Դաշնակիցներ, թե դրացիներ

Դաշնակիցներ, թե դրացիներ

Վերջին շրջանում շատ է ասվում ՌԴ-ի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների մասին: Ընդ որում, դա ասվում է փոխադարձ կամ փորձագիտական նախատինքների համատեքստում. 

1.    «Վրդովված ենք տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառվող ցինիկ լցոնումներից, որոնք անարգող և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին: Սա դիտարկում ենք նման զրպարտությունների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից որպես ուղղակի սադրանք, որն ուղղված է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խաթարմանը».-ասված է Հայաստանի ԱԳՆ-ին Երևանում ՌԴ դեսպանատան հղած նոտայում ։

2.    «…ինչպիսի հուսահատ վիճակում է գտնվում Պուտինը, որ ստիպված է եղել դավաճանել եւ՛ հայ դաշնակիցներին, եւ՛ Սիրիայում իր գործակից Ասադին…» (Անդրեյ Պիոնտկովսկի)

3.    2020 թվականին, Արցախի Հանրապետության դեմ ուղղված ադրբեջանա-թուրքական զորքերի հատուկ ռազմական գործողության ընթացքում և դրանից հետո ընկած ժամանակահատվածում, հայկական կողմից, ինչպես պաշտոնական, այնպես էլ քաղաքական ուժերի, իրական քաղաքացիական հասարակության արձագանքները կարելի է ամփոփ ներկայացնել մեկ հարցադրմամբ.  «Ինչպե՞ս կարող էր դաշնակից Ռուսաստանը միայնակ թողնել Հայաստանին թուրք-ադրբեջանական տանդեմին դեմ-դիմաց»:

Առաջին կետի առնչությամբ, հարկ է նկատել, որ «Սուրմալուի» առնչությամբ, գուցե, այդ վարկածը կարող է առաջ քաշվել ամենավերջինը կամ՝ ընդհանրապես չդիտարկվել նման վարկած, քանի որ շարժառիթն անհասկանալի է:

«Հուսահատ Պուտինի» առումով, դառնությամբ պետք է հիշել, որ հայերի համար ճակատագրական պահերին, չգիտես թե ինչու, Ռուսաստանը միշտ հայտնված է եղել հուսահատ վիճակում: Դա եղել է 200 տարի առաջ, 100 տարի առաջ, երբ հուսահատ Լենին-Ստալինը պատմական Նախիջևանը և Արցախը նվիրեցին թուրքերին: Բայց, մեկ անոմալիա նկատվել է: Ելցինի ժամանակ, կարծես, նույնպես հուսահատ վիճակ է եղել, երբ Ռուսաստանը ձեռք քաշեց Իրաքից, բայց դեմ չեղավ, որպեսզի ազատագրվի Արցախը: Անուրանալի է այդ հարցում Ռուսաստանի աջակցությունը:
Երրորդ հարցադրումը հռետորական է, բայց արժե անդրադառնալ դաշնակից բառի ստուգաբանությանը:

Արտահայտություններ․ դաշնակից պետություններ, օրինակ, ա) առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հակագերմանական կոալիցիայի տերությունները, բ) երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ կռվելու համար միավորված տերությունները (ԽՍՀՄ, Անգլիա, ԱՄՆ):
Այսպիսով, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առնչությամբ առաջանում է հարց. Ի՞նչ երևույթի կամ որ երկրների դեմ է ուղղված հայ-ռուսական դաշնակցությունը: 

Հարցադրման առաջին մասի առումով ևս առաջանում է հարց. Եթե խոսք գնա, օրինակ, նացիզմի, ֆաշիզմի մասին, ապա, ինչու՞ հայկական զորքերը ներգրավված չեն Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության մեջ եւ ինչու՞ դաշնակից ռուսական զորքերը ներգրավված չեն եղել ադրբեջանա-թուրքական դաշնակից զորքերի դեմ մղված անհավասար պատերազմում: 2020 թվականի պատերազմում բացայատվեց իրական դաշնակցային հարաբերությունների էությունը. Ադրբեջանը և Թուրքիան դաշնակիցներ են:
Ռուսաստանը կարող էր և չմասնակցել այդ պատերազմին, բայց հնարավորություն ուներ սաստել Թուրքիային:

Բազմիցս նշել եմ, որ ես ռուսաստանցիներից ռուսամետ եմ: Խնդրահարույց է ու ոչ պատվաբեր Ռուսաստանի համար, երբ ասվում է, թե Հայաստանը դաշնակից է: Ինչպես կարող է ծնկի եկած, նվաստացած, աղքատ, այդուհանդերձ, դեռևս պետության կարգավիճակ ունեցող մի տարածք լինել աշխարհի հզոր երկրներից մեկի դաշնակիցը: Լավագույն դեպքում՝ մերթընդմերթ հովանավորյալը, պրոտեկտորատը: Մյուս կողմից էլ, կարծիքներ էեն հնչել, թե Հայաստանը կարող էր Ռուսաստանի իսրայելը դառնալ: Սա արդեն ֆանտաստիկա է առնվազն երկու պատճառով. մեծապետական ռուսական շովինիզմը, ինչի մասին գրել էր պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինը, թույլ չէր տա դա անել: Երկրորդ՝ հայերի հոգեկերտվածքը, նրանց հավատը, թե արտաքին աշխարհը կօգնի, իսկ իրենք այդ ընթացքում կաշխատեցնեն տոնավաճառներ, մոլեր, կազինոներ, նույնպես չէին կարող նպաստել երկրի իրապես զարգացմանը, հզորացմանը: Գուցե, վերջին պատճառի բացակայության դեպքում, առաջինն էլ դադարեր խոչընդոտ հանդիսանալ:

Առածս ինչ կցուցանե: Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի Իրանի հետ, որոշ չափով՝ Վրաստանի, բայց չի ասվում դաշնակցային հարաբերությունների մասին: Այդ բառեզրն իմաստազուրկ անելուց զերծ մնալու համար, նպատակահարմար է թվում այսուհետ օգտագործել «հայ-ռուսական բարիդրացիական հարաբերություններ» արտահայտությունը:

Հ.Գ. Տեսանք, որ երբ Թուրքիան ցանկանա, կարող է հանգիստ ներխուժել Հայաստան: Դրան չեն խանգարի որևէ դաշնակցային հարաբերություններ: Բայց, ներկայում դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ առաջանցիկ տեմպերով բավարարվում են «մեկ ժողովուրդ երկու պետության» ցանկությունները:

Գագիկ Վարդանյան