«Հրապարակ». ԿԸՀ նախագահի պաշտոնի նշաձողն իջեցրել են՝ հանուն Վահագն Հովակիմյանի

«Հրապարակ». ԿԸՀ նախագահի պաշտոնի նշաձողն իջեցրել են՝ հանուն Վահագն Հովակիմյանի

ՔՊ-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պատրաստվում է առաջադրել պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Սակայն ամիսներ առաջ Հովակիմյանը չէր բավարարում ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները։ Իսկ ԿԸՀ նախագահին ու անդամին ընտրում է ԱԺ-ն, եւ թեկնածուները պիտի համապատասխանեն նույն չափանիշներին։ Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները, որոնց Հովակիմյանը չի համապատասխանում։ Սակայն պարզվում է՝ նրան ԿԸՀ նախագահ դարձնելու համար այդ պահանջները նվազեցրել են։ Օրենքը, այսպես ասած, համապատասխանեցրել են Վահագն Հովակիմյանին, ում ժամանակին Նիկոլ Փաշինյանը համարում էր չկայացած լրագրող։ Հիմա, պարզվում է, այն մարդը, ով չի կարողացել լրագրող աշխատել, կարողանալու է ԿԸՀ նախագահի պատասխանատու պաշտոնը զբաղեցնել, եւ հանուն նրա անգամ օրենքն են փոխում։

Ըստ հին չափանիշների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող էր ընտրվել յուրաքանչյուր ոք, ով ուներ «Բարձրագույն իրավաբանական կրթություն եւ վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ»։ Վահագն Հովակիմյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի, ապա նաեւ՝ փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում։ Մասնագիտական աշխատանքի ստաժ չունի, քանի որ վերջին 4 տարում եղել է ԱԺ պատգամավոր, իսկ մինչ այդ էլ՝ Երեւանի ավագանու անդամ։ Մյուս պահանջը՝ «Իրավունքի ոլորտում գիտական աստիճան եւ վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ»։

Հովակիմյանը ոչ միայն իրավունքի, այլեւ ոչ մի ոլորտում չունի գիտական աստիճան։ Կասկածելի է նաեւ այն, թե արդյոք ընդհանրապես ունի՞ բարձրագույն կրթություն, քանի որ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում նա սովորել է 1 տարի, այսինքն՝ չի ավարտել, իսկ մյուս ֆակուլտետը՝ «փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության», գոյություն չի ունեցել։

Միակ դիպլոմը, որ Հովակիմյանն ունի, Երեւանի Մովսես Խորենացու անվան մասնավոր համալսարանի տված դիպլոմն է, որտեղ ընդունվել է իրավագիտության ֆակուլտետ՝ հեռակա ուսուցմամբ, ընդ որում՝ այդ ֆակուլտետ է ընդունվել 2018 թվականին։ ԿԸՀ անդամին ներկայացվող մյուս պահանջներն էին․ «Բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5 տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ»։
Ինչպես նշեցինք, Հովակիմյանը վերջին 4 տարում պատգամավոր է եղել, իսկ դրանից առաջ էլ՝ Երեւանի ավագանու անդամ։ Նա մշտապես գործող ընտրական հանձնաժողովում երբեւէ չի աշխատել։ Ընտրական օրենսգրքի 2022 թ․ հուլիսի 22-ին ուժի մեջ մտած փոփոխություններով, այս բոլոր պահանջները վերացվել են, եւ ընդամենը հետեւյալ պահանջն է ներկայացվել ԿԸՀ անդամին․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող եւ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք»։

Փաստորեն ստացվում է, որ այս իշխանությունների օրոք եթե ՔՊ-ականը պաշտոնին չի համապատասխանում, ապա պաշտոնն է նրան համապատասխանեցվում, ինչն էլ արել են, որ Վահագն Հովակիմյանին նշանակեն ԿԸՀ նախագահ, եւ հաջորդ ընտրություններում, առհասարակ, ՔՊ-ն որեւէ խնդիր չունենա։