«Հրապարակ». Արցախում պետք է ապրեն այնպիսի մարդիկ, ովքեր վախկոտ չեն

«Հրապարակ». Արցախում պետք է ապրեն այնպիսի մարդիկ, ովքեր վախկոտ չեն

Ստեփանակերտում՝ Արցախի անկախության օրը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե հետայսու ինչպես է պատկերացնում Արցախի ճակատագիրն ու ապագան։ Թովմասյանը, մինչ բուն հարցին անցնելը, նախ մի փոքր պատմական ակնարկ արեց։

«Արցախահայության պայքարի բարձրակետը հանդիսացավ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օր հռչակումը։ Ես կասեի, որ անցյալ տարի մենք նույնպես նշել ենք՝ Արցախի Հանրապետության 30 ամյակի կապակցությամբ մենք հանդիսավոր նիստ ենք անցկացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովում, որին մասնակցել էին ՀՀ բոլոր խմբակցություններից մեր գործընկերները։ Այսօր նույնպես բոլոր խմբակցություններից պատգամավորներ կան Արցախում՝ եկել են մեզ շնորհավորելու»,- սեպտեմբերի 2-ին մեզ հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի ղեկավարը։

- Հայաստանի առաջին դեմքերից, սակայն, որեւէ մեկը չկա այստեղ, երկու տարի է՝ Արցախ ոտք չեն դնում ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի մակարդակով։ Սա ինչպե՞ս կբացատրեք։

- Այդ հարցերն ուղղեք իրենց։

- Վախենո՞ւմ են գալ այստեղ, թե՞ Ալիեւը նրանց թույլ չի տալիս մտնել Արցախ։

- Ես՝ որպես Ազգային ժողովի նախագահ, հրավիրել եմ ՀՀ Ազգային ժողովի մեր բոլոր գործընկերներին, բոլոր խմբակցություններին հրավիրել եմ, եւ բոլոր խմբակցություններից պատվիրակություն կա Արցախում։

- Իսկ նոր ճանապարհի վերաբերյալ ի՞նչ կասեք, սա որքանո՞վ է անվտանգ լինելու, քանի որ մենք ադրբեջանցիների կառուցած ճանապարհով ենք մտել Արցախ, եւ ամեն պահի, փաստորեն, նրանք կարող են փակել ճանապարհը։

- Դե, որ եկել մտել եք Արցախ, ո՞նց էր ճանապարհը։

- Եթե որակը նկատի ունեք՝ շատ լավն էր։ Բայց դա մեզ չի ոգեւորում։

- Ուրեմն, ի՞նչ անենք, չօգտվե՞նք այդ ճանապարհից, որը կապում է մայր Հայաստանին։

- Պետք է օգտվել, բնականաբար, պետք է նաեւ այլ ճանապարհներ ունենալ, բայց Դուք ռիսկերը գնահատո՞ւմ եք, քանի որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի փակել այդ ճանապարհը, ինչպես, օրինակ, գազն է երբեմն փակում, լույսն է կտրում։

- Ռիսկերը կային 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ Եվ մի առիթով ես ասել եմ՝ սա կանանց եւ երեխաներին չի վերաբերում, որ Արցախում պետք է ապրեն այնպիսի մարդիկ, ովքեր վախկոտ չեն։

- Ովքեր որ հեռացել են, վախկո՞տ են․ պատերազմի ժամանակ շատերն են դուրս եկել Արցախից։

- Ես չգիտեմ։ Աշխարհում ապրում են մոտ 2 միլիոնից ավելի արցախցիներ, այս պահին Արցախում ապրում է 117 հազար արցախցի։