Թողնելով կենտրոնի անմխիթար շենքերը՝ կպել են բուհերից

Թողնելով կենտրոնի անմխիթար շենքերը՝ կպել են բուհերից

Փետրվարի 17-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցած՝ վարչապետին կից տնտեսական խորհրդի նիստում նա հայտարարեց, որ ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ չի լինելու, ինչով տարակուսանքի հեղեղ առաջացրեց։ Նա նաեւ հարց ձեւակերպեց՝ ի՞նչ է լինելու հին շենքերի հետ։ Նիկոլի գաղափարը հետեւյալն է․ «Երեւան քաղաքի այդ բոլոր շենքերը համախմբվեն մի կազմակերպության մեջ եւ միջազգային հեղինակություն ունեցող ընկերության տրվեն կառավարման՝ որպես տարածքներ: Եվ այնտեղից գեներացվող ամբողջ գումարը գնա ակադեմիական քաղաքի եւ բուհական համակարգի ֆինանսավորմանը: Դա քննարկելու հարց է՝ որպես պետական բյուջեի՞ եկամուտ, թե՞ ուղղակի գնա ակադեմիական քաղաքի հիմնադրամի հաշիվներին»:

Մի կողմ ենք դնում կոռուպցիան, որի վտանգը նման «մտահղացման» դեպքում ակնհայտ է։ Մեր իշխանությունը չի սիրում խոշոր գործընկերներ ընտրել մրցույթով, ինչի մասին վկայում է Պետական հետաքրքրությունների հիմնադրամի «հաջողության» պատմությունը։ Առավել եւս նրա մոտ չի ստացվում նախկինների հետ համեմատվելը։ Նախկինները տարբեր ոլորտներում մենաշնորհներ հաստատելիս՝ ջրի, օդանավակայանի օպերատոր ընտրելիս, գոնե ձեւական մրցույթներ էին անում։ Առավել եւս տեղին չեն համեմատությունները հին շենքերի «նորացման» փորձի առումով։

90-ականներին Երեւանի քաղաքապետարանը Գրիգոր Լուսավորչի փողոցում էր, որտեղ այսօր գտնվում է Արդշինբանկի գլխամասը։ Դա սովետական շրջանի հին, չնորոգված շենք էր, որը կարգի բերելու համար պետությունից մեծ գումարներ կպահանջվեին։ Լուծումը գտան նոր մոդել կիրառելով՝ այդ շենքը հանձնեցին Արդշինբանկին, որը նախ քաղաքապետարանի համար նոր շենք կառուցեց՝ հանձնեց Երեւանին, ապա վերակառուցեց նաեւ հին շենքը՝ վերածելով ժամանակակից պահանջներին համապատասխանող կառույցի, որոնք անհրաժեշտ են բանկի հաճախորդների սպասարկման համար։ Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի բացումը տեղի ունեցավ 2004 թվականին։ Ջիմ Թորոսյանի նախագծած այդ կառույցն անհամեմատ ավելի հարմար է մունիցիպալ իշխանության համար․ ունի ահռելի մակերես՝ 13,5 հազար քառակուսի մետր, 47 մետր բարձրության աշտարակ, ճակատին ռելիեֆային զարդանախշեր։ Այստեղ տեղավորվեց նաեւ Երեւանի պատմության թանգարանը, որը նախկինում թափառաշրջիկի կարգավիճակում էր։ 

Նույն սխեմայով կառուցեցին եւ 2015 թվականին շահագործման հանձնեցին նախարարությունների նոր շենքը՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որտեղ տեղավորվեց 5 նախարարություն՝ արդարադատության, կրթության եւ գիտության, արտաքին գործերի, մշակույթի եւ սփյուռքի։ Նոր մասնաշենքը կառուցվեց ԱԳՆ նախկին շենքի վաճառքից գոյացած գումարից։ Կառուցապատողն Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունն էր, որը 51 մլն դոլարից ավելի վճարեց ԱԳՆ շենքի համար՝ դրա դիմաց նոր կառավարական շենք կառուցելով։ Սակայն փոխարենը ԱԳՆ-ի շենքում ոչինչ չարեց, եւ այն աղետալի վիճակում է այսօր։  

