Ինչո՞ւ է ստում քաղաքապետարանը. ինչպե՞ս ծածկեցին հրապարակի շենքերը

Ինչո՞ւ է ստում քաղաքապետարանը. ինչպե՞ս ծածկեցին հրապարակի շենքերը

Երեւանի քաղաքապետարանը վերջին ամանորյա ծախսերի համար հատկացրել էր ռեկորդային գումար: Ամանորյա զարդարանքի համար այս անգամ ավելի քան չորս անգամ շատ գումար է ծախսվել, քան, օրինակ, 2017-ին կամ 2018-ին: Ռեկորդը մինչ այս Ամանորը 2019-2020-ի Ամանորինն էր։ Այդ ժամանակ ավելի քան 400 միլիոն է ծախսվել՝ այսօրվա փոխարժեքով՝ մեկ միլիոն դոլարից ավելի, իսկ, ահա, 2022թ․ Երեւանի տոնական տեսքի համար հարկատուների հաշվին արդեն 2 միլիոն դոլարից ավելի է ծախսվել: Հատկանշական է, որ ամանորյա զարդարանքների վրա միլիոններ ծախսող իշխանության պահած բանակում զինվորը քնում է անասնագոմ հիշեցնող կացարանում, որն անվանում են զորանոց: Բայց առավել հատկանշական է այն, որ այդ ամանորյա զարդարանք ասվածն արվում է պատմամշակութային արժեք համարվող Հանրապետության հրապարակի շենքերը, բառի ամենաուղիղ իմաստով, այլանդակելով:

Հունվարի վերջից սկսած` մենք Երեւանի քաղաքապետարանից ճշտում ենք, թե երբ են վերացվելու կառավարության շենքի պատերի վրա արված անցքերը, երբ են պատերը նորոգվելու: Դեռ հունվարի վերջին Երեւանի քաղաքապետարանից Լեւոն Սարդարյանը մեզ ասել էր, որ «Սինեմարտ» ՍՊԸ-ն է ծակել պատերը, ուստի նույն «Սինեմարտ» ՍՊԸ-ն էլ պարտավոր է վերանորոգել այն՝ փակել անցքերը: Ամիսներն անցնում են, շենքի պատերը դեռ նույն վիճակում են:

Իսկ փետրվարին Երեւանի քաղաքապետարանի խոսնակը նշել էր հետեւյալը. «Այն նյութերով, որ պետք է աշխատեն, էֆեկտիվ են +5-ից մինչեւ +35 բարձր ջերմաստիճանի պարագայում: Նոր համաձայնագիր է ստորագրվել ընկերության հետ` պայմանագրի ժամկետը փոքր-ինչ երկարացնելու համար: Կառավարության շենքի պատերը կվերանորոգվեն, երբ եղանակը տաքանա, գիշերն այդ նյութերը չպետք է սառեն, եթե սառեն, էֆեկտիվ չի լինի: Ենթադրում ենք, որ մարտ ամսին աշխատանքները կիրականացվեն»:

Երեկ մենք փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք կառավարության շենքի տարածքում՝ հասկանալու, թե շենքի պատերն ինչ վիճակում են: Պարզվեց՝ դրանք դեռ ծակծկված են, ոչինչ չի արվել: Երեւանի քաղաքապետարանից «Հրապարակին» ասացին, որ մարտի 14-ին շենքի վրա առկա բոլոր անցքերը, որոնք առաջացել են ամանորյա զարդարանքների տեղադրման արդյունքում, նորոգված են: Քաղաքապետարանից մեզ հորդորեցին մեր տեսածին չհավատալ, այլ հավատալ իրենց ասածին, այն է՝ բոլոր անցքերը, որոնք իրենց մեղքով են արվել, նորոգված են:
«Մեր կողմից արված բոլոր ներգործությունները վերացված են: Դրանք պատշաճ տեսքի են բերվել, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչ անցքեր են շենքի պատերի վրա այսօր, ինչու այդ անցքերը նախքան անցած Ամանորը չկային, Տարոն Գեւորգյանն ասաց. «Դրանք մեր ներգործության արդյունքում արված անցքեր չեն, մեր կողմից արված աշխատանքների արդյունքում առկա անցքերը նորոգված են: Մի մոռացեք, որ այդ շենքն ունի տասնամյակների վաղեմություն»:

Նշենք, որ կառավարության շենքի վրա առկա անցքերը բացվել են այն ժամանակ, երբ Հանրապետության հրապարակը որոշեցին ամանորյա հեքիաթի վերածել՝ ծակծկելով պատմամշակութային արժեք հանդիսացող շենքի պատերը։ Հիմա նշում են, որ այդ անցքերի հետ իրենք կապ չունեն, շենքն ունի տասնամյակների պատմություն, եւ անցքերը նախկինում են առաջացել: Իսկ իրենք իրենց արած անցքերը փակել են։ Մենք առաջարկում ենք երեւանցիներին՝ գնալ եւ տեղում համոզվել, որ Ամանորին արված անցքերը փակվել են։

Մյուս կողմից՝ չենք կարող չհայտնել մեր տարակուսանքը. եթե անգամ ընդունենք, որ ճիշտ են ասում, դա նշանակում է, որ շենքերի անցքերը նորոգողները պարզել են անցքերի առաջացման ժամկետը եւ նորոգել են միայն նոր անցքերը՝ հին անցքերը թողնելով սերունդներին։ Սա այս իշխանությունների՝ մեր պետության, մեր մայրաքաղաքի, մշակութային արժեք ներկայացնող շինությունների հանդեպ վերաբերմունքի մասին ամենախայտառակ խոստովանությունն է. նրանք, փաստորեն, անգամ շինությունների հարցում են նախկին ու նոր, սեւ ու սպիտակ մտցրել: