Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է. գործընկերը քաղաքական հետապնդում է համարում

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է. գործընկերը քաղաքական հետապնդում է համարում

Քիչ առաջ տեղեկացանք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց փաստաբան, նրա գործընկեր Ժիրայր Ղարագյոզյանը։ Հարցին, թե ինչ քրեական գործի շրջանակներում են ձերբակալել, Ղարագյոզյանը պատասխանեց․

«Դեռևս մանրամասների մասին տեղեկություն չունենք, բայց կարծում եմ, որ սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, որովհետև ենթադրվում է, որ այսօրվա ներկայիս իշխանության, լիքը պաշտոնյաների ոտքը տրորել է, այսինքն՝ իր հայտարարություններով, իր սուր մեկնաբանությունններով, և դրա հետ կապված այսօր ունենք այն, ինչ ունենք։ Հետամուտ ենք լինելու մինչև վերջ պայքարելու մեր գործընկերոջ, իմ ընկերոջ դեմ այս մտացածին, շինծու հետապնդումը որպեսզի կարողանանք վերացնել»,- ասաց Ղարագյոզյանը։

Նրան հարցրինք՝ ճի՞շտ է, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործի հետ է կապված Էրիկ Ալեքսանյանի ձերբակալությունը։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է դատախազությունը ներկայացրել ԲԴԽ, գործով հայտնի փաստաբան էլ է անցնում։ Ղարագյոզյանն այս հարցին պատասխանեց․

«Նման բան դեռևս չեմ կարող ասել, երբ կունենանք նյութերը մեր ձեռքի տակ, կհասկանանք, թե ինչի հետ կապված, բայց ես շատ հստակ պնդում եմ, որ սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։ Բոլորին քաջ հայտնի է, թե ինչպիսի քաղաքական գործերով է աշխատել  ու բարձրաստիճան նախկին պաշտոնյաների շահերն է ներկայացրել, գտնում եմ, որ սա լռեցնելու միջոց է մի փաստաբանի, ով այսօր քրեական գործերով իրականացնում է մի շարք կարկառուն անձանց պաշտպանություն, և սա ոչ այլ ինչ է, քան նրան լռեցնելու փորձ։ Այլ բան չեմ կարող մեկնաբանել, միևնույն ժամանակ պաշտպանության կողմը հետամուտ է լինելու օրենքով չարգելված ցանկացած եղանակով իրականացնելու մեր գործընկերոջ շահերի պաշտպանությունը»,- ասաց Ղարագյոզյանը։ 

Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանն ու Էրիկ Ալեքսանյանը համակուրսեցիներ են։ Նշենք նաև, որ քիչ առաջ Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջը հեռացվել է։