Հիմա նույն սխեման ուզում է իրականացնել Փաշինյանը՝ բուհերի շենքերը հանձնելով մեկ  կառավարչի՝ ակադեմիական քաղաք կառուցելու պարտավորության դիմաց։ Բայց կա մի «բայց»։ Բոլոր այն շենքերը, որոնք նախկինում վաճառվել են՝ նոր ու ժամանակակից շենքեր կառուցելու պարտավորության դիմաց, վատ վիճակում էին՝ ունեին նորոգման կարիք, եւ նոր կառուցվող շենքերը հներից մի քանի տասը կամ մի քանի հարյուր մետրի վրա էին։ Հետագան ցույց տվեց, որ այդ նախագծերը, իրոք, շահավետ էին Հայաստանի Հանրապետության համար։ Դրանց արդյունքում ունեցանք շքեղ, ժամանակակից, որակյալ շենքեր հենց քաղաքի կենտրոնում՝ ոչ հեռու հներից։ Դրանք, որպես կանոն, անհամեմատ ավելի լավն էին, քան այն շինությունները, որոնք տրվել են նորերի դիմաց, թեպետ այն ժամանակ էլ էր մամուլը քննադատում կառավարությանը՝ քաղաքի կենտրոնում օլիգարխներին շենքեր վաճառելու համար։ Շատերը կհիշեն, թե ինչ բծախնդրությամբ էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության գրեթե ամեն նիստի ժամանակ անդրադառնում կառավարական նոր մասնաշենքի կառուցման խնդիրներին՝ ամենօրյա հսկողության տակ պահելով շինարարության ընթացքը։ Դժվար է հավատալ, որ նույն բծախնդրությունը կցուցաբերվի այսօր։ Մանավանդ, որ 6 տարում մեր աչքի առաջ չունենք որակյալ կառուցված հանրային գեթ մեկ շենքի օրինակ։ Թեմայի շուրջ զրուցեցինք ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի հետ։ 

Էսօր ո՞ւր է Եվրոպոլիսը։ Չկա

Մինասյանը կարծում է, որ չի կարելի Նիկոլ Փաշինյանի՝  ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը համեմատել նախկինում արված պրոյեկտների հետ։ «Ասում են՝ պետք է ստեղծվի կազմակերպություն, որը պետք է վաճառի այդ շենքերը, գումարներն ակումուլացնի ու սարքի մեր ակադեմիական քաղաքը, բայց նրանց մոտ հստակություն չկա։ Ավելի ճիշտ է դա համեմատել Եվրոպոլիսի գաղափարի հետ։ Հիշո՞ւմ եք՝ 91 թվականին Երասխի կողմերն ուզում էին գերմանացիների հետ միասին սարքել Եվրոպոլիս քաղաքը՝ 50 հազար բնակչությամբ, որի համար գերմանացի ու մեր ճարտարապետներն աշխատում էին, գնացին-եկան։ Էսօր ո՞ւր է այդ Եվրոպոլիսը։ Չկա։ Այդ մեծ ծրագրերի տակ պետք է ռեալ հիմք լինի։ Թե չէ՝ ես եւ դուք էլ կարող ենք այդպես մտածել, ասել՝ վաղը մենք տիեզերանավ ենք սարքում՝ թռնենք»։

- Ուրեմն, որքանո՞վ է արդարացված, որ խոսում են բուհերը միավորելու, աշխարհի ծայրը տանելու մասին, միլիարդավոր դոլարների մեգանախագծերից են խոսում։

- Ինձ թվում է, դա վտանգավոր իրավիճակում մարդկանց ուշադրությունը շեղելու քայլ է։ Մեգանախագծերը երբեմն գցում են հենց դրա համար։ «Հայֆիլմը» պետք է մեծ ու էժան ստուդիաներ ունենար, վարձով էր տալու, ու Հոլիվուդից պետք է գային, «Հայֆիլմում» կինո նկարեին։ Շատ լավ բան է ակադեմիական քաղաքը, բայց մեր փոքր պետության համար նման բանն արդարացված չէ։ Դա մենք արդեն ունենք, դա Թամանյանի գաղափարն էր՝ Երեւանի հյուսիսային հատվածում կենտրոնացնել բուհերը՝ բժշկականը, պոլիտեխնիկը, համալսարանը։ Այդպես էր արված, որ «Պլանի գլուխ» կոչվածում լիներ ակադեմիական թաղամաս։ Ու մինչեւ հիմա ապրում է այդ կոնցեպտը՝ ուսանողական առանձին միջավայր, որտեղ կպահպանվի քաղաքի ստրուկտուրան։

- Թողնելով նույն քաղաքի կենտրոնի անմխիթար շենքերը՝ ԱԳՆ-ի շենքը, որ Էռնեկյանն այդպես էլ չսարքեց, փոստի շենքը, կպել ենք բուհերից։

- Էռնեկյանն այդ շենքն արդեն 3 տարի է՝ անտերության է մատնել։ Ես շատ հույս չեմ կապում մեր դրսերի հարուստների հետ։ Գալիս են, ստեղ մի շատ փոքր բան են անում, բայց նրանք իրենց խնդիրներն ունեն։ Օրինակներով կարող եմ ասել․ Ամիրյանի վրա նախկին Բրյուսովի ինստիտուտն է, որը պետք է լիներ Երեւանի թանգարան, 30 տարի է՝ դրա դռները փակ են։ Դա Վաչե Մանուկյանի սեփականությունն է։ Ոչ մեկը չի հարցնում՝ այ ընկեր, դու դրսում ամեն ինչ օրենքով անում ես, էս շենքը սեփականացրել ես, քաղաքի կենտրոնում ինչո՞ւ ես անմարդաբնակ տեղ սարքել։ Կամ՝ «Հայրենիք» հանրախանութը՝ ճարտարապետ Գեւորգ Թամանյանի շենքը, 30 տարի է՝ սեփականացրած է, արդեն քանդվում է։ Շենքը քանդվում է, եթե դրանով չեն զբաղվում։ 

- Կամ փոստի շենքը, հրապարակի շենքերը․․․

- Ես լսել եմ, որ Փաշինյանն ուզում է դրանք բոլորը սեփականաշնորհել։ Հանրապետության հրապարակը մեր վարչական կենտրոնն էր, հին շենքեր են, թող մնան որպես վարչական շենքեր։ Օրինակ, Բուդապեշտում իրենց պառլամենտի շենքը մեր հրապարակի շենքերից հին է, մնացած տեղերում էլ, Անգլիայում՝ իրենց սիրած, դրանք թողնում են որպես սիմվոլներ ու օգտագործում են։ Մեր Հանրապետության հրապարակը դրանից պակաս չէ։ Ես լսել եմ, որ Փաշինյանն ասում է՝ ի՞նչ ենք անելու բարձր առաստաղներով այդ շենքերի հետ։ Բայց եթե դրանք մասնավորեցնենք, այլ նպատակների ծառայեցնենք, մենք կկորցնենք մեր սիմվոլները։ 70 տարի է՝ հայ ժողովուրդն իր աչքերն ուղղել է այդ հրապարակին, Թամանյանի կերտած կառավարական հրապարակին, որը սիմվոլ է, որը նաեւ կրթական նշանակություն ունի։ Եվ ի՞նչ պետք է ասենք հետո, եթե կառավարական շենքը մի շատ գեղեցիկ օր վաճառենք, ու մեկն իր պալատն այնտեղ սարքի։