Տիգրան Հովհաննիսյանը կալանավորվել է

Տիգրան Հովհաննիսյանը կալանավորվել է

Թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների փաստացի սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը հատուկ հանցավոր սխեմայով պետությունից հափշտակել է ավելի քան 406 մլն դրամ։ Նա կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Պարզվել է, որ Հովհաննիսյանը, լինելով պետական գրանցում ստացած, թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների սեփականատեր, 2020-2023թթ․ խաբեության եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 406.596.400 ՀՀ դրամ:

Հանցավոր սխեմայի համաձայն` ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռվել իրենց ֆինանսական միջոցներով արտերկրից տրանսպորտային միջոցների ձեռքբերումն իրականացնել հիշյալ ընկերությունների անվամբ, որի արդյունքում շահեկան վիճակ է ստեղծվել թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ ընկերության համար. ֆիզիկական անձը տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար անհամեմատ քիչ հարկեր է վճարել պետությանը, իսկ ընկերությունը փաստացի կարողացել է հետ ստանալ տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար ֆիզիկական անձանց վճարած ԱԱՀ-ի դեբետագրված գումարները (որոնք ֆիզիկական անձանց կողմից կատարված լինելու պայմաններում վերադարձման ենթակա չեն):

Այս համաձայնության շրջանակում ֆիզիկական անձանց կողմից տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել են ընդհանուր շուրջ 7452 տրանսպորտային միջոց։ «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ–ների անվամբ ներկրած և փաստացի ֆիզիկական անձանց պատկանող 3433 տրանսպորտային միջոցներն արտահանվել են ԵԱՏՄ երկրներ:

Հիշյալ գործողությունների արդյունքում «Ավտոներկրողներ» ՍՊԸ–ի կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված շահութահարկի հաշվետվություններում արհեստականորեն առաջացել է 5.699.228.401 դրամի չափով հարկային վնաս, իսկ «Ավտոներկրողներ» ու «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ–ների ձևական արտահանումից հարկային հաշվեկշռում 2020-2023թթ․ ընթացքում ձևավորվել են վերադարձման ենթակա՝ 3.868.108.776 դրամի չափով ԱԱՀ-ի դեբետային գումարներ:

Այնուհետև «Ավտոներկրողներ» ՍՊԸ–ի անվամբ 02.04.2021-16.11.2022թ. ընթացքում ՊԵԿ են ներկայացվել դեբետագրված ԱԱՀ-ի գումարները վերադարձնելու 12 դիմում, որոնց հիմքով այդ ընթացքում «Ավտոներկրողներ» ՍՊԸ–ի բանկային հաշվին փոխանցվել է 406.596.400 ՀՀ դրամ։ Այդկերպ խարդախությամբ հափշտակվել է պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափով նշված գումարը։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023թ․ մարտի 9-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հիշյալ ընկերությունների փաստացի սեփականատիրոջ և գործունեությունը ղեկավարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը դատախազի կողմից բավարարվել է, և անձին ներկայացվել է մեղադրանք:
Նույն օրը որոշվել է ձերբակալել հիշյալ անձին, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է: