամիության հետ չի պատրաստվում ասոցացման համաձայնագիր ստորագրել, սառեցնում է Ադրբեջանի մասնակցությունը ԵՄ արեւելյան գործընկերության ծրագրերին եւ, առհասարակ, եվրոպական միջավայրն ու արժեքները հարիր չեն Ադրբեջանին: Ռուսաստանի հետ սպառազինությունների հարցով բանակցությունների նոր փուլ սկսելով՝ Ալիեւն, ինչ խոսք, պետք է համապատասխան ուղերձ հղեր Մոսկվային:

Մանավանդ որ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն «ապահովելու» աշխարհաքաղաքական նախագծով ԼՂ կարգավորման իր համար ցանկալի տարբերակը Բրյուսելում առաջ մղելու նրա ջանքերը հիմնավորապես ձախողվել են: Եվրամիությունը հրաժարվել է Ադրբեջանի հետ համաձայնագրի նախաբանում ԼՂ հարցով ներառել Բաքվին ձեռնտու՝ տարածքային ամբողջականությանը նախապատվություն տվող ձեւակերպում: Ադրբեջանի եվրասիական կողմնորոշման վրա, անշուշտ, ազդեցություն է թողնում նաեւ Թուրքիայի եւ Արեւմուտքի հարաբերություններում լարվածության գործոնը: Արտաքին քաղաքականության ի՞նչ վեկտոր է ընտրում Ադրբեջանը՝ դա իր որոշելիքն է: Մեզ համար դա հետաքրքրություն է ներկայացնում այնքանով, որ մոտենում է ռուս-թուրքական՝ «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրի 100-ամյակը, երբ քեմալա-բոլշեւիկյան պայմանավորվածությամբ գծվել են Հայաստանի սահմանները: Թերեւս, այդ համաձայնությունների շրջանակներում է հօգուտ Ադրբեջանի «լուծվել» նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը:

Աշխարհաքաղաքական գործարքը կայացել է Ադրբեջանում իշխանությունը բոլշեւիկներին հանձնելու դիմաց: Այդպիսով հարթվել է Անդրկովկասը վերստին ռուսական ազդեցության բերելու ճանապարհը: Փորձագիտական հանրության շրջանում տպավորություն կա, որ Արեւմուտքը «հեռանում է Հարավային Կովկասից»: Ավելի ու ավելի է ամրապնդվում այն տեսակետը, որ համաշխարհային քաղաքականության կենտրոնը Եվրոպայից «տեղափոխվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան հիպերտարածաշրջան»: Ռուսաստանյան Regnum-ն Իլհամ Ալիեւին հռչակել է Անդրկովկասի առաջին պետական գործիչը, որ «ճիշտ է գնահատում աշխարհաքաղաքական փոփոխությունները»: ԼՂ կարգավորման վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի օրերս հրապարակած զեկույցում սպասելիքները կապված են մեծամասամբ տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության հետ: Ալիեւի որոշումը լուրջ մարտահրավեր է: Ի հակակշիռ ի՞նչ ունի զինանոցում հայկական դիվանագիտությունը: